Սեպտեմբերի 5-ին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի ունեցավ հատուկ հանդիպում և վարպետաց դաս պատանի մարզիկների համար։
Միջոցառման գլխավոր հերոսները հայկական թենիսի երկու կարևոր անուններն էին՝ թենիսի միջազգային մրցաշարերում Հայաստանը ներկայացնող և Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Էլինա Ավանեսյանը, ինչպես նաև Հայաստանի հետ իր մարզական նոր ճանապարհը սկսած Ալինա Չարաևան։
Կարդացեք նաև
«Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից Էլինա Ավանեսյանը երկու տարի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հետո առաջին անգամ միացավ Հայաստանի կանանց ազգային հավաքականին և այս տարի մասնակցեց «Բիլի Ջին Քինգ» գավաթի խաղարկությանը: Նրա մասնակցությամբ Հայաստանի կանանց ազգային հավաքականը պատմական արդյունք գրանցեց «Բիլի Ջին Քինգ» գավաթի խաղարկությունում՝ 16 տարվա ընդմիջումից հետո նվաճելով ուղեգիր դեպի II խումբ։
Այս տարի հուլիսին «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Ալինա Չարաևան ստացավ ՀՀ քաղաքացիություն և միջազգային մրցաշարերում արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և թենիսիստուհիների այս տարվա այցի գլխավոր գործընկեր «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Աղավնի Դիլանյանը՝ կարևորելով սպորտի դերը նոր սերնդի դաստիարակության, առողջ ապրելակերպի խթանման և Հայաստանում թենիսի նկատմամբ հետաքրքրության բարձրացման գործում։
Վարպետաց դասին մասնակցեցին մոտ 200 երեխաներ և պատանիներ Երևանից և մարզերից: Միջոցառմանը միացել էին նաև «Ձեռքդ Տուր» հասարակական կազմակերպության մասնակիցները՝ թենիսի սիրահար տարեցները, ովքեր նույնպես մասնակցեցին վարպետաց դասին:
Վարպետաց դասի մասնակիցները ջերմությամբ դիմավորեցին Էլինային և Ալինային ու մեծ ոգևորությամբ մասնակցեցին նրանց հետ անցկացվող մարզական հատվածներին։
Հանդիպման ընթացքում երեխաները և թենիսի սիրահարները հնարավորություն ունեցան խաղալու թենիսիստուհիների հետ, մասնակցելու մրցույթ-խաղերի, ստանալու նվերներ, ինչպես նաև հարցեր ուղղելու Էլինային և Ալինային։ Թենիսիստուհիները սիրով կիսվեցին իրենց մարզական փորձով, պատմեցին միջազգային կորտերում անցած ճանապարհի, մարտահրավերների և հաղթանակների մասին։
Միջոցառման ավարտին երեխաները լուսանկարվեցին Էլինայի և Ալինայի հետ, ստացան ինքնագրեր և թեմատիկ փոքրիկ նվերներ։
Էլինա Ավանեսյանը, որը «Կերոն» հիմնադրամի աջակցությամբ 2024 թվականին ձեռք բերեց ՀՀ քաղաքացիություն և այժմ միջազգային մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը, իր խոսքում նշեց.
«Ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ Հայաստան և կիսվել իմ փորձով։ Հուսով եմ՝ այս հանդիպումները կօգնեն երեխաներին ավելի մոտիվացված լինել և հասնել իրենց մեծ նպատակներին»։
Ալինա Չարաևան, որն այս տարվա հուլիսին ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն և արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, նշեց.
«Ինձ համար մեծ պատիվ է միջազգային կորտ դուրս գալ Հայաստանի դրոշի ներքո։ Անհամբեր սպասում եմ այս նոր ճանապարհին և այն ամենին, ինչ այն կբերի ինձ»։
Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ հատուկ ցուցադրական խաղ Էլինա Ավանեսյանի և Ալինա Չարաևայի մասնակցությամբ։ Առաջին անգամ Հայաստանում մեկ կորտում հանդիպեցին միջազգային բարձր վարկանիշ ունեցող երկու թենիսիստուհիներ։ Ցուցադրական խաղը բացառիկ հնարավորություն էր մարզասերների համար մոտիկից հետևելու պրոֆեսիոնալ թենիսի խաղին, զգալու մեծ սպորտի էներգիան և ականատես լինելու հայկական թենիսի համար խորհրդանշական իրադարձության։
Սպորտը «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկն է։ Այս նախաձեռնությամբ հիմնադրամը նպատակ ունի ոչ միայն ոգեշնչել երիտասարդ մարզիկներին, այլև նպաստել Հայաստանում թենիսի հանրայնացմանը, պատանի սերնդի ներգրավվածությանը և երկրի սպորտային կյանքի զարգացմանը։
Մամլո հաղորդագրություն





















































