Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Մենք սկսում ենք Բյուրականի աստղադիտարանի վերածննդի, արդիականացման ծրագիրը»

Մարտ 22,2013 15:46

Ասում է Արթուր Բաղդասարյանը

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին: Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երեւույթների հետազոտմանը, որի համար տեղադրված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից  խոշորագույն եւ համեմատաբար նորը հանդիսանում է 1976թ. տեղադրված 2,6 մետրանոց  դիտակը, իսկ հանրաճանաչներից՝ 1944թ. ստեղծված 1,0 մետրանոց Շմիդտի դիտակը, որը հայտնի է որպես Հիտլերի նվերը Մուսոլինիին։

Բյուրականի աստղադիտարանն ընդգրկված է ՀՀ ԳԱԱ կազմում եւ ունի ՊՈԱԿ-ի կարգավիճակ, որը 2003 թվականից ղեկավարում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը:

Երբեմնի մեծ համբավ ունեցող աստղադիտարանն այսօր բավականին մեծ դժվարությունների առաջ է կանգնած: Նախ աստղադիտարանը կարիք ունի ժամանակակից սարքավորումներով վերազինման, արդիականացման:

Աստղադիտարանում լուծման կարիք ունեն նաեւ հետեւյալ առաջնային խնդիրները՝ էլեկտրասնուցման համակարգի նորացումը եւ հզորացումը, հեռահաղորդակցության գերարագ կապի ստեղծումը, աստղադիտարանի շքամուտքի վերանորոգումը եւ գործարկումը, աշխատասենյակների, հյուրանոցային համալիրի եւ ճաշարանի վերանորոգումը, տեսահսկողության անվտանգության համակարգի տեղադրումը եւ այլն:

Աստղադիտարանի արդիականացման եւ զարգացման խնդիրները հայտնվել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի ուշադրության տիրույթում, եւ իրականացվող աշխատանքներին եւ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ այցելեց Բյուրական:

Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում 2012թ.-ից «Ռոսկոսմոսի» կողմից իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրի աշխատանքները ընթացել են 3 տարի: Ծրագրի իրականացման գործում ակտիվ դեր է կատարում «Ռուսհամագործակցություն» հայաստանյան ներկայացուցչությունը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձեւափոխված առաջատար երկու դիտակները, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույնները աշխարհում: Դրանց կավելացվեն նաեւ «Պրոեկտ-Տեխնիկա»-ի կողմից պատրաստված եւ ս/թ մայիս-հունիս ամիսներին ներկրվող 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակները՝ իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:

Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թվականի վերջին, որի ընթացքում ֆինանսական ներդրումների ծավալը կգերազանցի 5 մլն եվրոն: Դրա արդյունքում Բյուրականի աստղադիտարանը կգործի իր ողջ ծավալով եւ կարեւոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի եւ գիսաստղերի ու երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում:

Խոսելով ծրագրից՝ Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Մենք սկսում ենք Բյուրականի աստղադիտարանի վերածննդի, արդիականացման ծրագիրը, եւ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կոլեկտիվի անդամներին այս տարիների ընթացքում ազգային այս արժեքը պահելու, պահպանելու համար: Բյուրականն, իսկապես, ազգային արժեք է, եւ մենք պետք է կարողանանք տիեզերագիտության մեր լավագույն ավանդույթները վերականգնել: Մենք խորացնելու ենք աջակցությունը Բյուրականին ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ հնարավորինը անելու ենք՝ աջակցելու միջազգային համագործակցությունը զարգացնելու համար, իսկ հայ-ռուսական արդեն իսկ առկա ծրագրերը առաջ ենք մղելու, որպեսզի ունենանք իրոք վերածնված Բյուրական: Արդիականացման արդյունքները նոր, գայթակղիչ եւ նշանակալից կարգավիճակ կհաղորդեն Բյուրականի աստղադիտարանի զարգացման, նոր հայտնագործությունների իրականացման, Հայաստանի գիտական վարկանիշի բարձրացման, երկրում տիեզերագիտության խթանման, համապատասխան միջազգային կազմակերպություններում ու նախագծերում ընդգրկվելու հնարավորությունների մեծացման, տարածաշրջանային գիտահետազոտական հենակետ դառնալու, զբոսաշրջության եւ գիտասիրողական  էքսկուրսիաների զարգացման,  երիտասարդ կադրերի եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար»:

Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Արթուր Բաղդասարյանին եւ նշեց. «Ձեր ուշադրության եւ ցուցաբերած աջակցության շնորհիվ մեկնարկել է Բյուրականի աստղադիտարանի արդիականացման ծրագիրը, եւ այսօր մեզ համար նշանակալի օր է, քանի որ սկսում ենք մեր աշխատանքները: Աստղադիտարանը, որպես ինստիտուտ, այսօր աշխատում է, հետազոտություններ են կատարվում, բայց դիտողականության հնարավորությունները արդիականացման աշխատանքների շնորհիվ կաճեն, եւ աստղադիտարանը նորից կհայտնվի աշխարհի լավագույն դիտարանների շարքում՝ որպես դիտողական կենտրոն»:

Աստղադիտարանի անձնակազմը այսօր բաղկացած է շուրջ 40 գիտաշխատողից (ԽՍՀՄ տարիներին այն կազմում էր ավելի քան 300 աշխատակից): Աստղադիտարանին պետական բյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 85 մլն դրամ ֆինանսավորում:

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031