Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Անանյանը` ի պատասխան իրանահայ գրողի. «Գրամոլական հեգնանքին, թույն ու թարախին չեմ պատասխանի»

Հուլիս 26,2013 13:01

 Վաղը կբացվի Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) 16-րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում երկու հարց կա՝ ՀԳՄ նոր կանոնադրության հաստատում եւ նախագահի և վարչության կազմի ընտրություններ։

Aravot.am-ին ուղարկած նամակում իրանահայ գրող, գրականագետ, թարգմանիչ եւ բանաստեղծ Ազատ Մաթյանը տարակուսանք էր հայտնել, որ ինքը առանձնապես առնչություն չի ունեցել Հայաստանի գրողների միության հետ եւ այժմ միտում է տեսնում, որ իրեն ՀԳՄ համագումարի կազմակերպական հանձնաժողովի անունից նամակ է ուղարկվել, որտեղ նշված է եղել. « Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայիք անձամբ ներկա լինել համագումարին, բայց եթե դա հնարավոր չէ, օրենքը թույլ է տալիս հեռակա մասնակցություն։ Դրա համար անհրաժեշտ է պատասխանել «Ո՞ւմ եմ տալիս ձայնս» հարցին.

Ձայնս տալիս եմ ՀԳՄ գործող նախագահին կամ` 2. Ձայնս տալիս եմ ՀԳՄ նախագահի այն թեկնածուին, ով համագումարի ընթացքում կստանա առավելագույն քվե։ Այս երկու առաջարկներից ընտրելով մեկը, նշելով ձեր նախընտրած թեկնածուին և հաստատելով Ձեր ստորագրությամբ, ուղարկում եք ՀԳՄ էլ.փոստին` [email protected]»:

Aravot.am-ի հետ զրույցում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ Ազատ Մաթյանին թյուրիմացաբար է այդ նամակը գնացել, ինքը քանիցս հյուրընկալվել է այդ մարդու տանը, իրենք շփվել են, սակայն այժմ նա մի քիչ չարացած է՝ հոնորարային անհամաձայնությունից ելնելով:

Նա իրեն հեգնող Մաթյանին այսպես պատասխանեց. «Այլևս երբեք չհամարձակվեք շահարկել Լևոն Անանյանի անունը՝ ցմահ, թե ցկյանս աթոռ, հայոց անմահների ցանկ և այլ անհամ կատակներով։ Մի՛ ստիպեք ինձ նույնպես դիմել երգիծանքի ժանրին։ Հուլիսի 27-ին տեղի կունենա համագումարը, և Ձեր ու Ձեր տեսակի բոլոր կանխագուշակությունները ցրիվ կգան։ Իսկ մնացած բնորոշումներին, անիմաստ ու գրամոլական հեգնանքին, թույն ու թարախին չեմ պատասխանի, քանի որ մտավորականի համար մի մակարդակ կա, որից իջնելը հավասարազոր է սեփական թույնի մեջ տապակվելուն… Բարեբախտաբար այդ թույնը ես չեմ ժառանգել ո՛չ իմ ծնողներից, ո՛չ էլ իմ ազգից»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031