Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Կարող է վաղն արթնանանք, պարզվի՝ Սերժն էլ է հրաժարական տվել»

Ապրիլ 03,2014 23:44
Vahagn Khachatryan

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Aravot.am-ի հարցին՝ սպասելի՞ էր իր համար Տիգրան Սարգսյանի հրաժարականը, պատասխանեց. «Ամեն վայրկյան էլ սպասելի է՝ իր հրաժարականն էլ, Սերժ Սարգսյանինն էլ… Երկրում ստեղծված այս պայմաններում, այս իրավիճակում, երբ իշխանություն չկա Հայաստանում՝ ամեն ինչ սպասելի է: Ու այդ վիճակն արդեն առաջին օրը չի, առաջին տարին չի: Ընդհանրապես իշխանություն չկա: Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարներով, վարչապետով, Սերժ Սարգսյանով, նրանք վաղուց արդեն չեն ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց ընտրվելուց, ավելի ճիշտ՝ չընտրվելուց սկսած: Այնպես որ այս հրաժարականը անակնկալ չէր կարող լինել, ցանկացած պահի պետք է սպասել, որ շատ հնարավոր է վաղն արթնանանք, պարզվի Սերժն է հրաժարական տվել, մյուս օրն արթնանանք՝ Հանրապետականն ամբողջովին»:

Մեր դիտարկմանը՝ բայց չէ՞ որ հայտնի է, որ իշխանությունը «կառչած է աթոռից», Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչինչ, ոչինչ… բոլորն էլ կառչած են, բայց չեն զգում, թե երբ են կորցնում այդ իշխանությունը: Յանուկովիչն էլ էր կառչած՝ տեսաք, թե ի՞նչ եղավ… Իշխանության համար ամենամեծ վտանգը կայանում է նրանում, որ կտրվում են իրականությունից, կորցնում են իրականության զգացողությունը: Իսկ իրենք հաստատ իրականությունից կտրված են, երբ իրենց բացատրում ես, որ մարդիկ վատ են ապրում՝ չեն պատկերացնում: Երբ իրենց  ներկայացնում են, որ գազի գնի մասին մարդիկ չեն խոսում, դա էդպես չի: Իրենք տեղյակ չեն՝ ի՞նչ է կատարվում: Բոլորս էլ՝ դուք էլ, ես էլ, բոլորն էլ ամենօրյա խոսակցությունների մեջ օրվա մեջ գոնե մեկ անգամ անդրադառնում ենք գազի գնին կամ հոսանքի: Անդրադառնում ենք կենսաթոշակին, կյանքի մակարդակի նվազմանը, մեր ընկերներ-բարեկամներին, որոնք դրսում են գտնվում… Այդ խնդիրները այսօրվա իշխանությունները չեն կարող լուծել, ի վիճակի չեն: Այդ ամեն ինչի մեջ ավելի ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանն էլ  հրաժարական տար, եւ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենար իսկապես կյանքում փոփոխություններ տեսնել: Կսպասենք դրան»:

Մեր հաջորդ հարցին՝ ընդդիմությունը պատրաստվում էր կառավարության հրաժարականը պահանջել, կառավարությունն ինքը հրաժարական տվեց, հիմա ի՞նչ է լինելու հաջորդ քայլը, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Իրենք ընդդիմությունից առաջ ընկան, որովհետեւ իրենք էլ հասկացան, որ… նորից եմ կրկնում՝ բոլորն էլ շատ լավ գիտեն, իշխանության ներկայացուցիչներն իրենք էլ մեզնից շատ լավ գիտեն երկրի ծանրագույն վիճակը, որ մենք խորը քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի մեջ ենք գտնվում: Եվ այդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իշխանափոխությունն է՝ այս ամբողջ իշխանական համակարգի փոփոխությունը: Երբ իշխանությունը չի ծառայում ժողովրդին, երբ ժողովուրդը դարձել է ստրուկ՝ այս իշխանության ձեռքին, այդ իշխանությունը չի կարող երկար գոյատեւել եւ որպես այդպիսին մնալ: Հիմա մենք կմտածենք ի՞նչ անել, խնդիր չկա…»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930