«Արամայիս Գրիգորյան, ապացուցիր, որ դու Արամ Հարությունյանից վատը չես»

«Արամայիս Գրիգորյան, ապացուցիր, որ դու Արամ Հարությունյանից վատը չես»

«Բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են»,-այսօր «Հենարան» ակումբում նման հայտարարություն արեց բնապահպանության ոլորտի իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նա նման կարծիքի է հանգել նոր նախարարի` Արամայիս Գրիգորյանի վերջերս «Թուխմանուկի» հանքավայրի 3-րդ պոչամբարի  նախագծին դրական եզրակացություն տալու համար:

«Նոր նախարարը «Թուխմանուկի» նախագծով հաստատել է մի դրական եզրակացություն, որը չի հաստատել անգամ նախկին նախարար Արամ Հարությունյանը: Բնապահպանության նախարարները գնալով ավելի որակազրկվում են. Վարդան Այվազյան`թվում էր ավելի վատ չի կարա լինի, բայց, Արամ Հարությունյան, թվում էր իրենից ավելի վատ էլ չի կարող լինել, բայց Արամայիս Գրիգորյան, որը ամբողջ կադրային փոփոխություններով, փուչիկով հաստատել է մի նախագիծ, որը այն աստիճանի զավեշտալի է, քանի որ Արամ Հարությունյանը տվել է բացասական եզրակացություն»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

ecologner

Իրավաբանի խոսքերով` 2013 թվականին «Թուխմանուկի» նախագիծը մերժել էին ու դրա պայմաններից մեկը հետեւյալն էր` «Դուք ներկայացրել եք պոչամբարի նախագիծ, բայց ամբողջ հանքավայրի գումարային ազդեցությունը համայնքի կամ հարակից համայնքների վրա հնարավոր չէ պարզել: Դրա համար բերեք ոչ միայն պոչամբարի, այլեւ ամբողջական հանքավայրի նախագիծը: Հիմա նոր նախագիծ են բերել, իբր ուրիշ տեղում է պոչամբարը` գյուղից 800 մետր արեւելք: Անունը դրել են, իբր համ պոչամբարի, համ հանքավայրի նախագիծը միասին են ներկայացրել: Բայց էդ պոչամբարը, որի համար դրական եզրակացություն է տրվել, գտնվում է գյուղի մի ծայրում, որը տրված է ընդհանուր նախագծից, եւ նոր նախագիծ են ներկայացնում` հանքավայրի ընդլայնված շահագործման, որի պոչամբարը Մելիք գյուղի չափերից հինգ անգամ մեծ է, Հալավարի ջրամբարի հարակից տարածքներում:  Մելիք գյուղից հարավ-արեւմտյան հատվածում, Ռյա-Թազան, Մելիքգյուղ եւ Միրաք համայնքներում, ընդ որում  Մելիքգյուղի մշակովի, վարելահողերն ամբողջությամբ մնում են պոչամբարի տակ»:

Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ` 3 օր առաջ դիմում է գրել բնապահապանության նախարարին` պահանջելով անվավեր ճանաչել պոչամբարի` իր հաստատած դրական եզրակացությունը. «Ինքն ունի անկրկնելի հնարավորություն սխալը շտկելու. շատերն էդպես են ասում` նախարարը նոր մարդ է, չի հասկացել, ներկայացրել են իրեն մի նախագիծ, իսկ  ինքը դեռեւս հմտություն չունենալով այս ոլորտում ստորագրել է` առանց հասկանալու: Սա, իհարկե, ժպիտ է առաջացնում, բայց սա նախարարի «շանսն է» ապացուցելու, որ էդ կադրային փոփոխությունները, մեծ-մեծ խոսելը փուչիկ չէ, եւ ինքն ավելի վատը չէ, քան Արամ Հարությունյանը, այլ` իրականում սխալ է թույլ տվել»:

Նշենք, որ «Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործողը «Մեգո գոլդ» ընկերությունն է:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, բնապահպան Գրետա Գաբրիելյանն էլ ասաց, որ դեռեւս  2012 թվականին Մելիքգյուղ են այցելել, գյուղացիները ցավով պատմել են, որ ֆաբրիկայից դաշտերն են չորանում, մարդկանց առողջական վիճակը շատ վատ է, ինչ-որ սպիտակ արտահոսքեր են լինում ու խառնվում են դաշտերին: Գրետա Գաբրիելյանի խոսքերով` «Բազմաթիվ նամակներ ենք ուղղել, մի նամակ էլ ՀՀ նախագահին, այս հարցը շատ հնչեղություն է ստացել, այսինքն՝ բնապահպանության նախարարը պիտի ուշադիր լիներ 3-րդ պոչամբարի նախագիծը հաստատելիս»: Բնապահպանների նամակները անպատասխան են մնացել, նոր նախարարին էլ, ինչպես ասաց տիկին Գաբրիելյանը, ապրիլից սկսած նամակներ են գրել, եւ կրկին պատասխան չեն ստացել, բայց օգոստոսի 23-ին հայտնի է դարձել, որ հունիսի 30-ին Արամայիս Գրիգորյանը  հաստատել է նախագիծը:

«Մենք կոչ ենք անում «Կոնվերս բանկին» ուշադիր լինի, թե ինչ նախագիծ է ֆինանսավորում. Ապարանի, Հալավարի ջրամբար հոսող ջրերը աղտոտում են ծանր մետաղներով, թունավոր տարրերով, դրանք լցվելու են Արարատյան դաշտավայր, ապա գյուղմթերքն է թունավորվելու, եւ մեր բրենդային պտուղ-բանջարեղենն ընդմիշտ կզրկվեն միջազգային շուկայից: Իսկ, ծանր մետաղները չեն անհետանում, կուտակվում՝ մնում են, ու առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք