Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շուտով կունենանք Քաղաքացիական անհնազանդության օր

Նոյեմբեր 05,2014 15:04

«Շատ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ի վերջո հանգեցնում են հեղափոխության»,-այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Քաղաքացիական անհնազանդության իրավունք» թեմայով քննարկմանն այսպիսի միտք հնչեց:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը «Քաղաքացիական անհնազանդության իրավունքի իրավական կարգավորման միջազգային փորձը» խորագրով զեկույցում ներկայացրեց, թե երբ է առաջին անգամ օգտագործվել քաղաքացիական հասարակություն տերմինը և այն ինչի կարող է հանգեցնել ու ինչից պետք է տարբերել քաղաքացիական անհնազանդությունը:

Խոսելով քաղաքացիական անհնազանդության իրավունքի՝ որպես առանձին իրավունքի գոյության մասին՝ Անահիտ Չիլինգարյանը նշեց. «Իրականում քաղաքացիական անհնազանդության իրավունքը գոյություն ունի ոչ լիբերալ հասարակություններում, քանի որ լիբերալ հասարակություններում քաղաքական մեխանիզմների և իրավունքների միջոցով անձը կարող է ազդել որոշումների կայացման գործընթացների վրա»:

Artur Saqunc

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը տեղեկացրեց, որ օմբուդսմենի գրասենյակը 2013-ին բազմաթիվ ահազանգներ է ստացել հավաքների ազատության վերաբերյալ և մոտ 1082 խորհրդատվություն է տրվել հավաքներ իրականացնողներին: Նա նշեց. «Օմբուդսմենի աշխատակազմը հավաքների ժամանակ թեժ գծի միջոցով փորձում է կանխել ու արձանագրել այն խախտումները, որոնք կան: Նա նպատակն այն է, որ խաղաղ բնույթի հավաքների ընթացքում ոստիկանությունն ընկալվի որպես աջակցող մարմին, այլ ոչ թե ցուցարարներին ցրող մարմին»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ կարծիք հայտնեց, թե «Խորապես համոզված եմ, որ մենք մեկ-երկու անգամ չենք առիթ ունենալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների և երևույթի հետ առնչվելու: Հունվարի 1-ից սկսած խնդիրն առավել արդիական է դառնալու, երբ նոր քաղաքակրթական միջավայր կընդգրկվենք, որը քաղաքացիական անհնազանդության նկատմամբ ավելի լավ վերաբերմունք ցույց չի տալիս, քան եվրոպական երկրները»:

Քննարկմանը ցուցադրվեց նաև լրագրող Գայանե Առուստամյանի հեղինակած «Շանթ» տեղեկատվական-փաստագրական տեսահաշվետվությունը: Մինչ ֆիլմի դիտումը նա ասաց. «Ֆիլմում օգտագործված կադրերը նայելով՝ ես վերհիշում էի ոչ թե անհնազանդության գործընթացը, այլ իշխանությունների և ոստիկանության կողմից կազմակերպված այն որոգայթը, որը շատ ավելի լավ էր կազմակերպված, քան անհնազանդության ակցիան: Մի դեմք եմ ֆիքսել. նա քննիչ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանությունում: 2012-ի նախընտրական պրոցեսում, երբ իմ խումբը իջավ Մալաթիա-Սեբաստիա Նիկոլ Փաշինյանին զորակցելու և հրոսակախմբի որոգայթում հայտնվեցինք, այնտեղ էր հենց նույն այդ դեմքը: Ու երբ կադրերում տեսնում ենք, որ Շանթը խոսում է բարձրախոսով, ես նրա դեմքը տեսա Շանթի թիկունքում կանգնած: Այն տպավորությունն էր, որ Շանթի ակցիան մի երկրորդ օղակով շրջափակված էր: Այդ դեմքերը երևում են, որոնք նպաստեցին, որ Շանթը հայտնվի այն իրավիճակում, որտեղ հայտնվեց: Բոլոր կադրերից հիանալի երևում է, թե ինչպես են Շանթին սադրում: Ամբողջ այդ պրոցեսը սադրանքով է ուղեկցվում»:

Ֆիլմի դիտումից հետո Արթուր Սաքունցն առաջարկեց ՀՀ-ում ունենալ քաղաքացիական անհնազանդության օր: Գայանե Առուստամյանն էլ նշեց, թե այդ օրը կարող է լինել Նոյեմբերի 5-ը, քանի որ մեկ տարի առաջ այս օրը Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները կազմակերպեցին հայտնի դիմակներով ակցիան, որը քաղաքացիական անհնազանդության լավագույն օրինակ է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930