Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անտեսված եմ, ինձ ոչ ոք չի հիշում». Թալիշում վիրավորված զինվորը սպառնում է հայհոյել. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 02,2017 18:33

«Արդեն 11 ամիս է՝ պառկած եմ հիվանդանոցում, անտեսված եմ պետության կողմից: Շատ բան են խոսք տվել, իրենց խոսքի տերը չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ սենց մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր, ինչքա՞ն է շարունակվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախարարին այսպիսի հարցադրումներ արեց ապրիլյան պատերազմին Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որն արտերկրում բուժման կարիք ունի ու իր խոսքերով՝ դա որեւէ մեկին չի մտահոգում: Ռոլանդն արդեն 12 վիրահատություն է տարել, վնասված է ողնաշարը, հույս ունի, արտերկրում վերականգնողական կուրսերից հետո գոնե ոտքը կկարողանա գետնին դնել:

Մեր հարցին՝ ինչո՞ւ ես զգում, որ անտարբերություն կա քո նկատմամբ՝ նա պատասխանեց. «Չեն հետաքրքրվում, չեն գալիս հարցնում՝ ոնց ենք, ոնց չենք: Արդեն 11 ամիս է՝ գամված են անկողնուն, պետության կողմից անտեսված եմ, ոչ մի աջակցություն չունեմ: Ապրիլին վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, Սեյրան Օհանյանը եկավ, ասեց, որ ոչ մի  բանի կարիք չենք ունենա, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ մի բանով էլ պետությունը մեզ չի օգնում: Մեր թազա վարչապետ է, նախագահ է, ինչ է՝ չեն եկել ստեղ: Վիգեն Սարգսյանը չի այցելել թե՛ ինձ, թե՛ Զարգարյան Ավետիսին»:

Մայրը՝ Հռիփսիմե Սահակյանը վիրավորված էր՝ «Սեպտեմբերի 21 եղավ ու Անկախության այդ օրը նաեւ Ռոլանդի ծնունդն էր՝ ոչ մի բան ՊՆ-ից չարեցին, չհիշեցին իրենց զինվորին, Բանակի օրն էլ ոչ մի բան ու որդիս առաջին կարգի հաշմանդամ է դարձել»:

Հոր՝ Քաջիկի խոսքերով՝ 90 հազար դրամ թոշակ է ստանում. «90 հազարով ես այս երեխային ո՞նց պահեմ` Էդ ի՞նչ գումար է, որ տալիս են, մենք ծնող ենք, ամբողջ ամառ այստեղ ենք եղել՝ հիվանդանոցում ու չենք կարողանում աշխատել: Էսօր ուրիշից եմ պարտք անում, որովհետեւ գումար է պետք հոսպիտալում, շաբաթը 80-100 հազար դրամ եմ ծախսում՝ ծնունդ է, պամպերս է, էլ մենք ի վիճակի չենք…Վիրավորված եմ: Սեպտեմբերի 21-ին թող մի հատ քաղցր վերցնեին, ասեին՝ Անկախության տոնն է, երեխուն շնորհավորենք, մի հատ էլ մենք դուխ տանք: Եկավ բանակի օրը…Ոչ մեկը մեզ չի հիշել: Եկել է մենակ Անահիտ Բախշյանը, շատ շնորհակալ ենք մենք իրենից իր ամեն աջակցության համար: Բա զինվոր ունեք, չգա՞ք մի հատ դուք ասեք՝ մալադեց, որ այս ձեւի հայրենիք եք պահում, հպարտանում ենք ձեզանով: Այսօր մենք ենք մեր երեխով հպարտանում, ոչ թե իրենք: Թող մի հատ գային գովային, մի խոսք ասեին»:

Մեր դիտարկմանը՝ այսինքն, խնդիրը միայն ֆինանսականը չի, այլ վերաբերմունքը, որը նույնպես չի եղել՝ Ռոլանդ Սահակյանը պատասխանեց, որ եթե չգան-գնան էլ, գոնե պետք է ապահովեն ֆինանսով. «Էլ ի վիճակի չենք, հորեղբայրս էլ չի կարողանում ամեն օր գալ-գնալ, երկու-երեք օրը մեկ է գալիս»: Հայրը պահանջում է՝ թող մեր որդուն տանեն դուրս՝ արտերկիր:

Հորեղբայրը՝ Ղազար Սահակյանը հիշեց Սեյրան Օհանյանի խոսքերը, երբ նոր էր վիրավորվել Ռոլանդը. «Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ձեռքը ձեռին դրել է ու ասել է՝ Ռոլանդիկ ջան, դուք ոչ մի պրոբլեմ չունեք: Մի անգամ չաջակցեց հետո, տեսնի ոնց են: Այսօր մեր երեխեն  անտեսվել է ԶՈՒ-ի կողմից: Նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ոչ մի աջակցություն չկա»:

Մենք փոխանցեցինք, որ կառավարությունը հետաքրքրվում է բուժման պայմաններով, որ հասկանա, թե որ կլինիկան ինչքանով կկարողանա օգնել ու օգտակար լինել՝ բուժումն  արդյունավետ կազմակերպելու համար: Ռոլանդը չի հավատում, որ հետաքրքրվում են. «Իրանց գրպանի փողերն են պակասելու, դրա համար չեն հետաքրքրվում: Իսկ իրենց զինվորները, որ իրենց երկիրն են պահել, պաշտպանել, չեն ուզում հետաքրքրվեն զինվորներով՝ սաղ են, մեռած են»:

Մայրն արցունքն աչքերին հիշում է. «Հունվարի 8-ին բանակ գնաց՝ ապրիլի 4-ին ծանր վիրավորվեց: Անուշադրության են մատնել: Հենց մենակ այն, որ չեն գալիս, անտեսում են, մենակ դա շատ ցավալի է մեզ համար: Երեխեն մենակ մեր համար չի եղել սենց»:

Ռոլանդ Սահակյանն ասաց, որ մոտ 10 օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանին իր մտերիմ մարդու միջոցով նամակ է ուղարկել, որ անձամբ իրեն հասնի, խնդրել է նախարարին հանդիպում իր հետ, բայց ոչ մի արձագանք չի ստացել. «Դա էլ նշանակում է, որ ես անտեսված եմ»:

Ռոլանդը ահավոր մեծ հիասթափություն է ապրում, սիրով է գնացել բանակ՝ հազար նպատակով. «Բայց գնացի՝ կոպիտ ասած հետ չեկա: Մեռած բերեցին այստեղ, բժիշկները սարքեցին մարդ: Ոչ մի բժիշկ հույս չուներ, որ ես կապրեմ»: Հայրն ասաց՝ «Էն ժամանակ, երբ տանում էին, ղեկավարությունը ծափ էր տալիս, դե հիմա մեկդ եկեք ծափ տվեք, ասեք՝ զինվոր ունենք՝ քաջ, հպարտ»:

Մեր հարցին՝ եթե գոնե Սեպտեմբերի 21-ին, Հունվարի 28-ին Ռոլանդին մեդալ տային, պարգեւատրեին, դա ձեզ կգոհացնե՞ր՝ հարազատները միանգամից արձագանքեցին՝ մեզ ոչինչ հետաքրքիր չէ. «Այսօր մեր երեխեն գոնե կարողանա իր այս ոտքը մի քիչ գոնե բարձրացնի: 11 ամիս է՝ սայլակի վրա է, պառկելախոցով էլ հենց հիմա տառապում է»:

Ռոլանդ Սահակյանի խոսքերով՝ «Չեմ ուզում, էդ մեդալը թող պահեն իրանց, ուղղակի որպես խնդրանք՝ թող ինձ հանեն ոտքի: Ես այսօր խնդրում եմ, բայց մյուս անգամ համ ասելու եմ, համ պահանջելու եմ, համ էլ հայհոյելու եմ»:

Հարցին՝ եթե արտասահանում բուժման գումարը գտնվի, ի՞նչ ակնկալիքներ կան՝ Ռոլանդը պատասխանեց. «Շատերն են ասում, որ արտասահմանում շանս կա բուժվելու: Գնամ, թեկուզ չբուժվեմ, էս վիճակով հետ գամ, ես այսքան չեմ կոտրվի, պետությանն էլ չեմ մեղադրի, կասեմ՝ մարդիկ ամեն ինչ արեցին, ինձ անտեր չթողեցին: Հիմա կալյասկի վրա եմ, էլի չեմ զղջում, իմ երկրի, իմ ընտանիքի համար եմ գնացել բանակ, ուղղակի թող բարի լինեն գոնե աջակցեն»:

Հարազատները վստահ են, որ իշխանությունները փափուկ բարձ են դնելու իրենց գլխի տակ ու մատը մատին չեն տալու. «Իրենք մտածում են՝ թող մի տարի էլ պառկի հոսպիտալում, կզզվեն, իրանց երեխուն կվերցնեն կտանեն: Համակերպվենք, երեխուն դնենք սայլակի վրա տանենք: Բայց չի՛ լինելու: Եթե հույս ունեն, որ երեխուն պիտի սայլակով այստեղից տանեմ տուն՝ թող մոռանան…Էս երեխեն հակառակորդի գնդակի՛ց է ջնջխվել: 140 վիրավորներից մեր երեխեն ոնց որ յուրահատուկ լինի՝ չկա ոչ մի տեղ՝ անտարբերություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728