Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան սթրիթ արտի հակասությունները

Մարտ 27,2017 16:41

 Երբ կտավը հանրային տարածքն է

Գրաֆիտին ծագել է գրաֆիտո լատիներեն բառից, որ նշանակում է «քերթել», այդպես մարդու նախնիները քարերով քարանձավների պատերին պատկերներ են նկարել: Օրինակ 2012 թ. Արտաշատի պեղումների ժամանակ հնագետները III-IV դարերի անտիկ գրաֆիտի են հայտնաբերել: Եվ եթե հնում գրաֆիտին հատուկ նշանակություն ուներ, ու մարդը քարով գրառումներ էր «քերթում», նկարում` ակնկալելով բարձրագույն ուժերի հովանավորությունը, այժմ գրաֆիտիի նշանակությունը փոխվել է:

Գրաֆիտին եւ ընդհանրապես փողոցային արվեստը (street art) ստեղծարարության եւ թարմություն մտցնելու փորձ են: Իսկ ավելի հաճախ` իրականության մեջ առկա անցանկալի երեւույթներին հակադրվելու միջոց: Գրաֆիտիի միջոցով հեղինակները ներկայացնում են հասարակության ընդվզումն ու բողոքը եւ հաճախ գործում են առանց պաշտոնական թույլտվությունների:

Օրինակ «Հակահարված» արտ խմբի անդամներն իրենց սոցիալ-քաղաքական գրաֆիտիների պատճառով բազմիցս ոստիկանական բաժանմունքներում են հայտնվել, առեւանգվել: Դեռեւս 2012-ի նոյեմբերի 6-ին Ֆեյսբուքում նրանք հանդես եկան հայտարարությամբ` իշխանափոխության , ազատության, զանգվածային գործողությունների, ազատ արտահայտվելու, խաղաղության, երազներն իրականացնելու, հեղափոխության, դեպրեսիայից խուսափելու, ընտրության իրավունքի, Մարդ մնալու եւ այլնի համար: Չնայած ճնշումներին`նրանք երբեւէ չեն ընկրկել:

Երեւանում մեծ աղմուկ էր հանել «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանի` Երեւանի փողոցներում թղթե տանկով ակցիա իրականացնելը: Թղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության երկաթե դարպասներին հարվածելուց հետո ԱԱԾ աշխատակիցները նրան առևանգել էին, ապա մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու համար: Եվ միայն 2016-ի հուլիսին Արտակն արդարացվեց։ «Հակահարվածի» `քաղաքական թեմայով աշխատանքները հաճախ մաքրվել են, քերվել:

Ինչպես չվերածվել վանդալիզմի

Այս ամենի կողքին Երեւանի քաղաքապետարանի պատվերով էլ են արվում գրաֆիտիներ: Արվեստագետ Սահակ Պողոսյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ շենքերի պատերին ինչ-ինչ նկարներ անելը դեռեւս սթրիթ արտ չէ: «Այն, ինչ անում է Երեւանի քաղաքապետարանը, ոչ մի կապ չունի սթրիթ արտի հետ, որովհետեւ սթրիթ արտը մասնավոր ֆինանսավորում չունի: Հայաստանում իրական սթրիթ արտով զբաղված է եղել միայն «Արտլաբորատորիան»: Սթրիթ արտը Հայաստանում այն գործերն են, որոնք ժամանակին «Արտլաբորատորիայի» կողմից արվեցին եւ անմիջապես ոստիկանությունը մաքրեց դրանք, այսինքն` դրանք գործեր էին, որոնք իշխանության համար խնդիր էին առաջացնում, հակադարձ ուժ էին, դրանք սթրիթ արտի լավագույն նմուշներն են»,-ասում է արվեստագետը:

Սահակ Պողոսյանը միաժամանակ նշում է, սթիթ արտը պետք է լինի չնախատեսված տեղերում եւ չփչացնի քաղաքային լանդշաֆտը. «Օրինակ, եթե Երեւանի Հանրապետության հրապարակի թամանյանական շենքի վրա սթրիթ արտ են անում, դա համարում եմ վանդալիզմ: Կամ եթե օպերայի տարածքի որեւէ հատվածում են անում, եւ դրանից հետո հնարավոր չէ վերականգնել շենքն այնպիսի տեսքով, ինչպիսին եղել է, դա եւս վանդալիզմ է: Չէ որ այդ շենքն ունի հեղինակ, արվեստագետ, եւ երբ այլ արվեստագետներ այդ շենքի վրա փորձում են վերաբերմունք արտահայտել, պետք է շենքի ճարտարապետից թույլտվություն հայցեն, կանոնակարգման հարց կա այստեղ: Իսկ գետնանցումներում, փողոցներում, ասֆալտին, ձյան վրա, երկնքում` որտեղ իրենք սթրիթ արտ անում են, համաձայն եմ»:

Վերջին շրջանում Երեւանի տարբեր շենքերի վրա հայտնվել են նաեւ հայոց մեծերի` գրողների, դերասանների դիմանկարներ, որոնց գոյությունը միանշանակ չի ընդունվել: Սահակ Պողոսյանը եւս այն արվեստագետների թվում է, որ դրանք անճաշակություն է որակում:

Ինչ վերաբերում է «Արտ լաբորատորիային», այն 2007-ին մի խումբ արվեստագետներ (Հովհաննես Մարգարյան, Արթուր Պետրոսյան, Գարիկ Ենգիբարյան, Էդգար Ամրոյան, Հովնան Քարտաշյանը Նարինե Զոլյանը, Սամվել Վանոյան, Հարություն Զուլումյանը Կարեն Օհանյան, Արա Պետրոսյան) են ստեղծել: Վերջինս եւս տարբերվում էր ասելիքի բովանդակությամբ եւ համարձակությամբ: Նրանց արվեստը դիմադրության արվեստ է` դիմադրություն անարդարություններին, անտարբերությանը: Նրանց կտավն էլ հանրային տարածքն է: Իրենց աշխատանքներով «Արտ լաբորատորիայի» անդամներն անդրադարձել են հասարակությանը հուզող բոլոր խնդիրներին` մարտի 1-ի ողբերգական դեպքերին, ընտրակաշառքին, բանակում ինքնասպանություններին, խորհրդային շրջանի արձանների սպանդին եւ այլն:

2012-ին «Արտ լաբորատորիայի» անդամները նախագահի նստավայրի մոտ յուրատեսակ ակցիա իրականացրին, նրանք գնացել էին շնորհավորելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 58-ամյակը` նրա նստավայրի մոտ թողնելով «Հեռացիր» մակագրությամբ տորթ:

«Արտ լաբորատորիայի» «Ինքնասպանություն գործած զինվորի նկարը», որ բանակում ինքնասպանությունների խնդիրն էր բարձրացնում, իսկույն ջնջվեց: Մեկ այլ` ԱԺ շենքի պատին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դիմանկարն անելու համար արվեստագետներին ոստիկանություն բերման ենթարկեցին: Նրանց նկատմամբ նույնիսկ վարչական տուգանք նշանակվեց: Խմբի անդամները տարբեր հարցազրույցներում շեշտում են, որ իրենց հիմնական գործը քաղաքականության հաշվին արվեստի սահմանները լայնացնելն է, դիմադրության ձևերը գտնելը եւ արվեստի միջոցով արձագանքելը:

2016-ին Հայաստանի Աշտարակ, Չարենցավան, էջմիածին, Ախուրյան, Վարդենիկ համայնքներում «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ն երիտասարդների ուժերով սթրիթ արտի կիրառման միջոցով գունազարդեց տարբեր հաստատությունների աստիճանահարթակները: «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագիրն իրականացվեց ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Սթրիթ արտ` առանց բողոքի

Ծրագրի փորձագետ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ սթրիթ արտը զարգանում է Հայաստանում: Նրա ձեւակերպմամբ, կան դրանով զբաղվող շատ հետաքրքիր խմբեր: Մարիամ Մուղդուսյանը մասնավորապես առանձնացրեց « Հակահարվածի» աշխատանքները. «Դրանք բողոք ունեն իրենց մեջ: Սթրիթ արտի առանձնահատկություններից մեկն այն է, որ ոչ միայն հաճելի լինի աչքին, այլ նաեւ որոշակի գաղափարախոսություն ունենա, իրենցից ինչ-որ բան ներկայացնի: Սթիրթ արտի ձեւերը անընդհատ զարգանում ու բազմազան են դառնում, դա փողոցի արվեստն է, որը չունի դասական արվեստին բնորոշ հիմնական գործառույթները եւ առաքելությունը: Մենք չպետք է ակնկալենք, որ սթրիթ արտը թանգարանային նկարչություն լինի, ակադեմիական կանոններ ունենա: Նկարիչն ինքն է որոշում` ինչ նկարի, ինչ տեխնիկա օգտագործի, երբեմն դրանք կարող է կոչեր լինեն: Հաճախ աշխատում են նաեւ տրաֆարետներով, պարտադիր չէ, որ սթրիթ արտ անողը նկարիչ լինի: Եթե դիտարկենք, թե սթրիթ արտն ինչպիսին է Հայաստանում, ապա երկու տեսակ կտեսնենք` մի դեպքում այն գեղեցկացնում է մեր միջավայրը, մյուս դեպքում բողոք է ներկայացնում»:

Մեր հարցին` արդյոք հակասություն չկա սթրիթ արտի առաքելության ու բնույթի, մյուս կողմից էլ այն բանի միջեւ, որ աջակցությունը եղել է նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի միջոցով, Մարիամ Մուղդուսյանը պատասխանում է. «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական կազմակերպությունն էր դրամաշնորհ ստացել, եւ իրենց հիմնական գաղափարն այն էր, որ իրենք քայլ առ քայլ երիտասարդությանը տանեն բաց հասարակություն եւ գունեղ ապագա: Նրանք ընտրել էին աստիճանավանդակների վրա նկարելը: Մենք փաստացի ազատ ենք եղել` նկարել այն, ինչ ուզում էինք: Հիմնականում առաջնորդվել ենք տեղի երիտասարդության ցանկություններով: Ազատ լինելը չի ենթադրում միայն ձախական հայացքներ ունենալ կամ բողոքել`իշխանական համակարգի դեմ: Հակասությունը կառաջանար այն ժամանակ, եթե . «վերեւից» հստակ հրահանգ հնչեցվեր, թե որ թեմաներով պետք է աշխատել: Բացի այդ, դա պիլոտային ծրագիր էր, եւ ես չեմ բացառում, որ հետագայում երիտասարդները այլ թեմաներով նկարեն, որովհետեւ մեծ հաշվով սթրիթ արտը հենց ինքնաբուխություն է ենթադրում, գուցե մի որեւէ խումբ որոշի գիշերով ինչ-որ բան անել մի տեղ»:

Նկարչի խոսքով, շատերը Հայաստանի մարզերում տեղյակ չեն, թե ինչ է սթրիթ արտը, դրա համար էլ շատ ազատական գաղափարները կարող են թյուրընկալումների տեղիք տալ: «Ծրագիրն իրականացնելիս հաշվի ենք առել լսարանը, հետաքրքրվել ենք, թե իրենք ինչ են ցանկանում, որովհետեւ ի վերջո իրենք են այդ համայնքներում ապրում, եւ շատ ազատական գաղափարները գուցե ճիշտ չընկալվեին: Ամեն դեպքում, աշխատելու մեխանիզմերն իրենց տրված են, եւ երիտասարդները հետագայում ինքնուրույն կարող են կիրառել սթրիթ արտի գործիքները»,-վստահ է Մարիամ Մուղդուսյանը:

Սթրիթ արտն էլ կարող է «գրպան լցնել»

Ի տարբերություն Հայաստանի, աշխարհի շատ երկրներում սթրիթ արտն արդեն լեգիտիմացվել է, փողոցային արվեստի որոշ ներկայացուցիչների մոտ այն նույնիսկ կոմերցիոն բնույթ է ձեռք բերել, քաղաքներ էլ կան, որ վաղուց սթրիթ արտի ամենամյա փառատոներ են անցկացնում:

Huffington Post-ը մի առիթով գրել է, որ ժամանակին գաղտագողի արվող և վանդալիզմի դրսևորում համարվող արվեստն այժմ հանրային արվեստի առավել ճանաչված տարատեսակ է, որն իր ինքնատիպ դրսևորումներն է գտնում խոշոր մեգապոլիսներում:

Օրինակ, Բրիստոլը համարվում է սթրիթ արտի խոշորագույն կենտրոններից մեկը: 2008 թվականից սկսած` այստեղ ամեն տարի ամռանը Upfest կոչվող փառատոնի շրջանակներում ավելի քան 300 նկարիչներ են հավաքվում ու նկարում 2500 քառակուսի մետր տարածք: Upfest –ը ամենախոշոր սթրիթ արթ փառատոնն է Եվրոպայում: Թեեւ փառատոնին մասնակցելն անվճար է, սակայն այդ միջոցառման շրջանակում հնարավոր է լինում աշխատատեղերի հարց լուծել եւ միջոցներ հավաքել` խոցելի խմբերի եւ բարդ ընտանիքներում ապրող երեխաների խնդիրների լուծման համար: Հատուկ այս փառատոնի համար աշխարհի տարբեր անկյուններից Բրիստոլ են ժամանում ոչ միայն բազմաթիվ նկարիչներ, այլեւ զբոսաշրջիկներ, որոնց Բրիստոլում սթրիթ արթի փառատոնից բացի ժամանցի այլ հնարավորություններ էլ են ընձեռվում` ճաշկերույթ կամ ընթրիք նավակի վրա, համերգներ, վարպետաց դասեր արվեստի վերաբերյալ: Upfest –շնորհիվ զբոսաշրջիկները մեծ գումարներ են թողնում այս քաղաքում:

Բրիստոլում է ծնվել Բենքսի ծածկանունով սթրիթ արտի վարպետներից մեկը: Ժամանակին նա ընդամենը անդերգրաունդ ուղղության սփրեյ արտ, գրաֆիտի ոճի սովորական նկարիչ էր, մինչդեռ այսօր Բենքսիի աշխատանքները հայտնի են ողջ աշխարհում, ընդ որում ոչ միայն համարձակության, հանրությանը հուզող խնդիրների ու համամարդկային թեմաներ արծարծելու համար, այլեւ որպես բարձր արվեստի նմուշներ:

2015-ին Բենքսին Ուեստոն սյուպեր Մեր քաղաքում (Միացյալ Թագավորություն) զվարճանքների ժամանակավոր այգի` Դիսմալենդ հիմնադրեց, որն իրենից ներկայացնում էր Դիսնեյլենդի ծաղրանմանակումը: Լրագրողներն այն որակել էին դեպրեսիվ Դիսնեյլենդ, ինքը` Բենքսին այգին կոչեց զարմանքի եւ սկզբնական անարխիզմի արվեստ: Թեեւ Դիսմալենդը քննադատվեց, սակայն տնտեսական առումով այն շահավետ նախագիծ էր ու հարստացրեց ամբողջ շրջանը: Այգին աշխատեց 36 օր, ունեցավ 150 000 այցելու: BBC –ի տվյալներով կազմակերպիչներն աշխատեցին 450 000 ֆունտ, իսկ այդ շրջանի տնտեսությունը այդ կարճ ժամանակահատվածում հարստացավ 20 մլն ֆունտով:

Սթրիթ արտը եվրոպական այլ քաղաքներում էլ է հաջողություններ գրանցում: Փոքրիկ քաղաքներ կան, որի բնակիչները տառացիորեն սպասում են փողոցային արվեստի փառատոներին: Դրանցից մեկն էլ Դրեզդենի մոտակայքում գտնվող Լիմբախ-Օբերֆրոն քաղաքն է, որը հայտնի է իր անվճար IBUg սթրիթ արտ փառատոնով: Ամեն տարի ամռանն այս փոքրիկ քաղաքը նոր շունչ է առնում, երբ նկարիչները գրավում են մոռացված թաղամասերի լքված շենքերի պատերն ու նկարում:

Սթրիթ արթի ավանդույթներ կան հնամյա Գդանսկում, Բեռլինում, Լիսաբոնում, Պրահայում, Փարիզում եւ այլուր: Դրանք զուտ բարձրարվեստ աշխատանքներ չեն, նաեւ զբոսաշրջիկների հետաքրքրության առարկան են ու քաղաքային իշխանությունների հպարտությունը:

Մանավանդ , փորձը ցույց է տալիս, որ սթրիթ արտը կարող է ոչ միայն աչք շոյել, այլեւ «գրպան լցնել»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` «Հակահարվածի» Ֆեյսբուքյան էջից, revisor.am, hetq.am, independent.co.uk կայքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031