Մադրիդյան սկզբունքները դեռ բանակցությունների սեղանի՞ն են

Մադրիդյան սկզբունքները դեռ բանակցությունների սեղանի՞ն են

Սկիզբը` այստեղ

Որեւէ մեկը գիտի՞, թե ինչ զիջման է պատրաստ պաշտոնական Բաքուն ընդհանրապես

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների գերխնդիրն այսօր լայնամասշտաբ պատերազմը կանխելն է: Սա պարզ է: Բայց ընդունենք, թե միջնորդներին հաջողվում է հարաբերական անդորր հաստատել (թեեւ Ադրբեջանի կողմից սադրանքները, լարվածության նոր ալիքները երբեք չարժե բացառել, ավելին` Ադրբեջանի միակ հույսը այդօրինակ մեթոդներով միջնորդ երկրներին շարունակաբար շանտաժի ենթարկելն է), ի՞նչ են քննարկելու կողմերը բանակցությունների սեղանի շուրջ:

Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ են բանակցությունների սեղանին մնալ, դրանք որքա՞ն են մշակվել, վերամշակվել, փոխվել ու փոփոխվել, ու դրանք այսօր համահո՞ւնչ են ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի պատկերացումներին:

Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ադրբեջանն առհասարակ խաղաղ բանակցություններում փոխզիջումներով խնդրի կարգավորումը պարզապես մերժում է: Առհասարակ որեւէ մեկը գիտի՞, թե ինչ զիջման է պատրաստ պաշտոնական Բաքուն: Երկու տասնամյակից ավելի պաշտոնական Բաքուն բացառապես մեկ բան է կրկնում` «պատրաստ ենք Ղարաբաղին տալ բարձր ինքնավարություն»: Ու, թերեւս միակ զիջումը, կարելի է ենթադրել, Ադրբեջանի կողմից չպատերազմելու խոստումը կարող է լինել (եթե, իհարկե, լինի այդպիսին), որի վրա էլ հիմնվել չի կարելի: Այսինքն՝ Բաքվի դիրքորոշումն առհասարակ բանակցային գործընթացում կարգավորման փիլիսոփայության սահմաններից դուրս է:

Միեւնույն ժամանակ, սակայն, որքան էլ ստեղծված իրավիճակը փակուղային է ԼՂ խնդրի կարգավորման համար, այնուամենայնիվ հայկական կողմին ձեռնտու է` նոր մոտեցումներ առաջ քաշելու տեսանկյունից` Բաքվի ապակառուցողական կեցվածքի հետեւանքով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից առաջ ուշագրավ էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որոնք էլ իրենց հերթին փաստեցին բանակցային գործընթացի փակուղային իրավիճակը: Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարեւոր եւ զգայուն դետալները՝ նշեց նա` մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները՝ տարբեր ձեւաչափերով, բազմիցս շատ մոտ էին հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ՝ մի կողմի, մեկ՝ մյուս կողմի մոտ… Սակայն պետք է շարունակել աշխատանքները»:

Ռուսաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել հանգուցալուծման հասնելու ճանապարհը: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաեւ՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն»,- ասել էր Լավրովը: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը»,- հավելել էր նա:

Համանախագահների վերջին այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ միջնորդներն ու ՀՀ իշխանությունները «կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»:

Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը նրանց ուշադրությունն է հրավիրել, որ «ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը եռանախագահների ներկայությամբ համաձայնություն ձեռք բերվեց մամուլի հաղորդագրության միանման տեքստի վերաբերյալ, ինչը եւ հրապարակվեց Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ների կողմից, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը, ըստ ավանդույթի, ոչ միայն չկատարեց պայմանավորվածությունը, այլեւ հանդես եկավ անհեթեթ մեկնաբանությամբ, թե իբր Մոսկվայի հանդիպմանը արտգործնախարարները ոչ թե կարեւորել են նախորդ տարվա գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, այլեւ բանակցություններին քննարկվել են գագաթնաժողովներին կայացած բանակցությունները»։

Նալբանդյանն ընդգծել է, որ թեեւ մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլեւ անել լրիվ հակառակը: Նրա բնորոշմամբ՝ «հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական եւ սադրիչ քաղաքականությունը»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Երեւանում հանդիպեցին նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: ՊՆ-ի փոխանցմամբ` պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը: «Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարեւոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, արձանագրեցին, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է «ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետեւանքով»:

Հայկական կողմը պետք է փորձի հասնել կարգավորման գործընթացում քաղաքական տրամաբանության փոփոխության: Դրան պետք է հասնել նախաձեռնողական քաղաքականության արդյունքում, համառ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ: Պաշտոնական Երեւանն է, որ իրավիճակը փակուղուց պետք է դուրս բերի` նախ Ադրբեջանին պարտադրելով հարգել հրադադարի ռեժիմը, որից հետո միայն եռանախագահող երկրների միջոցով նոր մոտեցումներով կարգավորման հասնելու ելքեր նախանշել, որոնք չեն առաջացնի նոր փակուղային իրավիճակներ:

Արդյոք ժամանակը չէ՞, որ Արցախը դառնա հակամարտության ու կարգավորման լիիրավ կողմ։ Ինչպե՞ս ենք օգտագործում կամ՝ բավարար չափո՞վ ենք օգտվում Սփյուռքի լոբբիստական կառույցների ներուժից Արցախի միջազգային ճանաչման հարցում: Այս հարցադրումների խորքում է Արցախի կարգավիճակի հստակեցումը, առանց որի հնարավոր չէ այսօրվա Ադրբեջանի պայմաններում առհասարակ որեւէ համաձայնության, անգամ` պայմանավորվածության հասնել: Հետեւաբար առանց վերջնական խաղաղության պայմանագրի, առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման՝ որեւէ այլ բանաձեւով ու տարբերակով դրույթներն ու պայմանները լինելու են ժամանակավոր ու դարձյալ փակուղի տանող ճանապարհներ: Ընդ որում, սա պետք է վաղ թե ուշ գիտակցեն նաեւ Ադրբեջանի իշխանությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ օրաթերթ», 23.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք