«Անլուրջ է արտաքին քաղաքականություն փոխել ինչ-որ առաջարկի պատճառով»

«Անլուրջ է արտաքին քաղաքականություն փոխել ինչ-որ առաջարկի պատճառով»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը`
ՀՀ-ում ռուսաց լեզուն պետական դարձնելու, ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկի, ԵՄ-ի հետ
նոր համաձայնագրի ստորագրման եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին:

– Ռուսերենը Հայաստանում երկրորդ պետական լեզու դարձնելու ՌԴ Պետդումայի նախագահի «անզգույշ» առաջարկը Հայաստանում կրկին հակառուսական տրամադրությունները բորբոքեց: Ինչո՞ւ են ռուսաստանցի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ասպարեզ նետում նման գաղափարներ:

– Վստահաբար՝ ոչ հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Նրանք ունեն իրենց պատկերացումները, մենք՝ մեր սկզբունքները: Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, ունի Սահմանադրություն, որտեղ արձանագրված է, որ պետական լեզուն Հայաստանում գրական հայերենն է: Մնացածը քաղաքականություն է: Ստաժավոր ընթերցողները կհիշեն, որ դա առաջին անգամ չի հնչում ռուսական կողմից, եւ միշտ էլ ստացել է հարգանքով «ոչ»: Ինչպես եւ այս անգամ՝ ԱԺ նախագահը, պատվիրակության անդամները հստակ պատասխանել են հարցին՝ առանց փակագծեր թողնելու:

– Ընդդիմադիրներն առաջարկում են ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսել: Չե՞ք կարծում, որ արդարացված առաջարկ է՝ մանավանդ, որ այդ կառույցին Հայաստանի անդամակցությունից ի վեր անգամ պետական վիճակագրությունը մխիթարող չէ: Նաեւ այլընտրանքը կա՝ ԵՄ:

– Եթե «Ելքը» նկատի ունեք, կարծեմ միայն Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն են այդ կարծիքին: Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը լռում է: Ուրիշ ո՞ր ընդդիմադիրներն են այդ կարծիքին, որ եզրակացնում եք՝ ընդդիմադիրներն առաջարկում են: Անլուրջ է արտաքին քաղաքականություն փոխել ինչ-որ առաջարկի պատճառով: Իսկ ԵՏՄ-ի անդամակցության արդյունքներն ու հետեւանքները ամփոփելու համար դեռ վաղ է: Ընդունեք, որ կառույցն ինքը կայացման փուլում է, եւ շատ հարցեր լուծվում են հենց հիմա՝ մեր մասնակցությամբ: Կան թվեր ու ցուցանիշներ, որ ԵՏՄ-ին անդամակցությամբ ունեցել ենք դրական տեղաշարժ տնտեսության մեջ, մասնավորապես՝ արտահանման: Եթե որեւէ մեկին թվում է, որ ԵՄ-ին անդամակցությունը լինելու է հեշտ, արագ արդյունքներ տվող ու շահեկան մեզ համար, պիտի հիասթափեցնեմ: ԵՄ ստանդարտներին համապատասխանելու երկար ճանապարհ կա, որ մենք չենք կարող թռիչքաձեւ անցնել:

– Կարծիքներ կան, որ Ռուսաստանը փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի խափանի նոյեմբերին նախատեսված ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը: Արդարացվա՞ծ մտավախություններ են:

– Կարծիքներ լինում են միշտ, ու դա շատ բնական է: Պարզապես պետք է գնաս քո ճանապարհը՝ ով ինչպես ուզում է գնահատի: Մենք գնալու ենք եւ գնում ենք այն ճանապարհով, որը նախանշել ենք, որը համարում ենք մեր պետության շահերից բխող։

– ԵԽ-ում, ի դեպ, համաձայնագրի նախագծի քննարկումները նույնպես հարթ չանցան. այնտեղ էլ մտահոգություններ հնչեցին` նկատի ունենալով Ասոցացման համաձայնագրի ճակատագիրը: Նաեւ որոշ պատգամավորներ ընդդիմացան կոռումպացված եւ օլիգարխիկ Հայաստանի նման գործընկեր ունենալու առումով:

– ԵԽ-ում կան տարբեր կուսակցությունների, տարբեր ուղղվածության, տարբեր շրջանակներ ներկայացնող պատգամավորներ, եւ նրանց այս կամ այն հայտարարությունը չի ներկայացնում ԵԽ ընդհանրական տեսակետը: Փաստը այն է, որ համաձայնագիրը նախաստորագրված է եւ նոյեմբերին կստորագրվի: Մնացյալը բանահյուսական ժանրից է։ Իսկ կոռումպացվածության մասին բոլորովին վերջերս շատ ու զայրացած խոսում էին ԵԽԽՎ-ում՝ իրենց նախկին ու ներկա գործընկերների ԵԽԽՎ արժեքներին ու սկզբունքներին անհարիր գործելակերպի մասին: Այնպես որ, կոռուպցիան ու օլիգարխիան հնարել են ոչ հայերը, ոչ էլ մենք ենք տարածել:

– Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը դեռ քննարկվում է, քննադատվում: Տեսակետ կա, որ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախի հարցում բանակցություններից, քանի դեռ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կատարվել:

– Պիտի այս հարցին պատասխանելիս մեջբերեմ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչեցրած մտքով, որում պարզ ասվում է՝ հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի՞ տեսք է ունենալու Արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը. «Նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։

Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձեւակերպումներն անընդունելի են։ Մի կարեւոր հավելում եւս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն՝ սա եւս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որեւէ քննադատության չի դիմանում: Հիմնահարցը մինչեւ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում, եւ իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։ Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում»։

Սա է ՀՀ եւ ՀՀԿ նախագահի, Գերագույն գլխավոր հրամանատարի, բանակցություններում հայկական կողմը ներկայացնողի տեսակետը. կարծում եմ՝ սպառիչ տեսակետը: Իսկ ինչո՞ւ Հայաստանը հրաժարվի բանակցություններից, երբ Ադրբեջանը փաստացի միակողմանի դադարել է բանակցել՝ հայտարարելով, որ կողմ է բանակցությունների շարունակությանը իր օրակարգով: Իսկ այդ օրակարգը շրջանների վերադարձն է, որից հետո միայն որեւէ հարցի քննարկում: Այսինքն՝ Ալիեւը բանակցային գործընթացում մնացել է մենակ ու ելք է որոնում միջազգային կառույցներում, որ չունեն ԼՂ կոնֆլիկտով զբաղվելու մանդատ:

– Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցերի` նախագահի պատասխաններն այդքան էլ հուսադրող չէին: Խորհրդարանի առաջին նիստում իր ելույթում նախագահը խոսեց շրջադարձային փոփոխությունների մասին: Դրանք, փաստորեն, լոկ խոսքե՞ր էին:

– Ինչո՞ւ: Հատկապես այդ ելույթում նախագահը ավելի քան հստակ եւ կոնկրետ թվերով ներկայացրեց ապագան եւ քայլերը, որոնց իրականացմամբ պիտի հասնել այդ ապագային, եւ եթե ոմանց թվում է, թե շրջադարձային փոփոխությունները տեղի են ունենում գրչի մեկ հարվածով, չարաչար սխալվում են: Սա գործընթաց է, դանդաղ, հավասարակշռված, հազար հաշվել, մեկ կտրելու տրամաբանությամբ կատարվող գործընթաց՝ շրջափակման մեջ գտնվող, ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում ապրող պետության քաղաքականություն։ Համոզված եմ, որ տեսանելի ապագայում շարքային քաղաքացին զգալու է իր կյանքի որակի փոփոխությունը, արտագաղթածները կամաց-կամաց վերադառնալու են, որովհետեւ աշխատանք գտնելու են իրենց տանը:

Տնտեսությունը տեղից դժվար է պոկվում, բայց երբ սկսում է շարժվել, արագությունն արդեն ինքնաբերաբար է ավելանում: Մենք պարտավոր ենք գնալ միայն այս ճանապարհով, այստեղ է, որ այլընտրանք չունենք։ Եվ Սերժ Սարգսյանը հստակ ու կոնկրետ ասաց. «Աղքատության կրճատման ուղիներից են զանազան նպաստների տրամադրման համակարգերը կամ սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը, սակայն հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է: Այդ պարագայում յուրաքանչյուրը կբարելավի իր եւ իր ընտանիքի բարեկեցությունը՝ միաժամանակ բարձրացնելով սեփական արժանապատվությունն ու ինքնագնահատականը: Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը:

Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր եւ իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը»: Դե, իսկ ժողովրդագրական խնդիրների լուծման բանաձեւը հստակ նշվեց. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Ես դեմ եմ շատ տարածված մտայնությանը, որ, ցավոք, արդեն սպառնում է հոգեբանություն դառնալ՝ պայմաններ ստեղծեք՝ աշխատեմ, տուն տվեք՝ ապրեմ: Պետությունը հեքիաթի բարի կախարդը չէ, որ հրաշքներ է բաժանում իրեն դիմողներին: Պետությունը մեզնից յուրաքանչյուրն է, մեր վերաբերմունքը, մեր ջանքը, մեր գիտակցական մակարդակը ու աշխատանքը:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

26.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք