Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ի՝ 2017-ի նախընտրական ծրագրում բնապահպանական խնդիրներն ավելի լավ էին նշված, քան՝ կառավարության ծրագրում

Հունիս 05,2018 15:10

Բնապահպանները նոր կառավարության ծրագրից այնքան էլ գոհ չեն: Ասում են, որ բնապահպանական խնդիրներն ինչպես հարկն է արտացոլված չեն, չկան դրանց դեմ նախանշված պայքարի մեխանիզմները: Սակայն հույս ունեն, որ նոր կառավարությունը, ինչպես նախկինների պես «բնական պաշարներն անխնա չի օգտագործի ու բնությունը հասցնի անդունդի եզրին»: Այսօր «Տեսակետ» ակումբում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, որ «Ելք»-ի՝ 2017-ի նախընտրական ծրագրում հանքարդյունաբերության, Սեւանա լճի, փոքր ՀԷԿ-երի խնդիրները շատ լավ նշված են եղել, եւ ծրագիրն ավելի հստակ է եղել, քան հիմա, որը կառավարությունը ներկայացրեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր աշխարհը նշում է «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը»:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով, ինքը շատ կուզեր, որպեսզի այս օրը մեր երկրում ուրախությամբ նշեինք, բայց, հաշվի առնելով, թե մեր երկրում ՀԷԿ-երից ինչպիսի վիճակում են գետերը, լճերը, «Ամուլսարն» ու այլ հանքարդյունաբերական նախագծեր ինչպես են քանդում ու վնասում շրջակա միջավայրը, ուրախանալու առիթ չկա:

Հակոբ Սանասարյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը բնապահպան-ակտիվիստներին՝ ցույցերը դադարեցնելու կոչեր անելուն զուգահեռ պետք է բնապահպանական աղմկահարույց ծրագրերը դադարեցներ՝ մինչեւ որ լուրջ ուսումնասիրություն կատարվեր դրանց նախագծերի վերաբերյալ: Նրա խոսքով, Ամուլսարի դեմ ակցիաները դադարեցվեցին, բայց հանքում աշխատանքները բուռն թափով ընթանում են:

Տիկին Զարաֆյանի ներկայացմամբ, երկրի վերցրած վարկերից 90 միլիոն եվրո պետք է տրամադրվի կենցաղային աղբի դեմ պայքարի նպատակով: Սակայն այդ ծրագրերն արդյունավետ չեն լինի, քանի որ դրանք չեն պարունակում տեսակավորում եւ վերամշակում. «Եթե դու չունես մեխանիզմ, արդյունք չի լինի»: Ըստ նրա, օրինակ՝ Շվեդիայում պլաստիկ թափոնների 90 տոկոսը վերամշակվում է, Հայաստանում այդ թիվը զրոյին մոտ է:

Հակոբ Սանասարյանը գտնում է, որ բնապահպանական խնդիրները լուծելու, դրանք չառաջացնելու համար կրթության ուղղությունը պետք է փոխենք եւ ստեղծենք գիտական մանկավարժություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930