Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԴԻՆԵՐՆ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ

Ապրիլ 28,1998 00:00
ezdi

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երդման արարողության ժամանակ հավաստիացրեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն հայերի, այլ նաեւ այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների հայրենիքն է։ Վարչապետ Արմեն Դարբինյանը խոստացավ, որ կունենա ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող խորհրդական։ Նման ցանկություն ուներ նաեւ վարչապետ Արմեն Սարգսյանը։

Այսօր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կազմում են Հայաստանի բնակչության մոտ 4 տոկոսը։ Նրանց համայնքային կազմակերպությունները միավորված են «Ազգությունների խորհուրդ» կազմակերպության մեջ։ Ազգային փոքրամասնությունների հիմնական մասը՝ ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ, հույներ, գերմանացիներ, ունեն ազգային պետություններ եւ նրանց օգնությունը, շատ դեպքերում նաեւ շահերի պաշտպանությունն իրականացվում են այդ երկրների դեսպանատների միջոցով։ Ասորիների, քրդերի եւ եզդիների համար Հայաստանն իրական հայրենիք է, քանի որ նրանց համար «մայր հայրենիք» հասկացություն գոյություն չունի։

Նրանք իրենց շահերի եւ իրավունքների պաշտպանություն կարող են ակնկալել եւ ստանալ միայն Հայաստանում։ Սակայն հայ հասարակությունը պատրաստ չէ անգամ քննարկել ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիրը։ Հայ հասարակության համար Հայաստանն իրավական երկիր չէ։ Այստեղ ոտնահարվում են բոլորի իրավունքները, եւ այս պայմաններում կարծես անհեթեթ է խոսել եւ առանձնացնել 4 տոկոսին։ Սակայն, եթե հայերի համար դա միայն քաղաքացիական իրավունքների ոտնահարում է, ապա ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար իրենց իրավունքների ոտնահարումն առաջացնում է ազգային խտրականություն եւ խորթացման միջավայր է ստեղծում։ Այդ միջավայրն առաջացնում է ոչ միայն արտագաղթ, այլեւ, որ վտանգավոր է՝ մեկուսացվածություն։

Իրենց խնդիրների մասին չեն ուզում խոսել նաեւ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ավելի չսրելու հակասությունները։ Դրա փոխարեն նրանք գերադասում են խոսել ժողովուրդների բարեկամության, հայ եւ ասորի, հայ եւ եզդի ժողովուրդների դարավոր համակեցության մասին։ Իսկ իրականում։ Եզդիների համար միակ վստահելի վայրը իրենց ազգային միությունն է, որտեղ էլ փորձում են պաշտպանություն գտնել։ Արմավիրի շրջանի Լուկաշին, Խանջյան եւ Արգավանդ գյուղերի 11 եզդիներ գրում են. «Երկու ամիս առաջ Լուկաշին գյուղի մոտ տեղակայված զինվորական ստորաբաժանման մի մայոր՝ Արթուր Սարգսյանը, իր 7 հոգուց բաղկացած սպաների եւ զինվորների խմբով հարձակվել է Թալինի տարածքում գտնվող մեր հովիվների վրա եւ ուժով տարել Լուկաշինի բնակիչներից՝ 15, Խանջյանից՝ 10, իսկ Արգավանդից՝ 15 ոչխար։ Բազմիցս դիմել ենք համապատասխան մարմինների, ինչպես նաեւ Էջմիածնի զինվորական ոստիկանությանը, սակայն ոչ մի դրական արդյունքի չենք հասել։ Նույնիսկ մայոր Սարգսյանը սպառնալով մեզ, հայտարարել է, որ ինքը ոչնչից չի վախենում եւ «ուր ուզում եք՝ կարող եք դիմել»։ Ոչխարների մի մասը հետագայում վերադարձվում է։

Մյուս պատմությունն ինձ պատմեց Սլո Խանոյանը։ Իր որդուն՝ Քյալաշ Խանոյանին (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի), մեղադրում են անասնագողության մեջ։ «Տղաս գտնվում էր ոստիկանությունում։ Նրան բերեցին ինձ հետ հանդիպման։ Ուղեկցող ոստիկանը պահանջեց, որ Քյալաշն ասի ճշմարտությունը։ «Ինձ շատ են ծեծել։ Ես չեմ դիմանում»,- ասաց տղաս։ Ես նրան ասացի, որ ինքը տղամարդ է, եւ անկախ ծեծից, պետք է իրականությունը պատմի։ Սակայն ոստիկանի սպառնալի հայացքից հետո, նա մի հորինված անասնագողության պատմություն արեց, որին տեղյակ եւ մասնակից եմ եղել նաեւ ես։ Դրանից հետո Քյալաշին տարան, բայց, բարձրանալով չորրորդ հարկ, նա այնտեղից ցած նետվեց։ Բարեբախտաբար, կենդանի մնաց։ Հետո իր արարքը նա բացատրեց այսպես. «Չէի ցանկանում, որ իմ վախի պատճառով ուրիշները տուժեին»։

Հետագայում նա մեզ տեղեկացրեց, որ գտնվել եւ ձերբակալվել են իրական հանցագործները։ Էջմիածնի շրջանի Լեռնամերձ գյուղի մի խումբ բնակիչներ դիմել են նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Ս/թ ապրիլի 18-ին, ժամը 11-ին մեր գյուղի բնակիչ Օմար Թեջոյանը ջրում էր իր հողը։ Այդ ժամանակ իր հողն էր ջրում նաեւ գյուղապետ Սահակ Միրզոյանը։ Գյուղացիներից մեկը՝ Գարեգին Շմավոնյանը, տեղեկացնում է Սահակին, որ իր ջուրը կտրել է Օմարը։ Սահակը հայհոյում եւ ծեծի է ենթարկում Օմարին։ Ներկա գտնվող Օմարի հայրը՝ Արֆոտ Թեջոյանը, փորձում է կանխել վեճը։ Գյուղապետ Սահակ Միրզոյանը, չհանգստանալով այդ ծեծից, գնում է տուն եւ իր եղբորորդիներ Ռոման եւ Լյուդվիգ Միրզոյաններին ուղարկում է Օմարի հետ հաշիվ մաքրելու։ Նրանք Օմարին, ստիպելով, տնից հանում են, տանում կենցաղի տուն։ Ռոման Միրզոյանը ոտքով հարվածում է Օմարի գլխին։ Օմարն ուշաթափվում է, իսկ նրանք հեռանում են։ Մի քանի ժամ անց Ռոման Միրզոյանն իր մի խումբ ընկերների հետ դանակը ձեռքին մտնում են Թեջոյանների տուն՝ կռիվ անելու։ Խանում Թեջոյանն ուշաթափվում է, իսկ Ռոմանը, ձեռքը սեղանին խփելով, սպառնում է ծեծել բոլորին։ Մենք դիմում ենք ձեզ՝ մեզ ապաստան տալու մեկ ուրիշ գյուղում»։

Նամակի տակ ստորագրել են 7 Թեջոյաններ։ Իհարկե, կարելի է ասել, որ նման եւ ավելի կոպիտ դեպքեր տեղի են ունենում բոլորիս հետ։ Սակայն արժե, որ փոքրամասնություններին մենք վերաբերվենք առավելագույն հոգատարությամբ եւ ուշադրությամբ։ Հայերը աշխարհի բազմաթիվ երկրներում փոքրամասնություն են։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930