Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորված ենք ՊՆ-ից

Հուլիս 17,1998 00:00
Arpa-Sevan

Տարիներ շարունակ Արփա-Սեւան թունելում ենք եղել։ Աշխատել ենք զօր ու գիշեր՝ հաղթահարելով լեռնային ահավոր բարդ պայմանների հարուցած դժվարությունները։ Շաբաթներով, ամիսներով տան, տնեցիների երես չենք տեսել։ Եվ այսօր, երբ Սեւանը չի «իջել մինչեւ ծնկները», առաջին հերթին եւ գլխավորապես մեր աշխատանքի արդյունքն է, 48 կիլոմետրանոց, իր տեսակի մեջ եզակի, թունելի արդյունքը։ Դրանից հետո մխրճվեցինք Որոտան-Արփա թունելի խորքերում ու այնտեղ ենք տակավին հիմա էլ։

«Հիդրոնախագիծ» ինստիտուտի միջնորդությամբ, պետշինի առաջարկությամբ եւ ՀՀ Մինիստրների խորհրդի համաձայնությամբ 1987 թվականին Սիսիան քաղաքում Որոտան-Արփա թունելի շինարարներիս համար սկսվեց 4 հարկանի 32 բնակարանանոց շենքի կառուցումը՝ ժամանակավոր կացարանների փոխարեն։ Նախահաշվային արժեքը 589,5 հազար ռուբլի էր, ընդհանուր մակերեսը կազմելու էր 2115 քմ։ Շենքի արժեքը մտցված էր «Որոտան գետի հոսքը Արփա գետի ավազան տեղափոխող հիդրոտեխնիկական կառուցվածքների համալիր» կառույցի ամփոփիչ նախահաշվի եւ 1989 թվականի շինարարության տիտղոսացուցակի մեջ։ Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող՝ մինչեւ 1993 թվականը։ Այդ տարուց շինարարությունը դադարեցվեց՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, երբ աշխատանքների ավելի քան 65 տոկոսը կատարված էր։ Այնուհետեւ ՀՀ կառավարությունը մի քանի անգամ անդրադարձավ խնդրին եւ 1994 թվականին կարգադրություն արվեց ՀՀ գյուղնախարարությանը, որպեսզի Որոտանի հիդրոհանգույցի շինարարության համար նախատեսված միջոցներից 8,7 միլիոն դրամը ուղղվի Սիսիանի շրջկենտրոնում կառուցվող անավարտ շենքի շինարարությանը։

Բայց, ավա՜ղ, բոլոր հանձնարարություններն ու կարգադրությունները հնչեցին որպես ձայն բարբառո անապատի։ Եվ այսպես, 1993 թվականից այս կառույցում լռել է շինարարի մուրճի ձայնը։ Այդ օրից Արփա-Սեւան ԲԲԸ Որոտանի արտադրական տեղամասի թունելագործները հերթով պահակություն են արել անավարտ շինությունում, պաշտպանել թալանից ու ավերածություններից։ Կիսակառույց, որի մասնաշենքերից մեկի ճակատին տուֆակերտ քարե շարվածքով գրվել է՝ «Արփա-Սեւան», մյուս մասնաշենքի պատին արծիվ է քանդակված, որը երկու ձեռքով բռնել է շինարարի մուրճը։

Ի ցավ ու զարմանք մեզ, վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ իրենց նախարարությունը որոշել է իր տնօրինության տակ վերցնել այդ անավարտ բնակելին եւ օգտագործել սեփական կարիքների համար։ Նախ անավարտ շինարարությունների սեփականաշնորհման ցանկում այդ կառույցը չկա։ Սա մեկ։ Երկրորդը։ Սիսիանում շատ լքված շենքեր կան։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ինչո՞ւ է հատկապես դրա վրա մատը դրել։ Չէ՞ որ տարիներ շարունակ երկուսուկես, երեք տասնյամյակ թունելում եղած մարդիկ սպասել են դրա ավարտին, հույսեր փայփայել, որ օրերից մի օր բնակարանի տեր պիտի դառնան։ Մենք գնահատում, հարգում ենք հայկական բանակը, երախտապարտ ենք, որ երկրի սահմանն է պահում, անվտանգությունն ապահովում, բայց մենք էլ շարունակում ենք այս քանդված երկրում թունել կառուցել, որ Սեւանը նոր հուսալի գործընկեր ունենա, կասեցվի նրա հորիզոնի «նահանջը», ջրատարներ ենք վերականգնում, նորոգում, որ ծարավ չմնան արտ ու այգի։

Եթե պետությունը չի շարունակելու մեր բնակելիի շինարարությունը, ապա, սեփականաշնորհելու դեպքում, ինքներս մեր ուժերով ավարտին կհասցնենք դրա կառուցումը։ Դիմել ենք ՀՀ կառավարություն, ՀՀ գյուղնախարարության եւ ոչ մի պատասխան չենք ստացել։ Վրդովված ենք մինչեւ հոգու խորքը։ Վիրավորվածությունից այրվում ենք, վառվում։ Եթե հարցը չլուծվի մեր օգտին, հավատացեք, որ ամբողջ կոլեկտիվով դիմելու ենք անկանխատեսելի միջոցների։ Եվ դա այնքան ժամանակ, քանի դեռ ոտնահարումից չենք փրկել մեր իրավունքը։

«Արփա-Սեւան» ԲԲԸ Որոտանի արտադրական տեղամասի 120 հոգանոց կոլեկտիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031