Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 2.

Հոկտեմբեր 17,1998 00:00
Shekoyan

Տասը տարի անց Հեղափոխությունից հետո բոլոր նրանք, ում համար գործադիր իշխանության մեջ հարմար գործ չճարվեց, ձեռնամուխ եղան հավատաքննության սուրբ գործին։ Այս մարդիկ նախապես հասցրել էին ընդգրկվել քարոզչական թեքմամբ զանազան կուսակցություններում, եւ պետք է նշել, որ սակավագույն աշխատատեղեր ունեցող մեր երկրում կուսակցական-գաղափարական աշխատանք ձեռք բերելը բնավ էլ անհաջող տարբերակ չէ։ Հեղափոխությունը հաղթել է, հեղափոխական գաղափարները նույնպես հաղթել են, բայց կադրերի հարցը, որ ամենակարեւորներից է, մշտապես շարունակական գործընթաց է, եւ նմանապես հույժ կարեւոր է կադրերի գաղափարականությունը, որովհետեւ հակահեղափոխականությունն ամեն րոպե եւ ամեն պուճախում կարող է զարթնել։

Ինչպես հեղափոխության ընթացքում, այնպես էլ հեղափոխության հաղթանակից հետո ամենավտանգավոր խավը մտավորականությունն է, քանզի միտքն է ցանկացած հեղափոխական ու քաղաքական գաղափարի թիվ մեկ հակառակորդը։ Միտքը, որ յուրաքանչյուր հեղափոխության ծնողն է, հեղափոխության առաջին իսկ օրվանից սկսած վերածվում է նենգ թշնամու։ Եվ քանզի միտքը սովորություն ունի գոյանալ ու ձեւավորվել առաջին հերթին մտավորականների ուղեղներում, ուստիեւ՝ ցանկացած հեղափոխության առաջնահերթ խնդիրներից մեկը մտավորականության վարկաբեկումն է։ Պատումի այս կասկած չհարուցող ու ինքնավստահ ոճի իրավունքը մենք (ես եւ դուք), կարծում եմ, մեր դժվարին ու բարդ կյանքով ենք վաստակել, քանզի, եթե դարասկզբի հեղափոխությունը բոլորեքյան ու մանրամասն գիտեինք կինոներից, դասագրքերից, գրքերից ու մեր անմիջական նախորդների պատմածներից, ապա վերջին հեղափոխությունը մանրամասնորեն մեր աչքերով տեսանք եւ պիտի խոստովանենք, որ դարիս երկու հեղափոխությունների ընդհանրություններն ավելի շատ են, քան, պատկերացրեք, տարբերությունները։

Բայց, այսուհանդերձ, մենք իսկապես մենք չէինք լինի, եթե որոշ կարեւոր հարցերում չանտեսեինք ու չշրջանցեինք համաշխարհային հեղափոխական փորձը։ Զորօրինակ՝ 1988-ին, երբ արդեն Հայաստանում հեղափոխության իրականացման հողը (գետինը) լիովին էր նախապատրաստված, եւ, փաստորեն, Ղարաբաղի հարցը վերջնականապես էր առկա, մեր ամենափորձառու եւ ամենահեղափոխական կուսակցությունը, չգիտես ինչու, հետին պլանում էր եւ հետին պլանում էլ մնաց՝ աններելի զգուշավորության, անվճռականության եւ անհեռատեսության պատճառով (շնորհիվ), փաստորեն, ողջ հեղափոխությունը, ազգայնականությունը եւ վերջապես իշխանությունը զիջելով «Ղարաբաղ» կոմիտեին ու ՀՀՇ-ին։

Ասում ենք աններելի զգուշավորություն, քանզի պատմության, հեղափոխության եւ ամեն ինչի պարզ տրամաբանությունը պահանջում էր, որ մեր հեղափոխական ու ազգային ՀՅԴ-ն, բարեհաջող ղեկավարելով ու ավարտելով 1988-ի հեղափոխությունը, անցներ պետության գլուխ եւ ի՛նքը պետականորեն իրականացներ արցախյան մեր բոլոր (դեռ մի բան էլ ավելի) հաղթանակները, մանավանդ որ՝ ՀՅԴ-ն նաեւ սոցիալիստական կուսակցություն է, եւ, ուրեմն, սովետական սոցիալիզմից մարդկային դեմքով սոցիալիզմին անցումն այսքան ցավագին ու այսքան կտրուկ չէր լինի։ Ու նաեւ տրամաբանական կլիներ, եթե այս ամենը հենց այսպես տեղի ունեցած լիներ, եւ ՀՅԴ-ն էլ այսօր, պատվով պսակելով իր հեղափոխական ու ազգային առաքելությունը, իշխանությունը փոխանցեր ՀՀՇ-ին, ԱԺՄ-ին կամ ԱԻՄ-ին՝ այսինքն նրանց, ովքեր գաղափարապես ու հոգեբանորեն ավելի են հակված բանակցություններին եւ տնտեսության ազատականացմանը։ Իհարկե, բոլորս էլ լիովին ի վիճակի ենք ըմբռնել դաշնակցականների առարկություններն առ այն, որ ՀՀՇ-ն չէր ուզում հող գրավել, որ ՀՅԴ-ն ստիպեց ու ՀՅԴ-ն էլ գրավեց եւ այլն։

Բայց այսուհանդերձ, այս ամենն ըմբռնելով ու հալած յուղի տեղ ընդունելով, պարտավոր ենք նաեւ սառնասրտորեն արձանագրել, որ, փաստորեն, ՀՀՇ-ն պետականորեն իրականացրեց ՀՅԴ-ի բաղձանք-առաքելությունը, եւ ՀՅԴ-ն էլ այսօր պիտի իրականացնի ՀՀՇ-ինը։ Իսկ միգուցե արդեն ողջ առաջադեմ աշխարհը բոլորիցս թաքուն մտմտում է լիովին ու վերջնականապես ազգայնանալ, եւ նվաստս պարզապես անտեղյա՞կ է դրանից։ Թե՞ ողջ առաջադեմ աշխարհը, մեր ձեռքով ԽՍՀՄ-ի հերն անիծելուց հետո, հիմա էլ ուզում է մեր ձեռքով ԱՄՆ-ի հերն անիծել։ Թե՞ Հայաստանում արդեն սկսված են պերմանենտ մինի հեղափոխությունների գործընթացները, ու կրեմլյան կամ արեւմտյան յուրաքանչյուր անդրկուլիսյան քչփչոցից հետո Հայաստանում պիտի իշխանություն փոխվի, եւ, ուրեմն, այսուհետ միմիայն զբաղվելու ենք աշխարհի գերհզորների ոգիները հայտնագործելով։ Ոգեկանչության, բանդագուշանքի ու այլ առավել անհեթեթությանց այս անկտրելի պարաններով արդյո՞ք հավերժորեն ենք կապկպված։ Եվ արդյո՞ք ճշմարտացիությունից իսպառ զուրկ են քաղաքականապես մոդայիկ այն ասեկոսեները, թե մեր գոյատեւության հիմնական գաղտնիքը հենց մեր անհեթեթության մեջ է։

Դրա հետ, իհարկե, չի կարելի չհամաձայնվել, քանի դեռ գոնե ինքներս մեզ համար վերջնականապես ու ազգովի չենք ճշտել հետեւյալը. մենք մեր առջեւ գոյատեւությունից զատ ռազմավարական այլ խնդիր դնելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Եվ եթե այսօր շուքով շեշտում ենք, որ Էրեբունին ու Ուրարտուն հենց մերն են եղել, արդյո՞ք տրամաբանական է մեր փոքրանալու երեքհազարամյա պատմության անընդհատ ու միանշանակ հերոսականացումը, եւ որքանո՞վ է արդյոք տրամաբանական, որ հարեւանների շրջապատում այսօր ամենափոքրն ենք, եւ որ՝ իր 80-ամյակը տակավին չբոլորած Ադրբեջան պետությունն իր տարածքով երկու եւ ավելի անգամ մեծ է մեզանից (եթե նույնիսկ մեր վերջին հաղթանակները վավերացվեն)։ Մեզանում յուրաքանչյուր այսպիսի պարզ թվաբանություն անող հորջորջվել եւ հորջորջվում է ներքին թշնամի, քանզի էն գլխից ենք մենք արհամարհել պարզ թվաբանությունը եւ էն գլխից ենք հակված եղել բարձրագույն մաթեմատիկային։ Այսօր Հայաստանում ՀՅԴ-ն վերստին իշխանություն է։

Այս փաստը նույնպես սառնասրտորեն բոլորը պարտավոր են ընդունել (ուզեն թե չուզեն)՝ նկատի ունենալով ոչ թե ՀՅԴ-ի ունեցած նախարարական մի քանի պորտֆելները, այլ այն, որ ՀՀ նախագահն իր այս վեց ամիսների ընթացքում գոնե արտաքին քաղաքականության գծով չի արել որեւէ այնպիսի դատողություն, որը դուրս լիներ դաշնակցության գաղափարախոսության ոլորտից։ Փաստորեն այն հեղափոխությունը, որը ՀՅԴ-ն պարտավոր էր ի կատար ածել 1988-ին, իրականացրեց (միգուցե անկախ իրենից) տասը տարի անց, եւ փետրվարյան իրադարձությունը ոչ թե սահմանադրաբար իշխանափոխություն էր, ոչ թե ներիշխանական պարզ հեղաշրջում էր, այլ՝ դասական գաղափարական հեղափոխություն, իսկ ավելի ճշգրիտ՝ մինի հեղափոխություն։ Եվ այստեղ բնավ էական չէ նախագահի ՀՅԴ անդամ լինել-չլինելու պարագան, քանզի ՀՅԴ անդամներից քչերն են գաղափարապես Քոչարյանի չափ դաշնակցականորեն հետեւողական։ Այստեղ, սակայն, աչքի չի կարող չզարնել հետեւյալ աբսուրդը։ Եթե ազգային ու արտաքին քաղաքականության հարցերում Քոչարյանը դաշնակցական է (առայժմ), ապա տնտեսության հարցերում Հռոմի Պապից (Բագրատյանից) ավելի կաթոլիկ է, ավելի բարեփոխիչ, ազատական ու արեւմտամետ։

Ինչ վերաբերում է մեզ ընդհանրապես, ապա մենք ի վիճակի ենք ձախողել ու աղավաղել ուզածդ սոցիալիզմ կամ կապիտալիզմ։ Եվ չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե մենք սոցիալիզմի հերն անիծեցինք ընդամենը 1988-ին, որովհետեւ մենք (ԽՍՀՄ հատկապես ասիական ժողովուրդների հետ ձեռք-ձեռքի) սոցիալիզմ ասածը սկսել էինք հիմնովին աղավաղել դեռեւս 70-ականների սկզբներից։ Եվ նույն հաջողությամբ արդեն իսկ կապիտալիզմ կոչվածն էլ ենք աղավաղել ու վարկաբեկել, քանզի արդեն ավելի քան ակնհայտ է, որ այսուհետ Հայաստանում ամեն նոր եկած իշխանություն վերստին ու խստագույնս կատարելու է կապիտալի եւ ունեցվածքի վերաբաշխում, եւ նմանապես ակնհայտ է, որ հենց այս պատճառով էլ Հայաստանում երբեւէ իշխանությունը կամավոր կերպով չի զիջվի թեկուզեւ երկնքից իջած մեկին։ Եվ տրամաբանության այս թեկուզեւ սուբյեկտիվ ֆոնի վրա միանգամայն ընկալելի է դառնում Կոնյակի գործարանի վաճառքը։

Այսինքն՝ փողը վերցնում ես քեզ, իսկ ապրանքը տալիս ես խալխին, բայց այնպիսի խալխի, որից հաջորդ իշխանությունն ի վիճակի չլինի ապրանքը հետ խլել։ Այսինքն՝ այսուհետ եւս, հինգ տարին մեկ Հայաստանում տեղի կունենան ոչ թե նախագահական ընտրություններ, այլ՝ մինի հեղափոխությունների պերմանենտ փորձեր, որոնք կամ կպսակվեն հաջողությամբ, կամ կձախողվեն։ Միգուցե ինքնաբերաբար, այնպես է ստացվել, որ, փաստորեն, մենք մեր քաղաքական ռազմավարությամբ Ռուսաստանի ու նրա մերձավորների հետ ենք, իսկ տնտեսությամբ՝ Արեւմուտքի։ Արդեն մեզ համոզում են, որ քաղաքականության ու բնության մեջ այդպիսի բան էլ է լինում։ Եվ համոզողներին արդյո՞ք այլեւս հնարավոր է հետ համոզել, բացատրելով, որ առնվազն Չինաստանի կամ Ռուսաստանի չափ հզոր պիտի լինես, որպեսզի ինքդ քեզ նմանօրինակ փորձությամբ փորձվելու իրավունք վերապահես։

Ինչեւէ. կփորձենք՝ նոր միայն կհամոզվենք։ Վերջապես քի՞չ բաներ կան, որ հենց հայերս ենք աշխարհում առաջինը փորձել։ Թատրոնն օրինակ։ Կամ, ասենք, գարեջուրը։ Ի՞նչ է, վա՞տ բաներ են։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031