Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խմորը դեռ որքա՞ն ջուր կվերցնի

Նոյեմբեր 04,1998 00:00
paxstakan

Փախստականների հիմնահարցը դամոկլյան սրի նման կախվել է երկրի տնտեսական եւ քաղաքական գլուխներին։ Ոնց շուռ են գալիս, փախստականների 10 տարի շարունակ չլուծված խնդիրներն են պատահում, թեպետ շատ էլ սրտներով չէ, բայց ի՞նչ անեն. հարցը հասունացել է, իսկ լուծումները չեն երեւում։

ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խիստ մտահոգ եւ անհանգիստ է փախստականների խնդրով եւ ուզում է նրանց օգտին մի բան էլ ինքն անել։ Վահան Հովհաննիսյանին «նույնիսկ էդ բառն էլ դուրս չի գալիս (փախստական- Մ. Ե.), բայց ստիպված օգտագործում ենք», սակայն նրանց խնդիրներով որոշել են զբաղվել։ Մինչ երեկվա հանդիպումն արդեն եղել էր նմանատիպ հանդիպում, որի ընթացքում «պարզվեց, որ մեր հասարակական գիտակցության մեջ գոյություն ունեցող ստերեոտիպը, որ փախստականները մարդիկ են, որ անընդհատ ինչ-որ բան են պահանջում այստեղից-այնտեղից, ինչ-որ բան կորզելու նպատակ են հետապնդում, ուղղակի կոտրվեց, ջարդվեց ու փշրվեց, որովհետեւ պարզվեց, որ մարդկանց առաջին հերթին հետաքրքրում են քաղաքական շատ լուրջ, հոգեւոր աշխարհի հետ կապված խնդիրներ, իսկ նյութական պրոբլեմները, որոնք անշուշտ նույնպես շատ կարեւոր են այդ մարդկանց համար, խնդիրների թվաքանակի մեջ մեծամասնություն չեն զբաղեցնում»։

Այս խոսքերից հետո, նախագահի խորհրդականն ավելացրեց, թե կարեւորում են նաեւ դրանք (նյութականը- Մ. Ե.), սակայն գիտեն նաեւ, որ «մինչեւ օրինական, օրենսդրական հիմքեր չստեղծվեն նորմալ հարաբերությունների համար՝ պետության եւ փախստականների միջեւ, որեւէ առաջընթաց որեւէ ասպարեզում դժվար կարելի լինի ակնկալել»։

Այդ էր պատճառը, որ երեկվա հանդիպումը նվիրված էր «Փախստականների մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ Ինձ «բախտ է վիճակվել» դեռ ապրիլ ամսին մասնակցել վերոհիշյալ օրենքի նախագծի առաջին քննարկմանը։ Այն ժամանակ փախստականների վարչության պետ Մեխակ Գաբրիելյանը պատմեց, թե առաջին տառից մինչեւ վերջ օրենքի նախագիծը իր աշխատանքի արդյունքն է։ Այդ օրերին ՀՀ նոր սոցապ նախարարն էր Գագիկ Եգանյանը, որն առաջին օրերին այնքան էլ վարժ չէր այդ դերի համար։ Երեկ Գագիկ Եգանյանը փորձեց արհեստավարժ մոտեցմամբ ներկայացնել օրենքի նախագիծը։ Նախորդ վարչության պետի մասին ոչինչ չասվեց, սակայն թռուցիկ ներկայացվեց ուշացած եկած նորը՝ Հովիկ Ահարոնյան։

Օրենքի նախագծի նման քննարկումներն իբրեւ օրենք ոչինչ չեն տալիս եւ թվում է հերթական (+) (պլյուսը) ստանալու համար են հրավիրվում։ Քննարկմանը ներկա բազմաթիվ հասարակական կազմակերպություններ բազմիցս առիթ ունեցել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնել այս օրենքի նախագծի շուրջ։ Այս անգամ էլ նոր բան գրեթե չասվեց։ Միակ նորը թերեւս այն հինն էր, որ մինչեւ քննարկումը, երբ զրուցում էի տիկին Ղուկասովայի հետ (փախստական Բաքվից), վերջինս եւս հիշեց, թե 1992-ից սկսած ինքը մասնակցում է նախագծերի քննարկմանը եւ ապա դառն քմծիծաղով ավելացրեց. «Երեւի մեր փախստական դառնալու 25-ամյակն էլ կնշենք, ու մեր կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվի»։

Իսկ ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «հիմա էլ վստահ չենք. մոտ ժամանակներս կընդունվի՞ օրենքը, թե՝ ոչ»։ Այնուհետեւ խոսքը տրվեց սոցապ նախարարին, որն էլ արդեն ծանոթ ու հարազատ նույն թվերն ասաց փախստականների մասին, այսինքն, այն՝ ինչ սովորաբար ասվում է, թե ՀՀ է բռնագաղթել 419 հազար փախստական, որից՝ 360 հազարը՝ Ադրբեջանից, 48 հազարը՝ ԼՂՀ-ից, իսկ 11 հազարը՝ ԱՊՀ այլ երկրներից։ Այլ երկրներ են մեկնել շուրջ 71 հազար 500-ը, իսկ 30 հազարը՝ Արցախ, ՀՀ քաղաքացիություն են ընդունել շուրջ 5 հազար մարդ։ Ի մի բերվելով ասվեց, թե Հայաստանում այսօր 311 հազար փախստական է ապրում, որից 65 հազարը տվյալ պահին բացակայում են, շուրջ 14 հազարը ապրում են ժամանակավոր կացարաններում։ Փախստականներն Ադրբեջանում թողեցին շուրջ 92 հազար տուն եւ բնակարան, իսկ այստեղ առաջարկվողը շուրջ 30 հազար էր։

Փախստականների հիմնախնդիրները փողոցներից եւ հասարակական կազմակերպությունների քննարկումների շրջանակներից ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են ՀՀ նախագահի նստավայր, սակայն հարցերը շարունակվում են չլուծված մնալ։ Իրականությունը ցանկացած քննարկումից իրական է, մարդիկ չեն ցանկանում քաղաքացիություն ընդունել, նրանք իրենց չնչին արտոնություններն անգամ չեն կարողանում ստանալ։ Այն 5 հազարը կազմակերպություններից մեկի ներկայացուցչի (Էմիլ Շահնազարյան) կարծիքով, քաղաքացիություն ընդունել է միայն մեկ նպատակով՝ երկրից դուրս գալու հնարավորություն ստանալու համար. «իսկ երբ պետությանը պետք է եղել, փախստականներին ընտրվելու իրավունք տրվել է, երբ պետք չի եղել, չի տրվել»։ Սա է իրականությունը, մեկ էլ այն, թե «Բանակն ասում են՝ կամավոր է, բայց իրականում կամավոր չէ, ստիպողական է»։ Այսինքն, երբ խոսքը վերաբերում է փախստականներից վերցնելու մասին, վերցվում է, իսկ երբ պետք է տալ՝ անտերություն է։

Վստահ ենք, նման քննարկումներ դարձյալ կլինեն, սակայն դրանք գոնե մեկ բնակարանային խնդիր չեն լուծի, իսկ նախագիծը դեռ երկար կմնա լքյալի կարգավիճակում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30