Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերգեյջանները», ըստ երեւույթին, լավ են ապրելու

Դեկտեմբեր 23,1998 00:00
vark

Վերջերս ՀՀՇ առաջնորդ Վանո Սիրադեղյանը այսպես բնորոշեց Հայաստանի ներքաղաքական կյանքը. մուխանաթ ժողովուրդ ենք, կիսելու բան չկա: Այս մտքին կարելի է ավելացնել՝ Հայաստանը փոքր երկիր է փոքրիկ կերատաշտով, գումարած՝ վարկերը: Ահա եւ կիսվելու ենթակա ողջ բլիթը՝ փոքրիկ ու անհրապույր: Բայց ցանկացողները՝ շատ. 30 հազարանոց բյուրոկրատիա եւ 1000-ից ավելի կուսակցություն ու հասարակական կազմակերպություն:

«Սերգեյջան» թեւավոր արտահայտությունը ընթերցողը լավ է հիշում. 1997թ. սեպտեմբերի ասուլիսում նախկին նախագահը, հիմնավորելով իր տեսակետը, ըստ որի, քանի Ղարաբաղի հարցը լուծված չէ՝ Հայաստանը ոչ ներդրումներ, ոչ էլ վարկեր չի ստանա, դիմեց Սերգեյ Երիցյանին՝ այնպես որ, լավ չես ապրելու, Սերգեյջան: 1996թ. հետո իսկապես նվազել էին ներդրումները (եթե այդպիսիք կային), իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցրել էին ֆինանսական ներարկումները: Հայաստանի իշխանության առջեւ իսկապես խնդիր էր առաջացել՝ ինչպես պահել պետական բյուրոկրատիան՝ այդ հզոր ու գորշ զանգվածը, պետության պահապանն ու պոտենցիալ խորտակողը, որի առջեւ անզոր է ցանկացած նախագահ, ցանկացած ուժ: Նախկին նախագահը, ի դեմս Սերգեյջանի դիմում էր հենց այդ զանգվածին՝ փորձելով շեղել նրա ահագնացող դժգոհությունը զանազան ուղղություններով՝ Ղարաբաղի հարց, ուժայիններ գումարած վարչապետ եւ այլն: Սակայն չինովնիկական գորշ զանգվածը չանսաց իր նախագահին՝ նրա բնազդն այլ բան էր հուշում:

Բանն այն է, որ ինչպես Հայաստանին, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներին միջազգային ֆինանսական կազմակերպությունները վարկեր են տրամադրում հիմնականում պետական բյուրոկրատիան ձեւավորելու եւ կերակրելու համար: Այդ վարկերի ձեւակերպումը հետեւյալն է՝ կառուցվածքային բարեփոխումներ: Այսինքն, ոչ թե արդյունաբերության, գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ոլորտների ուղղակի ներարկումներ, այլ կառուցվածքային փոփոխություններ, որը ենթադրում է որոշակի մտածողությամբ, աշխարհայացքով ու տնտեսական մոդելի կաղապարները յուրացրած զանգվածի ձեւավորում: Հայաստանում նույնիսկ այդպիսի նախարարություն կա՝ կառուցվածքային բարեփոխումների նախարարություն, որի խնդիրը դժվար չէ կռահել: Կառուցվածքային փոփոխությունների տակ տեղի է ունենում խորհրդատվական, միջնորդ կազմակերպությունների ստեղծում, որոնք հիմնականում կազմավորվում են կառավարության հովանու ներքո եւ իրացնում են վարկային միջոցները: Օրինակ, այդպիսի մի ֆիրմա կես տարվա մեջ, հայ ազգին լիբերալ տնտեսություն քարոզելու համար ծախսել է 600 հազար դոլար: Պարզ է, որ դրանից ազգի մտածողությունը ոչ փոխվել է, ոչ էլ բարեփոխվել: Պարզ է նաեւ ընդդիմության դժգոհությունը՝ չէ՞ որ այդ 600 հազարով կարող էր ինքն էլ լիբերալ տնտեսություն քարոզել: Եւ յուրաքանչյուր ոք կարող է քարոզել:

Հայաստանում վերջերս նույնիսկ միամիտ փորձ է արվում ուսումնասիրել վարկերի օգտագործումը: Այդ նպատակով ԱԺ-ում ստեղծվել է մի հանձնաժողով, որի անվան միայն հապավումը՝ ՕՊՄԿՍ-ՎՕԱՈՒՀ, արժանի է 600 հազարանոց մի վարկի: Խնդիրը սակայն այլ է՝ ով կկերակրի բյուրոկրատիային: Նախկին նախագահի հաշվարկը պարզ էր՝ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, եւ նրան միջազգային հանրությունը փող չի տա: Սակայն այս անգամ էլ նախկին նախագահի հաշվարկը սխալ դուրս եկավ. ՀՀ նոր իշխանությունը դրսում ամենեւին էլ չի ընկալվում պատերազմի կուսակցություն, ինչպես փորձում է ցույց տալ նաեւ ՀՀՇ-ն: Դրա ապացույցն է այն, որ Համաշխարհային բանկը պատրաստ է երկարատեւ ընդմիջումից հետո կառուցվածքային բարեփոխումների հերթական 65 միլիոն դոլարը տալ: Այնպես որ, Սերգեյջանները լավ են ապրելու՝ դեռ այնքան բան կա բարեփոխելու այս փոքրիկ երկրում:

Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031