Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ

Հունվար 26,1999 00:00
sd

«ԱրմենՏելի» եւ հունական OTE ընկերության համատեղ գործարքը ոմանք համարում են դեռ դարամփոփիչ նշանակության, ոմանք՝ ազգադավ ու խայտառակ։ Ընդ որում, շատերը փորձում են քողարկում-քողարկում խաղալ, ժամանակային առումով «քցում» են անում, պնդելով, թե գործարքը կնքվել է մոտավորապես քարեդարյան դարաշրջանում, երբ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի նախապապերն օգտվում էին պալեոլիթի ժամանակաշրջանի կապի միջոցներից, իսկ մի քիչ ամուր հիշողություն ունեցողներն ասում են, որ՝ ոչ, գործարքը կատարվել է 1997 թվականից հետո եւ ավարտվել օրհնությամբ եւ մասնակցությամբ նաեւ Արմեն Դարբինյանի, Վահրամ Ավանեսյանի եւ Գրիգոր Պողպատյանի։

Տեսարան ի ՍԴ

Ինչպես Պարոնյանը կասեր. սրահ մը, մեջտեղը՝ խոսափող, կողքերը՝ խոսափող, պատեն ժամացույց մը կախված, «աջ կողմը խուց մը, միջին դուռ»։ Հունվարի 23-ին, այնուամենայնիվ, ՍԴ-ն քննության էր դրել ԱԺ 72 պատգամավորների դիմումը, որոնք խնդրում էին «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածը կամ օրենքը (զարմանալի է, որ պահանջը հստակ չէ – Ռ.Մ.) «ՀՀ Սահմանադրությանը հակասող» ճանաչել։

Դատարանն իր աշխատակարգային որոշումով զեկուցող էր ճանաչել ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին, որն էլ դատարանին ներկայացրեց վիճելի հարցի՝ գործարքի իրավական հիմքերը, հոդված 24-ը՝ իր անցումային դրույթներով։ Ընդսմին, ըստ այդ վիճելի հոդվածի, նախատեսվել էր, որ «ՀՀ-ն հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի օրինական սեփականատեր հանդիսացող «ԱրմենՏել» ՓԲԸ 15 տարի ժամկետով տրված եւ «ԱրմենՏելի» հեռահաղորդակցության ցանցերով բարձր հաճախության տեսափոխանցման (այդ թվում՝ մալուխյան հեռուստատեսություն) ծառայություններ մատուցելու բացառիկ իրավունքները հաստատող՝ մինչեւ սույն օրենքի ընդունումը ՀՀ կապի նախարարության կողմից տրված եւ ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիան ուժի մեջ է սույն օրենքին եւ լիցենզիայի պայմաններին համապատասխան։

Նշված լիցենզիայով սահմանված իրավունքների գործողությունը պետք է ապահովվի ՀՀ օրենսդրությամբ (այդ թվում՝ հակամենաշնորհային օրենսդրությամբ)»։ Թե ինչո՞ւ էր դիմող կողմը՝ ԱԺ 72 պատգամավորների կողմից լիազորված Էդ. Եգորյանը, Ա. Սադոյանը, Վ. Խաչատրյանը օրենքն ընդունելուց հետո նախապատվություն տվել դիմելու ՍԴ, եւ ինչո՞ւ, ինչպես զեկուցողն ասաց «անմիջապես» չեն դիմել ՍԴ կամ ՍԴ անդամ Ֆ. Թոխյանի «ճիշտ չէ՞ր լինի արտահերթ նիստ գնալու ուղիով գնայիք ԱԺ, դիմեիք ՍԴ» հարցերին Էդ. Եգորյանն ասաց, որ չէին կարծում, որ «այդ ժամանակ (հիշեցնենք, փետրվարյան պալատական հեղաշրջումից 14 օր հետո, անցյալ տարի -Ռ.Մ.) հնարավոր էր 1/3-րդ հավաքել, մեր ուժերը հազիվ բավարարում էին… կոնյակ, էներգիա, հերթը հասավ սրան»։ Սակայն, երբ ավելի անկեղծացավ, շարունակեց. «ՍԴ որոշումն ուղղակի անհամեմատելի է իր նշանակությամբ եւ իր արժեքով՝ նույնատիպ որոշման հետ, որ կընդունի ԱԺ-ն։ ՍԴ որոշումը չափազանց կայուն կլինի», քանի որ «ԱԺ որոշումն ավելի փոփոխական է։ Երկու օր հետո կարելի է վախեցնել եւ…»։

«Եվ-ի» հետեւանքները իր ելույթում ավելի մանրամասնելով, շարադրեց դիմող կողմը։ Ըստ Էդ. Եգորյանի, «Հեռահաղորդակցման մասին» օրենքի 24 հոդվածը «ԱրմենՏելին» շնորհում է բացառիկ մենաշնորհային իրավունքներ։ Եվ որ բաժնետոմսերի մի մասն էլ վաճառվել է «մի ծանրաշարժ ֆիրմայի», որին «որպես պետական ֆիրմայի, շատ քչերն են վարկեր տալիս» եւ որ «այդ ֆիրման պետք է 15 տարի Հայաստանը գաղութացնի»։

Վարկած առաջին. Հունաստանը կապիտուլյացիայի՞ է ենթարկում Հայաստանը «Ակնհայտ է միտումնավոր խաբելու տեխնոլոգիան։ Իրականում պարզվում է, որ ինչ-որ Ջերսի կղզու օրենքներով գործող ինչ-որ անհասկանալի կազմակերպություն է»։ Հասկանալի է, Արշակ Սադոյանը նկատի ուներ հունական OTE-ն, որի մուտքը մեր «ինքնիշխան» հորիզոնում անսպասելի է եղել. «Ո՞նց հայտնվեց մեր հորիզոնում։ 500 դոլար մուծելով, գրանցվելով, հանկարծ դառնում է այս հանցավոր գործարքով 77 մլն դոլարի տեր»։ Արդյունքում հարաբերությունը վերահսկիչ ծրարի 51։49 է, հայտնված օտարերկրացիների ձեռքում։ «Ո՞վ չի հասկանում, որ երբ հեղափոխություններ են լինում, առաջին հերթին հաղորդակցման ոլորտն են փորձում ուժով, բռնությամբ իշխանության տիրանալու ուժերը ձեռք գցել»։

Խախտվել է մեր երկրի ինքնիշխանությունը։ Ահա թե ինչու նույնքան անտեղի չհնչեց ՍԴ անդամ Ռ. Պապայանի հարցադրումը. «Պետական կառավարման կապը եւ անվտանգության կապը առնչություն ունի՞ Հայաստանի անվտանգության հետ։ Եթե այո, ապա որքանո՞վ է տրամաբանական այդ կապը բացարձակ իրավունքով նույնպես հանձնել օտարերկրյա ընկերությանը», ինչին ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչները, պատասխանող եռյակը՝ Վահրամ Ավանեսյանը, Դավիթ Հարությունյանը, Արտակ Վարդանյանը, ինչ խոսք, բացառեց հունական պետության ագրեսիայի հնարավորությունը կամ… կապիտուլյացիան։ Սակայն չբացառեցին կամ պատասխան չտվեցին Վ. Խաչատրյանի այն պնդմանը, որ «մինչեւ օրս «ԱրմենՏել» ՓԲԸ-ն չունի իր որոշումը, որով կասեցրել է վիճելի չորս րոպեների հարցը»։

Երկու լիցենզիայի արանքում 

Վիճելի գործարքի հիմքում դրվել են 60 թվակիր երկու լիցենզիաներ։ ՍԴ նախագահի այն հարցին, թե ԱԺ պատգամավորները երբ պետք է քննարկեին սույն հարցը, ծանոթ եղե՞լ են վերոնշյալ լիցենզիային, դիմող կողմի պատասխանն էր. «Իհարկե, ծանոթ չէինք։ Լիցենզիան ոչ մեկն իր ձեռքի տակ չի ունեցել»։ Սա Էդ. Եգորյանի պատասխանն էր, չնայած Վահագն Խաչատրյանը նույն հարցի կապակցությամբ «խոստովանեց», որ առիթ է ունեցել լիցենզիայի հետ «հանդիպել» դեռ 1997-ին։ Այնուհանդերձ, ինչպես նիստի ժամանակ ներկայացրեց Գագիկ Հարությունյանը, լիցենզիայի «բացառիկ իրավունքների դրույթներում» կա, որ «սահմանված կարգով» լիազորված մարմիններ կան, այս դեպքում «կարո՞ղ է վաղը լիազորեն նաեւ ԱԱՆ-ին կամ Պաշտպանության նախարարությանը», ինչի դեպքում «պետության իրավական ուժ հասկացությունը կարող է ավելի բարդ բնույթ կրել»։

Իհարկե, կապի նախարարությունը «պարտավորվում է չթույլատրել ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումը», որի կապակցությամբ ՍԴ նախագահը դիմեց արդարադատության նախարար իր ազգանվանակցին. «ո՞րն է իրավական բնույթը, այդ ի՞նչ իրավասություն է»։ Նախարարը չթաքցրեց էլ, որ «մեզ բնորոշ ձեւակերպում չի արված» եւ «ճշտեց», որ խոսքը պատասխանատվության դրույթին է վերաբերում։ «Մեզ չբնորոշող» ձեւակերպումներն այնքան շատ էին, որ պահից օգտվեց ՍԴ նախագահի տեղակալը, տալով այսպիսի հարց. «Այս լիցենզիային նայելիս այն տպավորությունն է, որ գրմանը մասնակցել են այլ պետությունների մասնագետներ։ Նրա՞նք են գրել»: Եվ չսխալվեցիք. Վահրամ Ավանեսյանը հույժ պատմական պատասխան տվեց. «Նրանք են գրել»։ Այսօր ՍԴ-ում հավանաբար ճշտվի, թե «նրանք» ասելով, ո՞ւմ նկատի ուներ պրն Ավանեսյանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031