Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ. «ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՍԻՐՏԸ»

Փետրվար 09,1999 00:00
Vano Siradexyan

Փետրվարի 8 քաղաքական օրվա ընթացքում Ազգային ժողովում խոսվում էր, թե ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը զանգահարել է Երեւան եւ ասել, թե 3-4 շաբաթից կվերադառնա եւ կանգնելով ինչպես դատարանի, այնպես էլ պառլամենտի առջեւ՝ կասի իր խոսքը։ Հետո ՀՀՇ վարչությունը նիստ է գումարել եւ առաջարկել, որ Վանո Սիրադեղյանն իր խոսքը Հայաստան ուղարկի նաեւ ֆաքսով՝ մամուլում տպագրելու համար։ Լուրը ճշտելու համար այցելեցինք ՀՀՇ վարչություն։ Մեր զրուցակիցն է ՀՀՇ վարչության փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Արարատ Զուրաբյանը։

– Այո, Վանո Սիրադեղյանը զանգահարել է եւ խոսել Ալեքսանդր Արզումանյանի հետ։ Մանրամասնությունները նա կարող է հաղորդել, բայց ես գիտեմ, որ Վանո Սիրադեղյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի խոսակցության հիմքում ընկած է հետեւյալը՝ ՀՀՇ վարչության նախագահն իր հեռախոսազանգի ընթացքում ասել է, որ դեռ խնդիրներ ունի առողջության հետ, ինչի պատճառով էլ հնարավոր է վիրահատություն։ Այս փուլում բժշկական հետազոտություններ են կատարվում։ Ինչպես հայտնի է, ՀՀՇ վարչության նախագահը վերջին օրերին խնդիրներ ուներ սրտի հետ։ Այնպես որ, վիրահատությունը միանգամայն հնարավոր է, որից հետո էլ, եթե, իհարկե, այդ գործողությունը կատարվի, Սիրադեղյանը, ինչպես ինքն է հույս արտահայտել, շատ հնարավոր է Հայաստան վերադառնա 3-4 շաբաթվա ընթացքում։ Միաժամանակ ուզում եմ ասել, որ նա չի խուսափում դատաքննությամբ արդարացվելուց, այսինքն՝ պատրաստ է գնալ դատաքննության, որովհետեւ համոզված է՝ այդ ամենը, այսինքն՝ քրեական գործը, իրականությանը բացարձակապես չի համապատասխանում այն առումով, որ ինքն ամենեւին էլ մեղավորություն չունի։

– Պարոն Զուրաբյան, պարոն Սիրադեղյանի խոսքերն ե՞ք փոխանցում, թե՞ Ձեր տպավորություններն եք արտահայտում հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։

– Ես ուզում եմ ասել հետեւյալը. քանի որ ես նրա խոսքերը չեմ կարդում, ուստի 100 տոկոսանոց ստույգությամբ չեմ կարող ասել, թե ի՞նչ է մտածում Սիրադեղյանը։ Սակայն այն ամենը, ինչ ես ասացի, իմ կարծիքով, իրականությանը համապատասխանում է նվազագույնը 99 տոկոսով։ Ես նկատի ունեմ այն, ինչ նա ասել է։

– Ե՞րբ է տեղի ունեցել խոսակցությունը եւ որտեղի՞ց է հնչել հեռախոսազանգը, եթե գաղտնիք չէ։

– Հեռախոսազանգը հնչել է Դուբայից եւ խոսել է Արզումանյան Ալիկի հետ, զրույցը տեղի է ունեցել փետրվարի 8-ին։

– Հիմա դուք գլխավորում եք ՀՀՇ վարչությունը։ Ի՞նչ գնահատական կտայիք Վանո Սիրադեղյանի բացակայությանը։

– Այս հարցը ինչ-որ չափով սխալ շահարկումների տեղիք տվեց, ինչի անհրաժեշտությունը չկար։ Սիրադեղյանն այն մարդկանցից չէ, որ կարող է փախչել Հայաստանից։ Եթե փախչող լիներ, 88 թվականին չէր դառնա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից ու մի քանի ամիս չէր անցկացնի մոսկովյան բանտում։ Նա այն մարդկանցից չէ, որ փորձի ինչ-որ բաներից խուսափել։ Նա կվերադառնա, կմասնակցի այդ ամբողջ պրոցեսներին։ Ես համոզված եմ, որ դատական պրոցեսի ընթացքում ճշմարիտ պատասխաններ կհնչեն։ Համոզված եմ, որ Վանո Սիրադեղյանը մեր հասարակության մեջ ամենաարդար ու ազնիվ մարդկանցից է։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել