Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ ընտրությունից առաջ

Մարտ 20,1999 00:00
tota6

Հայրիկյանի ընտրարշավը սկսվել է 4 ամիս առաջ։ Չորս տարվա ընդմիջումից հետո, Մովսես Գորգիսյանի քրոջ տանը ժամանակավոր հյուրընկալած զոհված ընկերոջ մորը, իր «սրբազան պարտքը» կատարելու նպատակով, բակում հավաքված բնակիչներին ցուցադրական այց-շոուն մատուցելով, գրկախառնվել է որդեկորույս մորը (ընտրությունից առաջ), ինչ-որ ցուցակում պլյուս դրել՝ «վերականգնել» իր ընկերասիրությունը, նվիրել իր այցետոմսն ու բազում խոստումները։

Տարօրինակ էր, բայց Հայրիկյանն այս անգամ իր «մարդասիրական» արարքը կատարելիս չէր տարել ոչ նկարահանման խցիկ, ոչ էլ լուսանկարչական սարք։

Հետո, որպես իր հավատարմության եւ հարգանքի տուրք՝ պատիվ էր համարել ուղարկել ԻՄ-ի վեհաժողովի 2 հրավիրատոմս Մովսեսի մորն ու կնոջը։ Վեհաժողովում հաստատ կար տեսախցիկ էլ, լուսանկարչական սարք էլ։ Երբ զոհված ընկերոջ՝ Մովսես Գորգիսյանի այրուն՝ ԱԻՄ-ի փոխնախագահ Ռուզան Գորգիսյանին, 1995 թ. Հայրիկյանը հեռացրեց ԱԻՄ-ից, ոչ միայն հաջորդ համագումարին հնարավորություն չընձեռեց մասնակցելու, այլեւ առհասարակ արգելված էր ԱԻՄ-ի տարածքում լինելը։

Մարդու իրավունքների ոտնահարման դեմ ամբողջ կյանքում պայքարած մեծագույն «առաջնորդը» վերջին խոսքի հնարավորություն էլ չընձեռեց։

Կար ու չկա, վերջ… Իրեն այդպես էր պետք։ Իսկ երեխա՞ն…, Հաջորդ ընտրությանը, եթե պետք լինի, հավանաբար, նրան էլ կհիշի։

Սեպտեմբերյան դեպքերից թուքը չորացած, իրեն կորցրած «ընդդիմադիր» պատգամավորը աղերսագին խնդրում էր. «Մարդ եղեք, բան եմ ասում… նույնիսկ դատարանում վերջին խոսքի հնարավորություն եմ ընձեռում»։

Երեւի այդ օրը մոլեռանդ հավատացյալը մոռացել էր Աստվածաշնչի ոսկե օրենքը. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր քեզ հետ վարվեն»։

Մի քանի օր առաջ՝ մարտի 15-ին, «Մայր Հայրենիք» հեռուստաընկերությամբ հնչել է ԻՄ-ի վեհաժողովում հաստատված ԱԺ պատգամավորների ցուցակը, որտեղ Արամ Հարությունյանի փոխարեն՝ հնչել է Արամ Մաշուրյան, Սուսաննա Ավագյանի փոխարեն՝ Սուսաննա Գորգիսյան։

ԻՄ-ը իր բողոքի ձայնը չբարձրացրեց հայտարարության կապակցությամբ։ Ասենք, կարող էր հնչել՝ Պարույր Մարիկյան, Ներսես Խանզադյան, Սուսաննա Սիրատենկո, Արամ Չերնոմիրդին-Տոլստոմիրդին-Կրասնոմիրդին, ի՞նչ տարբերություն, ի՞նչ իմանաս, գուցե ԻՄ-ը դարձյալ չլսելու տար։

Բայց, երբ հեռուստաընկերություն զանգահարեցի, իմ վրդովմունքին ի պատասխան, 21-ամյա լրագրողուհին ճգնում էր ինքնազոհմամբ ապացուցել, որ սատանայական միջամտություն չկա, որ պատվեր չէ, այլ իր կողմից կատարված թյուրիմացություն։ Եվ նույնիսկ 10 անգամ հերքում տալով էլ, 10 անգամ ավելի կամրապնդվի սուտը։

ԻՄ-ին պատիվ է հնչեցնել իմ ազգանունը, ինձ՝ անպատվություն լինել նրանց կողքին։

Այնքան նման էին Հարությունյանը Մաշուրյանին, Ավագյանը՝ Գորգիսյանին, որ «խեղճ» լրագրողուհին արագ գրելիս շփոթվել էր։ Սատանայական խաղերով էլ երկիր է ուզում կառավարել։ Չարիքը նոր չարիք է ծնում։ Նորից պիտի հիշեցնել մոլեռանդ հավատացյալին, որ «Չար ծառը բարի պտուղ չի տա»։ Որ նպատակը չի արդարացնում միջոցը։ Անընդմեջ սրան-նրան փչացնելու մեջ մեղադրելու փոխարեն պետք չէ ավելի խորացնել սեփական փչացածությունը։ Կա մի աստիճան, որից հետո մաքրվել չի լինում։

Ոչ Ռուզան Գորգիսյանը, ոչ էլ Աշոտ Մաշուրյանը ԻՄ-ականներ չեն, նրանք ժամանակին եղել են ԱԻՄ-ի անդամներ եւ ոչ միայն չեն մասնակցել ԻՄ-ի վեհաժողովին եւ կապ չունեն ցուցակների հետ, նրանք ԻՄ-ի շենք էլ չեն մտնում։

ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը երբ հայտարարեց, որ երկրապահները մտնում են Հանրապետական կուսակցություն, որի հենքը ԱՄԿ-ականներն են, Հայրիկյանը շտապեց հետ չմնալ եւ շուրջը հավաքեց ժամանակին ԱԻՄ-ից հեռացած Մեխակ Գաբրիելյանին եւ ՀՀՇ-ից մոռացված Վարդան Հարությունյանին։

Գուցե՞ այսօր ոմանք իրենց մտքում շնորհակալ են ՊՆ նախարարից։ Գուցե՞ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ մտքում շնորհակալ է խորհրդականի կարգավիճակը դարձյալ ընտրությունից առաջ վայր դրած Հայրիկյանից։

Հոգեվարքի մեջ, ճգնելով երկարացնել իր թշվառ իշխանությունը իրեն դեռ չճանաչող՝ վաղվա խաբված իմականների վրա (կամ շատ լավ ճանաչող եւ իր տեսակն ընդունող), աջ ու ձախ ցեխ է շպրտում բոլոր այն աիմականների հետեւից, ովքեր ամենածանր ու դժվարին տարիներին անբասիր ու անմնացորդ նվիրվել էին ԱԻՄ-ին, որպես ժամանակի առաջավոր քաղաքական կազմակերպության։

ԱԻՄ-ից տարբեր տարիներին շատերը հեռացան։ Նվիրումով եկան, կորուստներով գնացին՝ խաբված-հիասթափված, քանզի հասկացան, որ մարդ-գործոնը չկա, որ ՀԱՆՈՒՆԸ, որի դրոշի ներքո հավաքվել են, նեղացավ եւ օղակվեց մեկ անձի դափնիներում։ Որ Հայկ Նահապետն էլ է իր զինվորը, որ արեւն ու լուսինն էլ է ինքը ստեղծել, քիչ մնաց պարզվի, որ Աստծուն արարողն էլ է դարձյալ ինքը։ Ինքը առաջինն է, եւ ամեն ինչ ինքն ասաց առաջինը։

Հեռացան շատերը եւ ոչ մի կորուստ որպես այդպիսին չընդունեց, ցավ չապրեց։ Չմեղադրեց իրեն, չփորձեց գտնել կատարվածի պատճառները. բոլորի համար էլ իր հայհոյանքներով լեցուն հարուստ բառապաշարում գտավ մակդիրներ, գտավ մոգոնված պատճառաբանություններ։

Ճահիճը խառնելիս գարշահոտ է գալիս, այն պետք է չորացնել։ ԻՄ-ի համամասնական ցուցակում կան մարդիկ, որոնք դեռ կշարունակեն տեղում դոփել, եթե փորձենք անգամ հավատալ, որ գոնե այս անգամ ցուցակը նախապես կազմված չէ։

Ինչ խոսք, այսօր մեծ ուրախություն պարգեւեցինք Հայրիկյանին՝ նրա մասին մի քանի անգամ հիշատակելով, քանզի կարեւորն այն է, որ գրեն իր մասին, չմոռանան՝ թեկուզ հայհոյեն։ Բավարարենք մեծ փառամոլի եսասիրությունը դարձյալ ընտրությունից առաջ։

Մնանք անհամբեր սպասող՝ հայրական ապտակների վարպետի՝ մարդու իրավունքների պաշտպանի հերթական դրսեւորումներին։

ՌՈՒԶԱՆ ԳՈՐԳԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031