Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԿՈՒՆԵՆԱ ԵՐԿՈՒ ԼԱՎ ԹԵՐԹ

Մայիս 07,1999 00:00
Shaghik Maruxyan

Հարցազրույց ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիրի» գլխավոր խմբագիր Շաղիկ Մարուխյանի հետ, որը, երրորդ օրն է արդեն, ստորագրում է պարբերականը։ Ըստ էության, թարմացվել է խմբագրակազմը՝ գրեթե ամբողջությամբ։ Բազմաթիվ հարցեր կային, որոնց շուրջ եւ զրուցել ենք «Երկիրի» գլխավոր խմբագրի հետ։

-Օրիորդ Մարուխյան, շնորհավորում եմ Ձեզ՝ գլխավոր խմբագիր նշանակվելու առիթով, եւ ցանկանում իմանալ, թե հատկապես ի՞նչ հողի վրա տեղի ունեցավ Ձեր նշանակումը։

– Գիտեք, որ «Երկիրի» նախկին գլխավոր խմբագիր Մուշեղ Միքայելյանը ՀՅԴ ցուցակով առաջադրվեց պատգամավորության թեկնածու եւ որպեսզի մայիս ամսին քարոզարշավով զբաղվելու հնարավորություն ունենա՝ հեռացավ խմբագրի պաշտոնից։ Բնական է, որ այդ փոփոխությունը պիտի տեղի ունենար, ինչի հիմքի վրա էլ ինձ նշանակեցին գլխավոր խմբագիր։

– Բայց ինչո՞ւ հատկապես Ձեզ։

– Դրա մասին պետք է հարցնել ՀՅԴ ԳՄ-ին։

– Արդյոք, անսպասելի չէ՞ր, որ գլխավոր խմբագրի փոփոխություն կատարվեց ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Ո՞րն է այդ քաղաքականության իմաստը։

– Ճիշտ է, տեղի ունեցածը հենց այդպես էլ պիտի ընկալվեր, սակայն, վստահեցնում եմ, որ դրա մեջ միտումնավորություն գոյություն չունի։ Թերթի, նրա ոճի մատուցման ձեւերի, նյութերի ընտրության չափանիշների փոփոխությունը բացարձակապես պայմանավորված չէ ընտրություններով։ Այդ ամենը պարզապես զուգադիպեց ընտրություններին։

– Նկատելի է, որ Ձեր խմբագրած «Երկիրը» թեթեւ ոճ է ընտրել, սակայն, ինձ այդպես էլ հասկանալի չէ՝ ո՞րն է այն հիմնական նպատակադրումը, դեպի որը պետք է մղվի թերթը։

– Միառժամանակ հետո, երբ թերթն արդեն հունի մեջ մտած կլինի, ոճը թերթում գուցե թե հավասարակշռված կլինի։ Իմ նպատակն է պարզապես, որպեսզի թերթը մատչելի լինի բոլորին։ Այն պետք է ոչ թե թեթեւ կամ թեթեւսոլիկ լինի, կամ էլ՝ ցինիզմով լեցուն, այլ՝ բովանդակի օբյեկտիվ տեղեկատվություն, ունենա մատչելի ոճ, որպեսզի բոլորը կարդան եւ թերթը մեծ տարածում ունենա։ Դա է իմ գլխավոր նպատակը։ Թեպետ 8 էջի սահմաններում մի քիչ դժվար է, սակայն թերթում փորձելու եմ մատուցել բոլոր տեսակի նյութեր՝ ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ միջազգային, ե՛ւ ներքաղաքական։ Եվ այդ բոլորը փորձելու եմ անել առանց որեւէ միտում դնելու նրանց մեջ։ Ամեն ինչ արվելու է բացարձակ օբյեկտիվությամբ։

– Օրիորդ Մարուխյան, մի քիչ դժվարանում եմ հասկանալ Դաշնակցությանը, որը «Երկիրն» ունենալով հանդերձ, հովանավորում է նաեւ 16 էջանոց «Հայոց աշխարհը»։ Հնարավո՞ր չէ այս երկու թերթերի հիմքի վրա մի իսկապես լավ թերթ ստեղծել։

– Ես դրանում որեւէ չհասկանալու բան չեմ տեսնում, իմ կարծիքով՝ որքան շատ թերթ, այնքան լավ։

– Դե թող Դաշնակցությունը մի քանի թերթի ֆինանսավորի։

– Եթե հնարավորություն լիներ՝ արժեր։ Ես գոնե այդպես կվարվեի։ Հուսով եմ, որ ե՛ւ «Երկիրը», ե՛ւ «Հայոց աշխարհը» լիարժեքորեն կկայանան եւ կունենանք երկու լավ թերթ։ Երկու թերթ միացնել, դարձնել մեկ լավ թերթ, երբ հնարավորություն կա ունենալ երկու լավ թերթ, կարծում եմ, այնքան էլ տրամաբանական չէ։

– Պարզ է՝ դե, Դաշնակցության հնարավորությունն ո՞վ ունի։ Սակայն այստեղ այլ հարց է առաջանում, խոսքը հենց դաշնակցական թերթերի միջեւ խանդի եւ մրցակցության մասին է։

– Ես կարծում եմ, որ լրագրության մեջ լավագույն բանը հենց մրցակցությունն է։ Առանց մրցակցության լավ թերթ չի լինի։ Կոմունիստական տարիների մամուլը հիշում եք, իհարկե։ Կարծում եմ, որ ամենալավ եւ ամենաբարի մրցակցությունը հենց դաշնակցական թերթերի միջեւ պետք է լինի։ Մենք պարբերաբար հանդիպում ենք Գագիկ Մկրտչյանի հետ եւ մեր միջեւ խանդի որեւէ խնդիր չկա։ Թեպետ մրցակցությունն անպայման պետք է լինի։

– Կարծես թե խմբագրակազմի արմատական փոփոխություն եք կատարել։

– Ստեղծագործական կազմը դեռեւս վերջնականորեն համալրված չէ։ Վստահաբար՝ կլինեն նաեւ նոր լրագրողներ։ Այս փուլում արդեն կարողացել ենք որոշակի խնդիրներ լուծել, որովհետեւ այսօր աշխատող ստեղծագործական կազմը, գոնե սկզբի համար, կարողանում է տիրապետել թերթում կատարված փոփոխությունների բովանդակությանը։ Բնականաբար, ժամանակ է հարկավոր, որպեսզի խմբագրակազմը հունի մեջ մտնի։ Կարծում եմ, խնդիրը կհստականա մոտ երկու ամսից։ Իրոք, դժվար է, որովհետեւ փոքր ուժերով ենք սկսել։ Իհարկե, նոր թերթ ենք, սակայն «Երկիրը» գոյություն ունի 91 թվականից։ Սա, փաստորեն, նույն «Երկիրի» 3-րդ ծնունդն է։ Կարծում եմ՝ հիմա մեր ժամանակն է։ Վստահ եմ, որ կհաջողենք։

– Բայց Դուք Հայաստանի քաղաքացի չե՞ք։

– Այո, այդպես է։

– Բա ո՞նց եք Հայաստանում հաջողված թերթ խմբագրելու։

– Օրե՞նք կա այդպիսի, որ Հայաստանի ոչ քաղաքացուն արգելի հաջողված թերթ խմբագրել։

– Օրիորդ Մարուխյան, երկրորդ օրն է, կրպակներում «Երկիր» չեմ կարողանում գտնել, սակայն, միաժամանակ հասկանում եմ, որ հատուկ խորամանկության եք դիմել՝ փոքրացնելով թերթի տպաքանակը։

– Շատ ուրախ եմ, իհարկե, որ «Երկիրը» լավ է սպառվում։ Դրանում տեսնում եմ երեք պատճառ՝ այո, տպաքանակը փոքր է, ընդամենը՝ 1500, ինչը շատ շուտով կմեծացվի։ Երկրորդը՝ դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ վերջին օրերին շատ խոսվեց, թե «Երկիրում» փոփոխություններ են կատարվելու ու մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացավ, եւ երրորդ, ու ամենահիմնական պատճառը՝ «Երկիրը» գնում են եւ կգնեն, որովհետեւ թերթը մատուցում է օրախնդիր նյութեր, եւ, կարծում եմ՝ օբյեկտիվորեն։

Զրույցը վարեց

Ա. ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31