Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՊԻԿ ՓՈԽԱԾ ԱՐՋԻՆ՝ ԵՐԿՈՒ ԳՆԴԱԿ

Մայիս 25,1999 00:00
mard

Թալանչիներին պատժելու ժամանակը

«Միասնություն» դաշինքը շաբաթ օրն Արմավիրի մարզ այցելելով դրեց հերթական «գալոչկան»։ Անմեղ գառնուկներ մորթողներն էլ դրեցին իրենց «գալոչկան»՝ մորթելով հերթական անմեղ գառնուկներին, որն այնքան էլ միանշանակ չընդունվեց ժողովրդի կողմից։ «Ժողովուրդը սոված մեռնում է, սրանք օրական տաս հատ գառ են ուտում էդ ժողովրդի առաջ»,- ասաց ճամփեզրին կանգնած մի ծերունի։ Արմավիրի մշակույթի տան դիմաց մեծ բազմություն էր հավաքվել։ Շատ բան խոստացավ Կարեն Սերոբիչը, բայց ժողովուրդն այնքան էլ տրամադրված չէր նրան հավատալու։ «Վախթանգ Անանյանի գրքերը կարդացե՞լ ես»,- հարցրեց կողքիս կանգնած մի ծերունի։ «Մասամբ»,- չհասկանալով, թե ինչի համար է ասում, պատասխանեցի ես։ «Ուրեմն լսիր, Վախթանգ Անանյանը մի գործ ունի, որտեղ մարդը արջից պաշտպանվելու համար արջի մորթի է հագնում, բայց մի ուրիշ որսորդ նրան արջի տեղ է դնում եւ կրակում։ Բայց քանի որ արջը մեծ է երեւում, ապահովության համար երկու անգամ է կրակում։ Հասկացա՞ր իմաստը»,- հարցրեց զրուցակիցս։ «Այնքան էլ չէ»,- անկեղծացա ես։ «Մորթի փոխողը երկու գնդակ է ստանում»,- բացատրեց նա։

Իսկ երբ Կարեն Սերոբիչն ակնհայտ հոգնածությամբ խոստացավ իշխանությունը վերցնելուց հետո պատժել մեր ժողովրդի վերջին տասնամյակի թալանչիներին, կողքիս կանգնածներից մեկն արձագանքեց. «Թալանչիներից մեկն էլ հետեւիդ կանգնածն է, պատժող ես՝ նրան պատժիր»։ Նկատի ուներ Վազգեն Սարգսյանին եւ ոչ միայն նրան։ Վազգեն Սարգսյանն էլ պատասխանելով ներկաներից մեկի հարցին, խոստացավ պատժել Վանո Սիրադեղյանին։ «Նա անպայման դատարանի առաջ պատասխան կտա։ Թող ոչ ոք չկասկածի»,- կասկածամիտներին վստահեցրեց պաշտպանության նախարարը։ Ասաց նաեւ, որ զորակոչն ու զորացրումն էլ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն, թեեւ հաստատ է, որ մինչեւ մայիսի 30-ը զորացրում ոչ մի տեղ չի լինելու։ Կարեն Դեմիրճյանը ներկայացրեց Արմավիրի թիվ 39 ընտրատարածքում իրենց պաշտպանած թեկնածուին՝ Սվետլանա Եղիազարյանին, կոչ անելով քվեարկել հենց նրա օգտին։ Մինչդեռ հայտնի դարձավ, որ «Միասնություն» դաշինքի այս այցի ընթացքում հնչել է ոչ միայն այս հրահանգը։

Վազգեն Սարգսյանն էլ իր հերթին «իրեն հարգող ուժերին» առաջարկել է պաշտպանել «Էկոնոմինվեստ» բանկի եւ ԱՖԱ կոնցեռնի նախագահ Տարոն Սահակյանին։ Մի քանի օր առաջ Արմավիրի ուսումնական զորամասում, որի զինծառայողները քվեարկելու են հենց այս տեղամասում, գեներալ Սարգսյանը կոչ է արել քվեարկել Տարոն Սահակյանի օգտին։ Հենց Տարոն Սահակյանի անունն է հիշատակվում այս ընտրատարածքում հաջողության հասնելու հնարավորություն ունեցողների մեջ։ Մեր քաղաքացիների մի հսկայական մասը վճարունակ թեկնածուների մեջ է տեսնում իր օրվա խնդիրը լուծելու ճանապարհը։ Սկզբում թեկնածուները տրվում էին դրան, մտածելով, թե կարելի է մեկին մի քանի հազար դրամ տալով ձայն ստանալ։ Սակայն պարզվում է, որ այդ նույն մարդը շրջում է բոլոր շտաբներում եւ բոլորին առաջարկում գնել իր ձայնը։ Տարոն Սահակյանն էլ մեր զրույցի ընթացքում հավաստիացրեց, որ ինքը հրաժարվում է մարդկանց նման ձեւով օգնելուց, քանի որ դա կարող է ընտրակաշառք դիտարկվել։ Ինքը միշտ է օգնել եւ կշարունակի օգնել միայն ընտրություններից հետո։ Այս ընտրատարածքի մյուս ամենամեծ վարկանիշ ունեցողը, որի մոտ շտապում են սոցիալապես անապահովները, «Հզոր հայրենիք» կուսակցության անդամ Կիմ Մարտիրոսյանն է։ Ի տարբերություն մյուս բոլոր թեկնածուների, նա արմավիրցի չէ, եւ սկզբում նրա անունը գրեթե ոչ ոք չգիտեր։ «Չեմ սիրում հրապարակավ խոսել այդ մասին։ Ավետարանական խրատ է՝ մի ձեռքը չպետք է իմանա, թե մյուս ձեռքը ում եւ ինչ է ողորմություն անում»,- ասում է պրն Մարտիրոսյանը։

-Այնուամենայնիվ, ամբողջ Արմավիրը խոսում է, որ մի երիտասարդի Դուք օգնել եք սրտի վիրահատություն կատարելու, մյուսին՝ ոտքը պրոթեզավորելու, երրորդին՝ հովանավորել եք արտասահմանում սպորտային մրցումներին մասնակցելու համար, սկսել եք սպորտհամալիրի վերականգնման աշխատանքները, հովանավորել եք Տաթեւիկ Պատուրյանի մենահամերգը։

-Ձեր նշած տղային հաշվված օրեր էին մնացել։ Ես ինչպես կարող էի թողնել, որ… Կարող եք պատկերացնել, թե ինչպիսի պատասխանատվություն եմ վերցրել իմ վրա։ Իսկ 15-ամյա Տաթեւիկ Պատուրյանի ողջ կյանքի երազանքն էր մենահամերգով հանդես գալ Արմավիրում։ Փորձեք իմ փոխարեն մեկ ամիս նստել այստեղ։ Օրական հարյուրավոր մարդիկ են գալիս օգնություն խնդրելու։ Մեկը օրվա հաց չունի, մյուսը դեղատոմսն է տալիս եւ խնդրում, որ դեղերը գնենք։ Ինչպես կարելի է իմ արածն ընտրակաշառք համարել, երբ ես նույնիսկ չգիտեմ, թե որ ընտրատարածքից են նրանք, ո՞ւմ օգտին են քվեարկելու։ Եթե նույնիսկ իմ արածն օրենքի խախտում է, ես պատրաստ եմ հանելու իմ թեկնածությունը, միայն թե կարողանամ օգնել այդ մարդկանց։ Թեեւ համոզված եմ, որ ընտրվելով ավելին կարող եմ անել։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31