Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Հուլիս 07,1999 00:00
Bella Qocharyan

Ցանկացած պետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը տվյալ պետության նախագահն է։ Սա հայտնի ճշմարտություն է՝ ամրագրված սահմանադրությամբ։ Սակայն ճշմարտություններ կան, որ երբեք էլ որեւէ օրենքով չեն սահմանվում։ Տվյալ դեպքում խոսքս պետության նախագահի տիկնոջ մասին է, որը՝ ուզենք, թե չուզենք, միեւնույն է՝ որոշակի ազդեցություն է (կարեւոր չէ դրական, թե բացասական) գործում իր ամուսնու վրա (այնպես, ինչպես եւ ցանկացած կին)։ Ընդ որում, չափազանց կարեւոր է, թե տվյալ երկրի նախագահը երջանի՞կ է արդյոք ընտանեկան կյանքում եւ ինչպիսի՞ն է փոխհարաբերությունները կողակցի հետ։

Բարձրաշխարհիկ տիկի՞ն, թե՞ համեստ տնտեսուհի

Խորհրդային հասարակարգի սերնդի համար պետության ղեկավարը մշտապես ներկայանում էր մեն-մենակ՝ խիստ հայացքով ու լուրջ դեմքով։ Պետք էր կարծել, որ խորհրդային պետության ղեկավարների համար կին, ընտանիք ունենալը ոչ միայն «խուժանական» բան էր, այլ նրանք ընդհանրապես չգիտեին ինչ ասել է կին։ Երբ առաջին անգամ Միխայիլ Գորբաչովի կողքին խորհրդային հասարակությունը տեսավ Ռաիսա Մաքսիմովնային՝ սարսափելի ցավագին ընդունեց։ Տպավորությունն այնպիսին էր, որ մարդը ոչ թե զագսով հաստատված օրինական կնոջն է ներկայացնում հասարակությանը, այլ լավագույն դեպքում՝ սիրուհուն։ Ճիշտ հակառակ իրավիճակն է Միացյալ Նահանգներում. հայտնի է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ում շատ մեծ դեր է խաղում տվյալ թեկնածուի կինը, ընտանիքը։ Ամերիկացիները ցանկանում են իրենց պետության ղեկավար տեսնել ընտանեկան կյանքում երջանիկ մարդու՝ հավանաբար այն գիտակցումով, որ միայն երջանիկ մարդը կարող է մյուսներին երջանկացնել։ Հայերս (ինչպես Խորհրդային Միության մյուս ազգերը) ի տարբերություն ամերիկացիների շատ խանդոտ (նույնիսկ չարությամբ) ընդունեցինք առաջին տիկնոջ ինստիտուտը, գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ սա էլ շատ երեւույթների նման դրսից ներմուծվեց ու պարտադրվեց մեր հասարակությանը։

Նախկին նախագահի տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը բավականին արագ եւ հաջող մտավ Առաջին տիկնոջ դերի մեջ։ Անկախ այն հանգամանքից՝ հասարակությունն ընդունեց, թե ոչ, նրա նկատմամբ համակրանք տածեց, թե ոչ, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն ակտիվորեն մասնակցում էր հասարակական կյանքի զարգացմանը, ղեկավարում բարեգործական ձեռնարկներ, փորձում դառնալ ծերերի եւ մանուկների հովանավորը։ Հավանաբար ոչ բոլորը գիտեն, որ մեր հանրապետությունում գործում է Առաջին տիկնոջ գրասենյակ։ Չբավարարվելով այդ գրասենյակի գործունեությամբ, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը ստեղծեց «Կանանց համահայկական միություն» հասարակական կազմակերպությունը։ Ի տարբերություն նախկինի, ներկայիս Առաջին տիկին Բելլա Քոչարյանը նման ակտիվությամբ չի առանձնանում (համենայնդեպս հայտնի չէ որեւէ ձեռնարկ, բարեգործություն, որի նախաձեռնողը ինքը լինի), թեպետ շարունակում է գործել Առաջին տիկնոջ գրասենյակը։ Բելլա Քոչարյանին հասարակությունը տեսնում է միայն իր ամուսնու եւ մեր հանրապետության նախագահի կողքին՝ հատկապես արտասահմանյան երկրներ ուղեկցելիս։ Բելլա Քոչարյանը նախընտրում է մնալ համեստ տնտեսուհի, հավատարիմ կին, նվիրված մայր ու կարծեք թե դեռեւս չի փորձում ներկայանալ իբրեւ բարձրաշխարհիկ տիկին։ Նախկին եւ ներկայիս առաջին տիկնանց միջեւ, սակայն, մի ընդհանուր գիծ կա՝ նրանք խուսափում են շփվել լրագրողների հետ։ Հայտնի է, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը «գահակալության» տարիներին ընդհանրապես հարցազրույց չէր տալիս եւ միայն «գահընկեցությունից» հետո գնաց «զիջումների»։ Իսկ Բելլա Քոչարյանը այս մեկ տարի 3 ամսվա ընթացքում որեւէ հարցազրույց չի տվել։ Հայտնի չէ (գոնե ինձ)՝ լրագրողները հարցազրույց (հանդիպում) չե՞ն խնդրել, թե՞ Առաջին տիկինն է մերժել։ Տիկին Բելլայի հետ հարցազրույց անելու իմ մտադրությանն ի պատասխան՝ նրա օգնականը հայտնեց, որ հարցազրույցը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Նման «օպերատիվությունը» օգնականը բացատրեց Առաջին տիկնոջ զբաղվածությամբ։ Բոլորովին չկասկածելով տիկին Բելլայի զբաղվածությանը, ուզում եմ հավատալ, որ նա հավատարիմ կմնա նաեւ իր խոստմանը։ Մինչ այդ ներկայացնում եմ մեր հասարակությունում որոշակի դեր ունեցող կանանց տեսակետներն Առաջին տիկնոջ կերպարի վերաբերյալ (ասեմ, որ նրանք եւս հարցեր են ուղղել Առաջին տիկնոջը, որ, հուսով եմ, կներկայացնեմ առաջիկա մեր հանդիպման ժամանակ)։

Բարի, համեստ, կիրթ

Գրետա Միրզոյան («Զինվորի մայր» հ/կ նախագահ) – Առաջին տիկինն անպայման պետք է հասարակության զարկերակի մեջ լինի, զգա բոլոր թերությունները, որոնք չեն հասցնում տեսնել պետական մարմինները։ Նա պետք է կարողանա ուշադրության կենտրոնում պահել մայրերին եւ երեխաներին։

Նորա Հակոբյան (Կանանց հանրապետական խորհրդի նախագահ) – Բարի, կիրթ, զարգացած, ճաշակով։ Առաջին տիկնոջ գործունեությունը տեսնում եմ բարեգործության ասպարեզում։ Չեմ ընդունում, որ Առաջին տիկինը հասարակական կազմակերպություն է ղեկավարում (դա արդեն առավելություն է, որ ինքն Առաջին տիկին է), քանի որ այդ դեպքում պետական մարմինները տարբերություն են դնում Առաջին տիկնոջ ղեկավարած հասարակական կազմակերպության եւ մյուսների միջեւ։ Այդ դեպքում մրցակցություն եւ լարվածություն է սկսվում այս եւ մյուս հասարակական կազմակերպությունների միջեւ։ Առաջին տիկինը մեր կյանքի կարեւորագույն մասն է, բայց չափի մեջ։ Հասարակական կազմակերպությունը պետք է մշտապես պայքարի մեջ լինի, ընդդիմադիր դիրք ունենա պետական մարմինների նկատմամբ։ Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարի կինը հասարակական կազմակերպության լիդեր լինել եւ ընդդիմանալ նրան։ Կինը չի կարող լինել չինովնիկի կին եւ հասարակական կազմակերպության լիդեր։

Հրանուշ Հակոբյան ( ԱԺ պատգամավոր) – Խոշոր բարեգործ պետք է լինի, հատկապես զբաղվի երեխաների, որբերի հարցերով։ Ժաննա Մանուկյան («Կանայք հայոց աշխարհի» հ/կ նախագահ) 172 Միանշանակ սկզբունքային, պետական մոտեցում, մայրական համբերություն եւ համբերատարություն պետք է ունենա այն երկրում, որտեղ օրենքն աշխատում է։

Հրանուշ Խառատյան (ԵՊՀ ամբիոնի վարիչ) – Մարդն այնպիսին է, ինչպիսին ցանկալի է հարաբերություններում՝ հանդուրժող, շրջապատի մարդկանց հասկացող, մի խոսքով՝ ազնվական հասարակության կրող։

Ալվարդ Պետրոսյան – Շատ հավանում եմ մեր Առաջին տիկնոջը՝ չափավոր, զուսպ եւ համեստ պահվածքի տեր կին։ Տարբեր երկրներում տարբեր կերպար պետք է ունենա։ Առաջին տիկնոջ ինստիտուտը չեմ կարծում թե մեր երկրում կազմավորված է, որովհետեւ նախ մեր ժողովուրդը պատմականորեն է ձեւավորում իր Առաջին տիկնոջը եւ այս տեսակ ինստիտուտը մեր հոգեկերտվածքին հարիր չէ։ Մեր աղքատ եւ չքավոր երկրում առյուծի տեսքով Առաջին տիկինը հարիր չէ ոչ մեր երկրին, ոչ մեր ազգային բնավորությանը։ Մեր Առաջին տիկինը համեստ մտավորականի, զուսպ կերպարով աչքը թաց տիկին է։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու։ Խիստ դրական կերպար է։

Սա Առաջին տիկնոջ կերպարի մասին, իսկ թե ըստ աստղագուշակների որքանո՞վ հաջողակ ամուսնական զույգ են մեր նախագահն ու իր տիկինը՝ խնդրեցի իր աստղագուշական տարբերակը ներկայացնել մեր աշխատակից Ռուզան Մինասյանին։ Ընդ որում, թաքցրել էի, որ դրանք նախագահի եւ առաջին տիկնոջ ծննդյան տարեթվերն ու ամսաթվերն էին։ Ռ. Մինասյանն էլ իր հերթին դժգոհեց, որ տվյալները տրամադրելիս շատ ժլատ էի գտնվել ու չէի նշել, թե նախագահն ու Առաջին տիկինը օրվա որ ժամին են ծնվել, ինչի պատճառով էլ օգտագործել է ընդամենը 3 պարամետր։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031