Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ են «գցում» համայնքի ղեկավարներին

Հուլիս 15,1999 00:00
gyux

Ավագանին կանգնի՝ գերան կկոտրի

Չնայած քաղաքապետերն ու գյուղապետերը, որպես համայնքի ղեկավարներ, հավասար լիազորություններ ունեն, սակայն նրանց պաշտոնանկ անելիս հավասարության սկզբունքները կարծես թե խախտվում են, քանի որ գյուղապետերին ավելի հեշտությամբ են «գահընկեց» անում։

Այդ խնդիրը իրենից «մի խնդիր» չի ներկայացնում, եթե գյուղապետի եւ ավագանու անդամների գերակշիռ մասի միջեւ ազգակցա-խնամիական կապեր չկան։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 22 հոդվածում ասվում է, որ «համայնքի ղեկավարը մարզպետի կամ ավագանու նախաձեռնությամբ՝ մարզպետի ներկայացմամբ կարող է պաշտոնանկ արվել կառավարության կողմից», իսկ «կառավարությունը համայնքի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել միայն օրենքով սահմանված պարտադիր կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններն անբավարար կատարելու դեպքում»։ Այս հիմքով Լոռու մարզի գյուղերում դեռեւս մեկ տարի առաջ սկսվել է համայնքների ղեկավարների փոփոխման գործընթացը, եւ, փաստորեն, 1996 թ. ընտրված գյուղապետերից ոմանք չհասցրին 3 տարի պաշտոնավարել այն պատճառով, որ չեն «արդարացնում» իրենց՝ իբր թե «ընտրողների» վստահությունը։

Բազմաթիվ օրինակներով կարելի է ապացուցել, որ գյուղապետերին «թախտից» գցելը կամ «թիրախ» դարձնելն ավելի դյուրին է, քան քաղաքապետերին։ (Միգուցե դա նրանից է, որ փոքր տարածության վրա թերություններն ավելի ակնառու են, իսկ մեծ տարածության վրա, տվյալ դեպքում՝ քաղաքում, դրանք ցրված են)։ Բերենք ամենաանմեղ օրինակը։ Լոռու մարզխորհրդի նիստերից մեկում մարզպետը նշեց, որ ընտանեկան նպաստների գործում թույլ տված կեղծիքների համար գյուղապետերը պետք է աշխատանքից անհապաղ ազատեն այդ կեղծիքների հեղինակ գյուղապետարանի աշխատակիցներին, հակառակ դեպքում իրենք՝ գյուղապետերը կազատվեն աշխատանքից (այստեղ միաժամանակ անհայտ մնաց կեղծիքների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ – Գ. Հ.)։ Մարզպետի հայտարարությունից հետո, ի դեպ, դահլիճում նստած մի գյուղապետ կողքինին կամացուկ ասաց. «Պա՛հ, տեսա՞ր դու, է, նոր ընտրություններին ի՞նչ մնաց որ»։

Ենթադրվում է, թե ընտանեկան նպաստների գործում թույլ տված կեղծիքների համար պետք է պաշտոններից ազատվեին (քրեական պատասխանատվությունը մի կողմ թողած) Վանաձորի թաղամասային ՓԲԸ-ների աշխատակիցները կամ պետերը, մինչդեռ ընդամենը մեկ-երկուսը նկատողություն ստացան (այն դեպքում, երբ նրանց մեղքով հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին մնացել նպաստ ստացողների ցուցակներից)։ Ավելին, բազմիցս արված զգուշացումներից հետո (այդ մասին նույնիսկ սոցապ նախկին նախարարն զգուշացրեց նրանց՝ Վանաձոր այցելած ժամանակ) ՓԲԸ-ների ղեկավարներից ոմանք շարունակեցին անտեսել այն հանգամանքը, որ իրավունք չունեն քաղաքացիներին ընտանիքի սոցիալական կազմի վերաբերյալ տեղեկանք չտալ՝ սոցիալական ծառայություն ներկայացնելու նպատակով եւ մերժում են՝ անվճարունակ քաղաքացիների երեսներին շպրտելով. «Գնա ում ուզում ես բողոքիր»։ Նման պաշտոնյաները շարունակում են անպատիժ մնալ այն դեպքում, երբ այդ մասին ահազանգվել է մամուլում։ Իսկ կարելի՞ է ենթադրել, թե ընտանեկան նպաստների գործում ՓԲԸ-ների պետերի թույլ տված կեղծիքների համար պետք է անվստահություն հայտնվեր Վանաձորի քաղաքապետին այն հիմքով, ինչ հիմքով «կարելի» էր սպառնալ գյուղապետերին։ Ըստ երեւույթին, քաղաքապետն առաջնորդվում է «Իմ ենթակայի սխալը իմ սխալը չէ» սկզբունքով։

… Գյուղապետերի ինքնասիրությունը չվիրավորելու նպատակով ասենք, որ նախարարներին էլ են ավելի հեշտությամբ գահընկեց անում, քան՝ քաղաքապետերին, որոնց «ընտրովիությունը» հաճախ հարկադրում է տանել այդ «բեռը» մինչ նոր… «ընտրություն» (եթե ավագանին այդ «բեռից» ավելի շուտ ազատվելու շտապողականություն չի ցուցաբերում)։ Իսկ, առհասարակ, ավելի ճիշտ կլիներ, եթե մարզկենտրոններում մարզպետը, որը նշանակովի մարմին է, համատեղեր նաեւ քաղաքապետի պաշտոնը։ Այս դեպքում ոչ միայն ավելորդ հաստիքներ չէին լինի, այլեւ տեղական նշանակության որոշ ծառայություններ չէին հայտնվի «երկու տիրոջ ծառայի» կարգավիճակում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031