Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԿԱՅԻՍ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հուլիս 28,1999 00:00
Arcax

Սկսած ղարաբաղյան շարժման առաջին օրվանից առ այսօր, Հայաստանի եւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի ցնցումներն ու կարեւոր իրադարձությունները ուղղակի թե անուղղակի այս կամ այն ձեւով կապված են եղել Ղարաբաղի հարցի հետ։

Բացառություն չեղավ նաեւ Արցախի ներքաղաքական կյանքում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ այսօր դարձյալ Ղարաբաղի հարցն է պատճառը, որ Արցախի իշխանավորների մեջ երկպառակություն առաջացավ, եւ նախագահ Արկադի Ղուկասյանը բացահայտ առճակատման գնաց պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի դեմ, լուծելու շատ անգամ անվստահության եւ դժգոհության պատճառ հանդիսացող այն հարցը, թե ում պետք է վերապահված լինի Արցախի հետ կապված բոլոր ներքին եւ արտաքին կարեւոր խնդիրները լուծելու մենաշնորհն ու իրավունքը. Արցախի՞, թե՞ Հայաստանի իշխանությունների։ Դժվար չէ նկատել, որ 88-ից առ այսօր այդ մենաշնորհն ու իրավունքը պատկանում է Հայաստանին։ Եվ մեծ սխալ գործած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ ընթացքում Արցախը ինչքան շատ անկախացավ Ադրբեջանից, այնքան ավելի շատ դարձավ Հայաստանից կախված։ Ամենքին է հայտնի, որ 88-ից առ այսօր Հայաստանը ոչ մի ջանք չի խնայել Արցախի ազատագրական պայքարի հաղթանակի համար։ Բայց միաժամանակ դրան զուգահեռաբար միշտ թույլ է տվել մինչեւ օրս էլ դեռ չգիտակցված մի դիվանագիտական սխալ, որը մեծ բարդությունների առաջացման պատճառ է հանդիսացել եւ վնասներ պատճառել թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին։ Այսպես։ 88-ի սկզբներին ղարաբաղյան շարժումը ղեկավարելու համար ստեղծված «Ղարաբաղ կոմիտե»-ից, մինչեւ 88-ի վերջը Հայաստանի քաղաքական ուժերը բոլոր ղարաբաղցիներին հեռացրին եւ Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը լուծելու մենաշնորհն ու իրավունքը վերապահեցին իրենց։ Եվ ապա «Ղարաբաղ կոմիտեն» այդ մենաշնորհն ու իրավունքը փոխանցեց ՀՀՇ-ին, սա էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա էլ տվեց ոչ թե Ղարաբաղի նախագահ եղած, այլ Հայաստանի նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանին։

88-ից մինչեւ 90 թիվը Երեւանում առանց ղարաբաղցի մասնակից ղեկավարների տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքներում հնչող «Ղարաբաղը մերն է» «մի-ա-ցում», «պայքար, պայքար մինչեւ վերջ» կոչերը միջազգային հանրության մեջ այն կարծիքն ստեղծեցին, որ դա ոչ թե արցախահայության պայքար է ինքնորոշման իրավունքի համար, այլ Հայաստանի կողմից բորբոքած եւ հրահրած տարածքային պահանջ Ադրբեջանից։ Հենց այս պատճառով էլ հանրության կարծիքը Հայաստանի եւ ղարաբաղյան շարժման նկատմամբ ձեւավորվեց խիստ բացասական։ Դրանից օգտվելով՝ Ադրբեջանը ղարաբաղյան շարժումը վերանվանեց «հայ-ադրբեջանական հակամարտություն» եւ շրջանառության մեջ դրեց այն կարծիքը, թե Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ ունեցող ագրեսիվ պետություն է, որի նպատակն է Ղարաբաղում ապրող հայերի պատրվակով Ղարաբաղն անջատել Ադրբեջանից եւ միացնել Հայաստանին։ Բայց 1991 թ. արցախահայությունը, օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքից եւ միջազգային բոլոր նորմերին համապատասխան, ստեղծեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հանրապետությունը ու անկախ հռչակեց ե՛ւ Ադրբեջանից, ե՛ւ Հայաստանից։

Ադրբեջանը այս փաստի մասին ձեն ու ծպտուն չհանեց, որպեսզի շրջանառության մեջ դրված «հայ-ադրբեջանական հակամարտություն» կոչվող կեղծիքը չբացահայտվի։ Միակ միջոցը Ղարաբաղը ձեռքից բաց չթողնելու համար՝ ստեղծված անկախ հանրապետությունը զենքի ուժով վերացնելն էր։ Բայց 92-94 թթ. ընթացքում տեղի ունեցած պատերազմի արդյունքում Ադրբեջանը չկարողացավ ոչ միայն վերացնել Արցախի Հանրապետությունը, այլեւ կորցրեց Արցախին կից մի շարք ադրբեջանական տարածքներ եւ ստիպված զինադադար հայտարարեց։ Դարձյալ այս փաստի առթիվ Ադրբեջանը Արցախի անկախ Հանրապետության մասին ոչ մի ձայն ու ծպտուն չհանեց։ Ադրբեջանը ՄԱԿ-ին բողոք ներկայացրեց, որ իբր թե Հայաստանը ազգամիջյան ընդհարումներ է հրահրել Ղարաբաղում ապրող ադրբեջանցիների ու հայերի միջեւ, այդ պատրվակով նրա զորքերը ներխուժել են Ադրբեջան, բռնագրավել Ղարաբաղն ու նրան հարակից մի շարք ադրբեջանական տարածքներ՝ վտարելով տեղաբնակ բոլոր ադրբեջանցիներին։

Դրան անմիջապես հետեւեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թիվ 648 բանաձեւը Հայաստանի մասին, ըստ որի՝ Հայաստանը, որպես Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրագործած պետություն, պարտավոր է շատ կարճ ժամկետում, ըստ նշված ժամանակացույցի, բոլոր զինված կազմավորումները դուրս բերել ե՛ւ Ղարաբաղից, ե՛ւ մնացած գրաված տարածքներից։ Հայաստանը այս բանաձեւի տակ ստորագրեց ու ստիպեց, որ Ղարաբաղը նույնպես ստորագրի։ Այս բանաձեւի իրագործումը ՄԱԿ-ը հանձնարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնաժողովին, որն էլ 97 թ. Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ներկայացրեց հաշտության պայմանագրի մի նախագիծ, ըստ որի Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի լա՜յն իրավունքներով պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ եւ ճանաչվի որպես նրա անբաժանելի մաս։

Հայաստանի նախագահը գտավ, որ սա Ղարաբաղի հարցի լուծման լավագույն տարբերակն է։ Կամ պետք է ստորագրի սրա տակ, կամ հրաժարական տա։ Նախագահի մերձավոր զինակիցները, որոնք Ադրբեջանից Արցախի անկախանալու գաղափարի նվիրյալներ էին, գտան, որ նախագահը ի չարն է գործադրում Ղարաբաղի բախտը որոշելու իրեն վերապահված մենաշնորհն ու իրավունքը։ Բայց նրա հրաժարականից հետո անգամ նախագահի մերձավոր զինակիցները չնկատեցին, որ չարիքը ոչ միայն Հայաստանի նախագահի կողմից Ղարաբաղի հարցը լուծելու մենաշնորհն ու իրավունքը ի չարը գործադրելու մեջ է, այլեւ՝ հենց այդ իրավունքն ու մենաշնորհը նրան վերապահելու մեջ։ Ով է իրավունք տվել Հայաստանի նախագահին, որ Ադրբեջանի լծից ազատագրված, Ադրբեջանից, Հայաստանից կամ էլ որեւէ մեկից իրեն անկախ հանրապետություն հռչակած արցախահայությանը ստիպի, որ նորից մտնի օտարի լծի տակ։

Եվ ահա, հունիսի վերջերին Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը, օգտվելով իր պաշտոնական դիրքից, իբր թե հանուն ժողովրդի բարեկեցության բարձրացման եւ Արցախում ժողովրդավարության հաստատման, առճակատման գնաց Սամվել Բաբայանի՝ ժողովրդի մեջ ունեցած մեծ հեղինակության ազդեցությամբ ստեղծված իշխանական ողջ համակարգի դեմ։ Նախագահը առաջին հերթին անվստահություն հայտնեց կառավարությանը, Սամվել Բաբայանը դարձավ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, նոր վարչապետ նշանակեց Անուշավան Դանիելյանին՝ գուցե շատ արժանավոր, բայց, վերջին հաշվով, օտար երկրի քաղաքացի եւ պետական գործիչ, եւ առաջարկեց Սամվել Բաբայանին գալ եւ այս նոր վարչապետից պաշտոն ստանալ։ Քայքայելով գոյություն ունեցող իշխանական ողջ համակարգը, Ա. Ղուկասյանը սկսեց մեկ առ մեկ պաշտոնից հեռացնել բոլոր նրանց, ովքեր Սամվել Բաբայանի հենարանն են եղել։

Այս եւ հնարավոր մնացած բոլոր ձեւերով Արցախի նախագահը ամեն ինչ անում է, որպեսզի նվաստացնի եւ արժեզրկի Սամվել Բաբայանի ունեցած մեծ հեղինակությունը ժողովրդի մեջ եւ բանակում, որպեսզի, հենվելով իր ստեղծած նոր իշխանական համակարգի վրա, կարողանա իր նախագահական լիազորությունները հասցնել առավելագույնի եւ իր կամքը թելադրել բոլորին, այդ թվում ե՛ւ Սամվել Բաբայանին, թեպետ գիտի, որ Հայաստանի իշխանություններին բարեհաճ իր կամքը անընդունելի է նրա համար։ Ինչպես կարող է ընդունելի լինել, երբ բոլորովին վերջերս Հայաստանում «երկրապահները» «Միասնության դաշինքի» դրոշով իշխանության գրեթե բոլոր կարեւոր լծակները վերցրին իրենց ձեռքը, իսկ Արցախում, ընդհակառակը, «երկրապահների» ձեռքից իշխանությունը խլում են։ Հայաստանում պաշտպանության նախարարը դառնում է վարչապետ, իսկ Արցախում՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Հայաստանում նախագահական լիազորությունները ձգտում են նվազագույնի, իսկ Արցախում՝ առավելագույնի։ Էլ ուր մնաց Արցախի եւ Հայաստանի իշխանությունների փոխադարձ հարգանքն ու վստահությունը։

Պարզից էլ պարզ է, որ Արցախում առճակատում գոյություն ունի գերիշխանության համար նախագահի եւ Ս. Բաբայանի միջեւ։ Գերագույն իշխանությունը ժողովրդի կամքն է։ Խորհրդարանը պետք է անվստահություն հայտնի նախագահին եւ հնարավորություն տա ժողովրդին ազատ ընտրությունների միջոցով իր կամքն արտահայտել եւ ասել, թե ո՞ւմ է տալիս նա իր վստահության քվեն՝ Արկադի Ղուկասյանի՞ն, թե՞ Սամվել Բաբայանին։ Դա շատ ավելի հեշտ կլինի իրագործել հանրաքվեի միջոցով։ Դրանից հետո միայն ներքաղաքական կյանքը Արցախում կարող է մտնել իր բնականոն հունի մեջ։ Մնացած բոլոր դեպքերում, եթե շարունակվի այսպես ուժի գործադրումը որեւէ կողմից, ապա այս առճակատման հետեւանքների մասին մտածելիս ուղեղս անջատվում է արդեն եւ հրաժարվում է մտածել։

ՅՈՒՐԻ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու,

հայագետ

Խմբագրությունը չի կիսում հոդվածում արտահայտված որոշ մտքեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031