Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թաղապետավազք

Հոկտեմբեր 16,1999 00:00
vazq

Թաղապետի պաշտոնը խիստ գայթակղիչ է։ Տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը օրըստօրե ապացուցում է այդ։

Թաղապետի թեկնածուները լրջորեն պատրաստվում են պայքարի, ոմանք նույնիսկ արդեն սկսել են պայքարը։ Գործի են դրվում բոլոր լծակները՝ փող, ծանոթ-խնամի, ընկեր-բարեկամների «կոռումպացված» շրջանակ եւ այլն։ Առայժմ կրակոցներ չկան, բայց չի նշանակում, թե չեն լինի։ Թաղապետավազքից դուրս մնացածներ եւս կան, նրանք, ում նյարդերը թույլ են, գրպանը՝ խախուտ, կամ՝ վերեւից հրահանգ են ստացել, հանեցին իրենց թեկնածությունը։ Վերջին օրերին ԵրՄըՀ-ի առօրյան գերլարված է։ Հոկտեմբերի 14-ի չկայացած նիստից հետո, երբ հանձնաժողովի ՀՅԴ անդամ Սմբատ Բալասանյանը եւ մի քանի անդամներ՝ «Հայրենիք» դաշինքի, ԱԺՄ-ի, ԱԻՄ-ի եւ «Օրինաց երկրի», բաց նամակ հղեցին ՀՀ վարչապետին՝ ի պաշտպանություն հանձնաժողովի աշխատանքներից ազատված Գառնիկ Հովակիմյանի, գրեթե ոչինչ չի փոխվել։ Պարզապես երեկ հանձնաժողովը պետք է աշխատանքային խորհրդակցություն անցկացներ։ Հանձնաժողովի քարտուղար Անահիտ Բալասանյանը թեկնածությունը հանածների մասին ասաց. «Երեկ առավոտյան ժամը 8-ին լրացավ թեկնածուների՝ ինքնաբացարկ տալու ժամանակը։ Երեւանում համայնքի ղեկավարի համար առաջադրված թեկնածուներից չորսը ինքնաբացարկ են ներկայացրել։ Դրանք են՝ Կենտրոն համայնքից Վարդան Գեւորգյանը, Արտաշես Գյումրյանը, Արաբկիր համայնքից՝ Հայկ Հովհաննիսյանը եւ Վեհամ Մնացականյանը։ Ավագանու թեկնածությունից ինքնաբացարկ են հայտարարել երեքը՝ Էրեբունիում, Աջափնյակում եւ Նոր Նորքում»։

Թաղապետի գրանցված թեկնածուները ինքնաբացարկ կարող էին հայտարարել ամենատարբեր պատճառներով։ Պատահական չէ, որ միայն Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում են ինքնաբացարկները։ Ընդհանրապես, զարմանալի է Արաբկիրի այժմյան թաղապետ Հայկ Հովհաննիսյանի դիրքը։ Մինչեւ վերջին պահն անկասկած էր, որ նա իր թեկնածությունը չի դնի։ Բայց դրեց։ Վերջին պահին էլ ինքնաբացարկվեց։ Արաբկիր համայնքում թաղապետի տեղի համար լուրջ պայքար է սպասվում, քանի որ «Միասնություն» դաշինքը եւ երկրապահական անցյալ ունեցողներն այս հարցում միակարծիք չեն։ Նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանելու։

Գրեթե նույն սցենարն է զարգանալու նաեւ Կենտրոն համայնքում. ՀՀՇ-ի Արարատ Զուրաբյանի դեմ Արայիկ Հայրապետյանն է եւ Լեւոն Հարությունյանը։ Հաշվի առնելով Արայիկ Հայրապետյանի ծավալած թանկարժեք ինքնագովազդը եւ Լեւոն Հարությունյանի գովազդային հոլովակի այն հատվածը, երբ վերջինս մի կողմ կանգնած, գրեթե սպարապետական կեցվածքով, հայացքով ուղեկցում է հայոց զորքը, դժվար չէ կռահել, որ Կենտրոն համայնքում աջափնյակամերձ կրքեր կշիկանան։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031