Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԳԱՐՈՆ ԱՅՍՏԵՂ, ՖԻԳԱՐՈՆ ԱՅՆՏԵՂ

Դեկտեմբեր 10,1999 00:00
Ashot Manucharyan

Հոկտեմբերի 27-ից հետո իրենց մասին հիշեցրին քաղաքական կուլիսներում գործող երկու գործիչներ՝ Աշոտ Մանուչարյանն ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ու մինչ վերջինս նախընտրում է խորհրդավոր լռությունը, սոցիալիստական ուժերի եւ մտավորականների միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը պատրաստ է խոսել եւ ասել այն, ինչ ուզում է։ Պրն Մանուչարյանը նախկինում խորհուրդներ էր տալիս Վազգեն Սարգսյանին։ Այդ առաքելությունն այսօր նա ստանձնել է նոր վարչապետ Արամ Սարգսյանի հանդեպ։ Հետաքրքիր է, որ մինչ Արամ Սարգսյանի հետ հանդիպելը, Աշոտ Մանուչարյանը սպասում էր տեսնել պարզապես մի գործարանի տնօրենի։ Սակայն հանդիպել է, իր խոսքերով, պատասխանատվություն ստանձնելու պատրաստ, ընկալունակ մարդու, որը, թերեւս, միայն քաղաքական փորձի պակաս ունի։

Հոկտեմբերի 27-ից հետո բանակի գործողությունները նա միանշանակորեն ճիշտ որակեց, քանի որ սպանություններից հետո հանցավոր խմբին էր միայն հայտնի՝ կատարվածը քաղաքական հեղաշրջում է, թե ոչ։ Բանակը պարտավոր էր մարտական պատրաստ վիճակում լինել, խստացնել սահմանների մայրուղիների հսկողությունը. «Այդ պահին չէր բացառվում, որ դա կարող էր, ասենք, Ադրբեջանի գաղտնի ծառայությունների կազմակերպած գործը լինել»։ Հոկտեմբերի 27-ի սպանությունները Աշոտ Մանուչարյանը համարում է դրսի ուժերի նախապատրաստած եւ իրականացրած։ Լրագրողներից մեկը կասկած հայտնեց՝ արդյո՞ք այդ հայտարարությունն ուշադրությունը ներքին ուժերից շեղելու փորձ չէ, քանի որ դրսի ուժերը գործելու համար պետք է հենարան ունենային Հայաստանում։ Պրն Մանուչարյանը դեմ չէր, որ ուժերի գործիքները «տեղական» են։

Ինչ վերաբերում է Հայաստանի ռուսամետ կամ արեւմտամետ կողմնորոշման նպատակահարմարությանը, պրն Մանուչարյանը հիշեցրեց, որ ողջ մոլորակն այսօր ինտեգրացիոն գործընթացների մեջ է, եւ մենք չպետք է դուրս մնանք այդ գործընթացներից՝ դառնալով կոնկրետ իրավիճակի պատանդ։ Ռուսամետությունը մեզանում պատմական արմատներ ունի, սակայն քաղաքական վերնախավը արեւմտամետ է։ «Արեւմտամետ լինելը շատ շահավետ է խմբային շահերի տեսակետից»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031