Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատությունը հօգուտ «նախկինների» է

Հունվար 29,2000 00:00
Hrant Bagratyan

Բայց արդյոք Հրանտ Բագրատյանի ներկայացրած տվյալները չե՞ն վիճարկի «ներկաները»

Ընդհանրապես, տնտեսական քաղաքականության 1993- 1996-ի եւ 1996-1999-ի՝ Հրանտ Բագրատյանի համեմատական վերլուծությունը, որ նա հրապարակեց երեկ «Համաձայնություն» կենտրոնի սեմինարի ժամանակ, արժեր տպագրել ամբողջությամբ։ Բավական խոսուն էին նրա մեջբերած թվերը։ Եվ առավել հետաքրքիր է, թե այդ ամենին ինչ պիտի հակադրվի։ Սակայն Բագրատյանի վերլուծության միայն գրավոր տեքստը 14 համակարգչային էջ էր, իսկ «Առավոտում» երեկ երկարատեւ բանակցություններից հետո ինձ հատկացված ծավալն ընդամենը 1 էջ էր։ Ուստի, ստիպված եմ մեջբերել Բագրատյանի միայն որոշ դատողություններ սեփականաշնորհման վերաբերյալ. «1997-1999 թթ. իշխանությունները սեփականաշնորհել են ավելի շատ գույք, քան սեփականաշնորհման քաղաքականության հեղինակները (Հրանտ Բագրատյանը մի տվյալ էր մեջբերել, թե 1991- 1996-ին 853 ձեռնարկություն է սեփականաշնորհվել, իսկ 1997-1999 թթ.՝ 653.- Ա. Ի.)։ Սեփականաշնորհման ընթացող գործընթացն, իր բոլոր թերություններով հանդերձ, մեթոդական առումով, հիմնականում նախկին քաղաքականության շարունակությունն է։ Այստեղից բոլորովին անհասկանալի է ներկա իշխանությունների մի մասի եւ նրանց պաշտպանող նացիոնալ-սոցիալիստների՝ նախկինում իրականացրած սեփականաշնորհման նկատմամբ շարունակաբար արտահայտվող վայնասունը։ (…)։

1997-1999 թթ. սեփականաշնորհման քաղաքականությունը եղել է առանձին մարդկանց (հիմնականում իշխանության ներկայացուցիչների կամ նրանց դրածոների) մենաշնորհը, այսինքն այն, ինչում մեղադրում էին «նոր» իշխանությունները «հներին» (ալան-թալան, հարստության կենտրոնացում, ժողովրդի ունեզրկում եւ այլն), իրականության մեջ բնորոշ է եղել հենց «նոր» իշխանություններին։

(…) Ի դեպ, կարեւոր օբյեկտները միջազգային մրցույթով սեփականաշնորհելուց ենթադրվում էր շահել 350 մլն դոլար, մինչդեռ օրվա իշխանությունները «բավարարվեցին» 110 մլն-ով։ (…) Համենայնդեպս, սեփականաշնորհման 1991-1996 թթ. պրակտիկայում հայտնի չեն բարձրագույն իշխանավորների կողմից ՀՀ գործող օրենքների այնպիսի խախտումներ, ինչպիսիք տեսնում ենք 1997-1999 թթ.։ Նախկինում չի եղել սիրած «տնտեսական» գործիչներին, կուսակցություններին, ծանոթներին շենքեր նվիրելու՝ վերջին 3 տարիներին տեղ գտած պրակտիկան (զեկուցման այս հատվածը գրեթե միակն էր, որ որոշակի օրինակներով ու տվյալներով չհիմնավորվեց.- Ա. Ի.)։ Դրանցից շատերը կարող են բարձրագույն իշխանավորների քրեական պատասխանաատվության, պաշտոնազրկման հիմք ծառայել։ Ապապետականացման գործընթացի գործող համակարգի հիմքերն են՝

ա) նախկինում սեփականաշնորհված օբյեկտների կամայական վերագնահատումը եւ պետական բյուջեի օգտին գանձումներ կատարելու պատճառաբանությամբ ունեցվածքի խլումը,

բ) պետական ձեռնարկությունների «սնանկացման» մեխանիզմի միջոցով «յուրայիններին» գույքի օտարումը,

գ) նախկինում կատարված սեփականաշնորհման մեջ սխալներ հայտնաբերելու սպառնալիքի ներքո՝ իրենց մարդկանց փայատեր դարձնելու քաղաքականության իրականացումը։

(…) Այսպիսով, ներկա իշխանությունների իրականացրած սեփականաշնորհումը փաստում է նրանց տնտեսական քաղաքականության դեմագոգիկ էությունը. նախկինում (1994-1996 թթ.) կիրարկված սեփականաշնորհման քննադատությունն իրականում նպատակ է հետապնդել հասարակական կարծիքը շեղել 1997-1999 թթ. ծավալված անօրինականությունների ու կապիտալի չտեսնված կենտրոնացման միտումներից»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31