Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ ԴԱՐՁՅԱ՞Լ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Ապրիլ 05,2000 00:00
Vano siradexyan

77 «կողմ», 10 «դեմ» եւ 6 «ձեռնպահ»՝ թերեւս որեւէ մեկի համար անակնկալ չէր, որ ձայների մոտավորապես հենց նման հարաբերակցությամբ էլ ԱԺ-ն Վանո Սիրադեղյանին կալանավորելու համաձայնություն կտա։

Դարձյալ մեղավորության կանխավարկածով

Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանի միջնորդությունը դատավճիռ էր հիշեցնում իր միանշանակ եւ անվերապահ ձեւակերպումներով «կազմակերպել է… կատարել է… նախապատրաստել է» եւ այլն։ Նախկին գլխավոր դատախազի առաջին միջնորդությանն այս առումով նմանությունը լիակատար էր։ Մի տարբերություն կար, թե Կիմ Բալայանի եւ Գուրգեն Եղիազարյանի դեմ մահափորձերը նախապատրաստվել էին Համբարձում Ղանդիլյանի սպանությունն ու Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ սպանության փորձն «իր կողմից կազմակերպված լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով»։ Նման հիմնավորում, որքան հետեւել ենք այս գործի քննության վերաբերյալ հրապարակումներին, չի հնչել երբեք։

Բորիս Նազարյանի միջնորդության մեջ կրկնվում էին Վանո Սիրադեղյանին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշման այն պնդումները, թե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա կարող է խոչընդոտել դատաքննությանը՝ «քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն ունենալու ճանապարհով» եւ, որ գործով տուժողները պատճառաբանում են՝ «Վ. Սիրադեղյանն ու նրա մերձավոր շրջապատը շարունակում են սպառնալիքներ տալ ու ահաբեկել իրենց»։

Այս առնչությամբ ապրիլի 3-ին Սիրադեղյանի դատապաշտպան Վանյա Սուքիասյանի դատավորին ուղղված բողոքի մեջ հետեւյալ հակափաստարկները կային. «Դատարանում դեռեւս ոչ մի տուժող չի հարցաքննվել, վկա չի հրավիրվել ու չի հարցաքննվել, սակայն հայտարարում են, թե վանոյականները կաշկանդում են տուժողներին ու վկաներին դատարանում հարցաքննվելիս»։ Վանյա Սուքիասյանը նաեւ նշել էր, թե դատարանի դահլիճում տուժողների նկատմամբ սպառնալիքներ հնչած լինելու փաստը գոնե մի անգամ պիտի ամրագրվեր նիստերի արձանագրության մեջ (մինչդեռ դատավարության գոնե սկզբում հակառակ փաստը կարող էր արձանագրվել, թե տուժողների ներկայացուցիչներն ինչպես էին սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղում)։ «Դատավորից էլ բացատրություն չեն վերցրել, թե նրան չե՞ն վախեցրել արդյոք եւ ո՞վ,- նաեւ նշել էր Վանյա Սուքիասյանը։- Իսկ միլբաժին կանչելն ու սպառնալը հերքել էր հենց ինքը՝ տուժող Սուքիասյանը»։

Սակայն այս ամենը հաշվի չառնվեցին, կալանավորման համար այս եւ այլ հիմքերի բավարար լինելու հարցին չանդրադարձավ անգամ դատարանը։ Եվ առավել եւս բնական էր, որ ԱԺ-ն էլ այս խնդրում շահագրգռություն չպիտի ցուցաբերեր։

Լուռ ու մունջ

Որեւէ ելույթ չեղավ ու դատախազին միայն մեկ հարց տրվեց. Վարդան Խաչատրյանին էր հետաքրքրում, թե որտեղ է Վանո Սիրադեղյանը, արդյոք ձերբակալվա՞ծ է։ Բորիս Նազարյանն էլ պարզաբանեց, որ նա ձերբակալված չէ եւ նրան երկուշաբթի ծանուցվել էր, որ պիտի իր հարցը քննարկվի։ Այսքանն էր։

Մինչդեռ նախապես Վիկտոր Դալլաքյանը կանխատեսել էր, թե քննարկումներ կծավալվեն գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին դիմելու օրինականության հարցի շուրջ։ Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այդ խնդիրը որեւէ մեկը չարծարծեց, այդ թվում նաեւ ինքը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը. «Դրա հիմնական պատճառն այն էր, որ գործող անձը դահլիճում չէր։ Այսինքն, քննարկումներ ծավալելն այն պայմաններում, երբ Վանո Սիրադեղյանը ներկա չէր՝ ուղղակի անիմաստ էր։ Այս պահին օրենքն ու անձը չի կարելի իրարից տարբերակել ու բաժանել»։

Նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեցինք մեկնաբանել. արդյոք դատախազի միջնորդությունն ԱԺ-ին այս պայմաններում, երբ այդ խնդիրը շարունակում էր մնալ բարձրաստիճան իրավաբանների վեճի առարկան եւ այս առումով օրենսդրական հակասությունները դեռեւս կարգավորված չէին՝ որոշակի քաղաքական ներգործությունների հետեւա՞նք չէր։ «Ես կարծում եմ, որ տվյալ պարագայում իրավական առումով որեւէ խոչընդոտ չկար։ Սա իսկապես հարցի այսօրվա օրենսդրական դաշտի տիրույթում լուծում էր։ Կարծում եմ, որ քաղաքական ներգործություն չի եղել եւ դատաքննությունն արդեն իսկ հուշում էր այդ մասին»։ Իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը չբացառեց, թե կարող է ներգործություն եղած լինի։

Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը նաեւ նախապես նշել էր, թե պատգամավորներն անհեթեթ վիճակում են հայտնվելու, քանի որ պիտի հարցեր տան այս գործի մանրամասներից այլեւս անտեղյակ գլխավոր դատախազին։ Գուցե այս իրավիճակից խուսափելու համա՞ր էր պատգամավորներին հրահանգվել, որ քննարկում չծավալեն։ Պրն Դալլաքյանը պնդեց, թե «Միասնությունն» այս հարցի վերաբերյալ նիստ չի գումարել, որեւէ մեկն իրենց հետ նախապես չի հանդիպել եւ ոչ մի հրահանգ չի տրվել ելույթներ չունենալու կամ հարցեր չտալու վերաբերյալ։

ԱԺ նիստից հետո

Խորհրդարանի ընդունած որոշման վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեցինք ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանից. «Դատարանի անօրինական վճռից հետո պարզ էր, որ այս սցենարն է մշակվել ու տարակույս չունեինք, թե խորհրդարանն այլ որոշում է կայացնելու։ Խնդիրն ամենեւին արդարադատությունը չէր, այլ Սիրադեղյանին ինչ-որ կերպ մեկուսացնելը կամ կաթվածի հասցնելը։ Եվ գրեթե հասնում են իրենց նպատակին»։

Անդրանիկ Հովակիմյանը ուշադրություն հրավիրեց գլխավոր դատախազի միջնորդության այն մասի վրա, ըստ որի Վանո Սիրադեղյանն Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա. «Այսինքն, դատավորը, որ մոտ ժամանակներս վճիռ է կայացնելու, արդեն չի ասի այլ բան, քան դատախազն ասաց ԱԺ-ում»։

Նրան խնդրեցինք իր տեսակետը հայտնել, թե ինչպես է բացատրում քննարկում չծավալվելու հանգամանքը։ «Փաստորեն ժողովրդավարության հիմնական սկզբունքը՝ իշխանությունների տարանջատումը, Հայաստանում այսօր չի գործում։ Իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել եւ դա է պատճառը, որ դատարանը ճնշումների առջեւ տեղի տալով կայացրեց այդ վճիռը, իսկ ԱԺ-ն առանց քննարկելու, վիճարկելու, թեկուզ հարցեր տալու՝ համաձայնություն տվեց։ Մի մասը վախեցած է, մյուս մասը մտածում է՝ գլխացավանք չլինի, մի մասը գիտի, որ խնդիրներ կունենան, եթե «կողմ» չքվեարկեն»։

Անդրանիկ Հովակիմյանը նշեց, թե ոչ ՀՀՇ-ն, ոչ էլ Վանո Սիրադեղյանի ընտանիքը հստակ չգիտեն նրա գտնվելու վայրը։ Երեկ ժամը 16-ին պրն Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, մամուլի համար հայտարարություն արեց, թե իրեն առավոտից հայտնի չէ նրա գտնվելու վայրը եւ ցանկանում է պաշտոնական տեղեկատվություն ստանալ, թե որտեղ է նա։ Ռուզան Տոնոյանը վստահեցրեց, թե Վանո Սիրադեղյանը երկուշաբթի տանն է եղել, բարձր ճնշում ուներ։ Ի դեպ, նշեց նաեւ, թե ԱԺ-ի որոշումից հետո, 11։30-ի սահմաններում իրենց տուն են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Սակայն ինքը տեղյակ չէր, թե Սիրադեղյանը թաքնվելու մտադրություն ուներ։

Նշենք նաեւ, որ օրվա երկրորդ կեսին ՀՀՇ որոշ գործիչներ հրավիրվել էին ոստիկանություն՝ Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրի մասին բացատրություններ տալու համար։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930