Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը՝ երկու փոփոխություններով. նախ ԵՊՀ-ից դատաքն

Ապրիլ 11,2001 00:00

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ ԷԻՐ ՏՎԱԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը՝ երկու փոփոխություններով. նախ ԵՊՀ-ից դատաքննությանը հրավիրված հոգեբան Մելս Մկրտումյանին փոխարինեց ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ Սեյրան Ամիրյանը։ Պատճառն այն էր, որ Մ. Մկրտումյանը «հաճախակի է գործուղվում մասնաճյուղերը»։ 2-րդ դեպքում փոփոխություն եղավ, բայց փոխարինում չեղավ. ամբաստանյալ Արմեն Գասպարյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ Սաֆար Խաչատրյանից, ասելով, որ ինքնուրույն կարող է պաշտպանվել։ Հիշեցնենք, որ փաստաբանն այդ պետպատվերի շրջանակներում էր իրականացնում նրա պաշտպանությունը եւ, որքան իրազեկ ենք, 1 օրն արժե այս դեպքում 1450 դրամ։ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը մեջբերեց ապրիլի 6-ին Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժից մի հատված, հանդես եկավ միջնորդությամբ. կրկին պարզաբանել ամբաստանյալի դիրքորոշումը ցուցմունքներ տալու վերաբերյալ, իրեն թույլ տալ կատարել տեսագրում։ Հեռուստատեսությամբ հնչել էր, թե (ինչպես պաշտպանն ասաց)՝ ամբաստանյալին իբր զրկել են ցուցմունք տալուց։ Դատավոր Ս. Ուզունյանը ի հավելումն փաստաբանի՝ նկատեց, որ «առանձին սպրդումներ լինում են եւ շատ լրագրողներ էլ համապատասխան մակարդակով չեն ընկալում պրոցեսուալ մասը»։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը դարձյալ շեշտեց իրեն անօրինական կալանքի տակ պահելու մասին, պահանջելով հրապարակել իր առերես ցուցմունքները։ Այն, բնականաբար, մերժվեց։ Ամբաստանյալ Սարգիս Եթիմյանը հանդես եկավ միջնորդությամբ։ «Ելնելով այն հանգամանքից, որ այս դատական նիստը կարող է երկար ընթանալ եւ այն, որ ես ոչ մի կապ չունեմ կատարված հանցագործության հետ, ուստի, խնդրում եմ իմ խափանման միջոցը փոխել, ընտրելով խափանման միջոց ազատ ամբաստանյալ»,- ասվում էր միջնորդության մեջ։ Ի դեպ, ամբաստանյալներից միայն Ն. Հունանյանը «պաշտպանեց» Եթիմյանին, ասելով, որ նա «կապ չի ունեցել կատարվածի հետ եւ նրա ազատ լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ»։ Տիգրան Ջանոյանը հնարավոր համարեց Եթիմյանի խափանման միջոցի վերանայումը՝ ամբաստանյալների հարցաքննությունից հետո միայն։ Մեղադրող Անահիտ Եղիազարյանն արտահայտելով մնացած 3 մեղադրողների դիրքորոշումը, գտավ, որ միջնորդությունն անհիմն է եւ պետք է մերժվի։ Դատավոր Սամվել Ուզունյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց ամբաստանյալ Ս. Եթիմյանի միջնորդությունը։ «Իշխանափոխությունից» հետո. «վարչապետ» Հունանյանի ցնորքները Մեղադրողներ Հակոբ Մարտիրոսյանը, Գագիկ Ավետիսյանը, Արմեն Հարությունյանը եւ Անահիտ Եղիազարյանը երեկ շարունակեցին հրապարակել 2000 թ. մարտի 13-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածի Նաիրի Հունանյանի նախաքննական ցուցմունքները, նրա բնակարանից առգրավված իրերի ցանկը, գրառումները, ինչպես նաեւ հոկտեմբերի 27-ի երեկոյան ժ. 20.30-ից արված գաղտնալսումների հետ կապված ամբաստանյալի բացատրությունները։ Կային ցուցմունքներ, որոնք վերցված էին զինդատախազությունում, կային, որ Ն. Հունանյանը տվել էր ԱԱՆ-ում։ Ն. Հունանյանը «վարչապետ» դառնալուց հետո նախապատրաստել էր մի շարք օրենքներ (40) («Կարեն Դեմիրճյանի ենթադրյալ ստորագրությամբ») մասնավորապես՝ լեզվի, բնապահպանության, թմրամոլության եւ մարմնավաճառության, գնագոյացման քաղաքականության, օտարերկրյա կազմակերպությունների, գիտական հայտնագործությունների մասին։ «Ուշագրավ» էր հունանյանական մամուլի մասին օրենքի տարբերակը։ Ըստ այդ օրենքի, բացի պետական լրատվամիջոցներից, պետք էր փակել մյուս լրատվամիջոցները։ «Այդ օրենքները գրել եմ ես, բանավոր խորհրդակցել եմ Ալիկ Հարությունյանի հետ»,- ասել էր նախաքննության մարմնին ամբաստանյալ Հունանյանը։ Նաիրի Հունանյանը գրել էր առանձին 94 անձանց անուններ, «որոնք կարող էին աշխատել մեր կյանքի տարբեր ոլորտներում»։ Նրանց մեջ նշվել էր Սիլվա Կապուտիկյանի, Արտաշես Գեղամյանի, Հակոբ Սանասարյանի, Վահան Իշխանյանի, Շավարշ Քոչարյանի, Կարինե Խոդիկյանի, Ժաննա Գալստյանի, Պարույր Հայրիկյանի, Սերգեյ Բադալյանի, Լեոնիդ Հակոբյանի, Տիգրան Կյուրեղյանի, Հայկազն Ղահրիյանի… անունները։ Ն. Հունանյանը նախատեսել էր իշխանափոխությունից հետո արտակարգ դրություն հայտարարել, ընդունել հատուկ դրության մասին օրենք, օտարերկրյա դիվանագետներին եւ Հայաստանի բարեկամներին դիմել։ Նա «պահանջելու» էր. «ովքեր զենք ունեն, 72 ժամում հանձնել։ Ովքեր՝ վարակիչ հիվանդություններ ունեն՝ ի հայտ գան»։ Ինչ վերաբերում էր Հունանյանենց բնակարանից առգրավված իրերին, ապա դրանց մեջ նշվեցին տեսաժապավեն՝ Թուրքիայում արված, քրդերին վերաբերող նյութեր, «Կալիգուլա» ֆիլմը, Մուստաֆա Քեմալի մասին երգեր։ «Գտնվել» էր Գեղամ Մանուկյանի անձնագիրը, Կարեն Հունանյանի զինգրքույկը, Տիգրան Նազարյանի անունով մի անցաթուղթ, «Հայաստանի հետագա զարգացումներ» հունանյանական «մտորումները», Կասյա Աբգարյանի եւ Վլադիմիր Նազարյանի հեռախոսահամարները։ Քննիչի այն հարցին, թե «վանդալիզմը, մահացած մարդու վրա մեկ անգամ եւս կրակելը, ուղիղ եթերով լկտի սեռական բնույթի հայհոյանքներ տալը, ինքնաձիգի խզակոթով հարվածելը դա ե՞ւս նախատեսված է Ձեր կողմից վկայակոչված միջազգային ընդունված օրենքների դրույթներով», Ն. Հունանյանը պատասխանել էր. «Ձեր նշած բոլոր արարքները եղել են հոգեկան խիստ հուզումից եւ հավասարակշռության ժամանակավոր կորստի հետեւանք, այլ ոչ թե գիտակցաբար թելադրված եւ գործադրված»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել