Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐՃՎԵՑ ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ

Ապրիլ 05,2008 00:00

\"\"Մարտի 12-ին հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց «Պանդոկ» հացատան տնօրեն, 32-ամյա Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը:

Մարտի 20-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արամ Կարախանյանը եւ Հովիկ Ղուկասյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն բողոք ներկայացրին՝ ինչը մերժվեց:

Լ. Գուլյանի հարազատները մինչ օրս կարծում են, որ նա սպանվել է եւ ոչ թե պատուհանից (7մ բարձրության) ցած նետվել, ինչպես հավատացնում են իրավապահները:

Ընտրության օրը

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի ընտրությունների օրն էր:

ՀՀ ոստիկանությունից Երեւան քաղաքի դատախազություն ահազանգ ստացվեց այն մասին, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մասնաշենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Հանգուցյալը Երեւանի Եղբայրության փողոցի 14 շենքի 23 բնակարանի բնակիչ Լեւոն Աշոտի Գուլյանն էր: Հարուցվեց քրեական գործ, որի վարույթը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից տեղափոխվեց (ընդդատյա կարգով) ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, «Լ. Գուլյանի գլխին հայտնաբերվել էին վնասվածքներ, որոնք առաջացել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի՝ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում տեղակայված աշխատասենյակի պատուհանից փախուստի դիմելու ժամանակ վայր ընկնելու հետեւանքով»:

Բայց, արդյոք, փախուստի՞ էր դիմել Գուլյանը, հնարավո՞ր էր «փախուստի դիմած» անձը ստանար այնպիսի վնասվածքներ, որպիսին ստացել էր: Շրջանառության մեջ դրվեց մի վարկած, ըստ որի՝ նրան պատուհանից ցած են նետել:

Ինչո՞ւ հրավիրվեց ոստիկանություն

Ըստ պաշտոնական աղբյուրի, 2007թ. մայիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Պանդոկ» հացատան տնօրեն Լեւոն Գուլյանը ծխելու նպատակով դուրս էր եկել իր հացատնից եւ տեսել, որ շուրջ 8-10 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրին Ստեփան Վարդանյանը եւ ընկերները վիճաբանում են ոմն «Եմո» մականունով անձնավորության հետ՝ տալով միմյանց սեռական բնույթի հայհոյանքներ: Լ. Գուլյանը մոտեցել էր նրանց եւ պահանջել հեռանալ հացատան տարածքից, ինչն առիթ է հանդիսացել Ստեփան Վարդանյանի եւ նրա ընկերների հետ վիճաբանության, ապա ծեծկռտուքի, որի ընթացքում Ս. Վարդանյանը հրազենից արձակված կրակոցներից սպանվել էր:

Ս. Վարդանյանի սպանության փաստի առթիվ Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ եւ հանցագործության բացահայտման նպատակով մայիսի 10-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին, ապա նույն համայնքի դատախազություն էր հրավիրվել Լեւոն Գուլյանը: Վերջինս «իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանողներին դիտողություն անելուց հետո վերադարձել է հացատուն, իսկ երբ կրկին դուրս է եկել՝ Ս. Վարդանյանն արդեն իսկ սպանված է եղել»: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության, հացատան մատուցողուհի Մարինե Գրիգորյանն էլ իր ցուցմունքում նշել էր ճիշտ հակառակը, որ «վիճաբանության, ծեծկռտուքի եւ կրակոցների ընթացքում Լեւոն Գուլյանը եղել է նրանց կողքին՝ 2-3 մետր հեռավորության վրա եւ հացատուն է վերադարձել միայն միջադեպի ավարտից հետո»:

Այդ հակասական ցուցմունքի պարզաբանման նպատակով մայիսի 12-ին Լ. Գուլյանը եւ Մ. Գրիգորյանը հրավիրվել էին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, մասնավորապես, ՔՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Թադեւոսյանի՝ ՔՀԳՎ վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակ: Վերջինս շուրջ կես ժամ զրուցել է Լեւոն Գուլյանի հետ, որի ընթացքում Գուլյանը հայտնել է, որ Ստեփան Վարդանյանի հետ վիճաբանողներից մեկը եղել է «Եմո» մականունով անձնավորությունը, իսկ մյուսներին չի ճանաչել: Նշված անձի վերաբերյալ տեղեկությունն իմանալով՝ Գ. Թադեւոսյանը դուրս է եկել աշխատասենյակից՝ այդ մասին զեկուցելու նպատակով, իսկ Գուլյանի հետ աշխատասենյակում մնացել է  ՔՀԳՎ 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ Արայիկ Մկոյանը, որն ընդհանուր բնույթի խոսակցություն է վարել վերջինիս հետ:

Լեւոն Գուլյանը մինչ առերեսումը «որոշել է դիմել փախուստի»:

Աշխատասենյակում գտնվող Արայիկ Մկոյանը հետագայում ցուցմունք է տալիս, թե «Գուլյանը խնդրել է ջուր տալ, ու ինքը գնացել է ջուր բերելու»: Գալով աշխատասենյակ՝ տեսել է պատուհանը բաց. 7 մետր բարձրությունից նա վայր էր ընկել գետնին եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կարծիքով

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քննչական ծառայությանն ուղղված բողոքում նշել էին. «Վարույթն իրականացնող մարմինը պատշաճ գնահատականի չի արժանացրել 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերվանից մինչեւ մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Լ. Գուլյանին ազատությունից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ խոշտանգումներ կիրառելուն, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելուն եւ, ի վերջո, նրան մահ պատճառելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների գործողությունները»:

Ըստ վարույթն իրականացնող մարմնի, Լ. Գուլյանը ոչ թե բերման է ենթարկվել, այլ հրավիրվել է ոստիկանություն, այնտեղ նա ձերբակալված չի եղել, ունեցել է ազատ տեղաշարժվելու իրավունք, ոչ ոք նրա նկատմամբ բռնություն կամ խոշտանգում չի կիրառել:

Վկայակոչվում են «Պանդոկ» հացատան մատուցողուհի Մարջիկ Գրիգորյանի եւ բարմեն Հայկ Մելքոնյանի, Գուլյանի կնոջ ցուցմունքները, որ «ոստիկանությունում եւ այնտեղից վերադառնալուց հետո Լ. Գուլյանի մարմնի վրա որեւէ մարմնական վնասվածք չեն տեսել եւ չի եղել»:

Իրավահաջորդի ներկայացուցիչների գնահատմամբ. «Նախաքննությունն առավելապես միտված է եղել 2007թ. մայիսի 9-ին Ստեփան Վարդանյանի սպանությանը նախորդող իրադարձություններին, Լ. Գուլյանի ներկայությունը պարզելուն, ինչը բացարձակապես չի առնչվում քննվող քրեական գործի հետ»:

Ըստ տուժող կողմի, նախաքննության մարմինը բացարձակ անուշադրության է մատնել քրեական գործում առկա փորձագիտական 5 եզրակացությունները, այդ թվում՝ միջազգային անկախ փորձագետների կողմից տրված դատաբժշկական եզրակացությունը, որոնք ոչ միայն հերքում են նախաքննության հենց սկզբից քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջ քաշված միակ եւ հետագայում «հիմնավորված» Լեւոն Գուլյանի մահվան վարկածը, այլեւ ուղղակիորեն մատնանշում, որ Լ. Գուլյանի մարմնի վրա առկա են վնասվածքներ, «որոնք պատճառվել են մինչեւ ընկնելը՝ ձեռքի կամ բռունցքի հարվածի հետեւանքով»:

Ըստ վարույթը կարճած մարմնի. քրեական գործով նշանակված փորձաքննություններում, միջազգային անկախ փորձագետների եզրակացության մեջ որեւէ տեղ արտացոլված չէ այնպիսի հետեւություն, որ Լ. Գուլյանի մարմնի վրա առկա են վնասվածքներ, որոնք պատճառվել են մինչեւ ընկնելը ձեռքի կամ բռունցքի հարվածի հետեւանքով: Ավելին՝ միջազգային անկախ փորձագետների եզրակացության «Եզրակացություն» բաժնում հստակ նշված է. «… Տիպիկ պաշտպանողական վնասվածքներ չկային: Վնասվածքները թարմ էին եւ ստացվել էին կենդանի վիճակում»:

Այսինքն, դրանք «կարող էին լինել մարդու՝ բարձրությունից ընկնելու հետեւանք, որը հնարավոր էր 2-րդ հարկի պատուհանից»: Չի բացառվել, որ Գուլյանը ընկնելիս հարվածել է որեւէ առարկայի, հնարավոր է՝ պատուհանի տակ երեւացող խողովակներին:

Մանեկեն չգտնվեց

Նախաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդեցին քննչական փորձարարություն անցկացնել մանեկենի միջոցով: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Քննիչ Գ. Պետրոսյանի կողմից հնարավոր չի եղել կատարելու միայն մանեկենի միջոցով քննչական փորձարարություն, որը պատճառ է ՀՀ տուժողի ֆիզիկական տվյալներին համապատասխանող մանեկենի եւ այդ բնույթի փորձարարություն կատարող մասնագետների բացակայության»: Քննիչի կողմից բավարարվել է տուժողի իրավահաջորդի եւ ներկայացուցիչների խնդրանքը՝ Եվրոպայից մանեկեն ձեռք բերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու վերաբերյալ, որի համար նախաքննության ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով, սակայն նշված ժամանակահատվածում խոստացված մանեկենը վերջիններիս կողմից նույնպես հնարավոր չի եղել ձեռք բերել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել