Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱԾՍ», «ԼԻՐԲՍ», «ԾԻՏՍ»…

Մարտ 05,2010 00:00

Սեռական բավարարվածություն՝ հայհոյախառն բառերի՞ց

«Սեռական հարաբերության ժամանակ որոշ տղամարդիկ սկսում են արտաբերել սեքսուալ, երբեմն՝ էլ կոպիտ, գռեհիկ արտահայտություններ»,- ասում է բժիշկ- սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ու հավելում, որ սեքսոլոգիայի մեջ հայտնի է կոպրոլալիա տերմինը, որը սեռական բավարարման այն ձեւն է, երբ հարաբերության ժամանակ կիրառվում են գռեհիկ եւ անպարկեշտ արտահայտություններ: Վ. Շահրամանյանը նշում է, որ այս երեւույթը կարող է պայմանավորված լինել խիստ գրգռված վիճակով կամ էլ անկողնում իշխելու հակում ունենալու միտումով: «Ոմանք այդ ամենից կարծես թե ավելի են ինքնահաստատվում, ոմանք էլ՝ դրանով իսկ փորձում են սեքսի ժամանակ զուգընկերուհուն հաճույք պատճառել: Թեեւ պետք է նշեմ, որ շատերի համար սեքսի ժամանակ գռեհիկ արտահայտությունները օգտագործվում են որպես բազմազանության միջոց»,- նշում է սեքսապաթոլոգը:
Բժիշկը չթաքցրեց, որ իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ կինը եկել է կլինիկա եւ գանգատվել, որ ամուսինը օգտագործում է չափազանց գռեհիկ արտահայտություններ:
Ըստ հոգեբան Միքայել Մադաթյանի, առկա այս երեւույթին շարժառիթ կարող են հանդիսանալ երկու գործոն: Առաջինը՝ տաբուի հաղթահարումն է: «Սեքսը, որն ավանդաբար թաքցվում է երեխաներից եւ անհասանելի է նրանց համար ոչ միայն գործուղություններով, այլեւ խոսքերով, դառնում է յուրօրինակ, արգելված պտուղ, իսկ ինչպես հայտնի է, արգելված պտուղը քաղցր է, մեր դեպքում այն էլ ի՜նչ աստիճանի քաղցր… Այսպիսով, երբ վերջապես այն հասանելի է դառնում՝ անգիտակցաբար իրականացվում է տարիքային տաբուի հաղթահարումը, որը, ի դեպ, կարող է արտահայտվել երեխայական «չարաճճիության», յուրօրինակ բառախաղային ձեւերով, ինչն այլեւս ոչ մեկի կողմից արգելված չէ: Եվ դրա գիտակցության «ցնծությունը» կարող է արտահայտվել ոչ պատշաճ արտահայտությունների ձեւով, ոչ նորմատիվ լեքսիկայով, այսինքն՝ այն ձեւով, որի վրա նույնպես ժամանակին տաբու է դրված եղել»,- պարզաբանում է հոգեբանն ու հավելում, որ մյուս շարժառիթն էլ՝ այսպես կոչված, գենդերային շովինիզմն է:  
«Սեքսուալ հարաբերություններում թվացյալ գերիշխող դերը վերագրվում է տղամարդուն: Ավանդաբար տղամարդը ընկալվում է որպես սեռական ակտի ակտիվ կողմ, իսկ կնոջը տրվում է պասիվ կցորդի կարգավիճակ, որը մասնակցում է սեռական ակտին լոկ ռեպրոդուկտիվ նպատակով: Այ թե ինչու ավանդական հասարակություններում անհանդուրժող են այն կանանց հանդեպ, ովքեր կարող են բարձրաձայն արտահայտել  սեքսից ստացած հաճույքը: Ավելին, դա համարվում է սանձարձակություն եւ որակավորվում անբարոյականություն»,- պարզաբանում է Մ. Մադաթյանը եւ նկատում, որ սեքսուալ հարաբերություններում տղամարդու վերոնշյալ դերը ամրացված է խոսքի մեջ:
«Մեզանում կարելի է դիտարկել բազմաթիվ հնաոճ դարձվածքներ: Օրինակ, «աղջիկ տվինք», «աղջիկ առանք», «ուզեցինք», «տուն բերեցինք» եւ այլն, որոնցում կինը ընդհանրապես դիտարկվում է որպես կցորդ եւ նույնիսկ ապրանք: Այսպիսի գենդերային անհավասարության հարաբերությունը հատկապես ուժեղանում է արեւելյան ավանդույթների ներքո, որոնց ազդեցությունը մենք կրում ենք եւ որը, ցավոք, վերագրում մեր ապրելակերպի ազգային երանգավորմանը: Բոլոր այդ խոսքային ստերեոտիպերում նկատվում է  տղամարդու անառարկելի գերիշխող դերը կնոջ նկատմամբ: Ավելին, հայհոյանքի միջոցով ներկայացված սեքսուալ գործողությունները կրում են ստորացնող, երբեմն նույնիսկ՝ «պատժող» բնույթ»,-  ասում է Մ. Մադաթյանը:
Վերադառնալով թեմային՝ նշենք, որ սեքսուալ ակտի ուղեկցումը հայհոյախառն լեքսիկայով ֆիքսում է տղամարդու բացարձակ գերիշխող եւ կնոջ բացարձակ ենթարկված դիրքերը, ինչը նպաստում է տղամարդու ինքնագնահատականի բարձրացմանը: «Երբեմն կնոջ կողմից այդ հայհոյախառն բառախաղին «ձայնակցելը» հավելյալ կեղծ շողոքորթում է՝ առանց այդ էլ արդեն փքված տղամարդ-որձի ինքնահավանությունը: Ի դեպ, խելացի կանայք, իսկ պետք է ասել, որ նրանք բոլորը խելացի են, կամ գոնե խելքը գլխին, վարպետորեն գործածում են այդ բառախաղը՝ ծրագրավորելով զուգընկերոջը, առաջինները՝ զուգընկերոջ անձի ինքնահաստատման, իսկ մնացածները՝ նրանից պարզապես օգտվելու համար: Համապատասխանաբար, առաջին դեպքում մենք կստանանք ինքնաբավ կայացած տղամարդու պատկեր, իսկ երկրորդում՝ ինքնահավան տղայական ծաղրանկար: Ինչեւէ, բոլոր դեպքերում ինքնահավանությունը, ի տարբերություն ինքնաբավության՝ հիմարության դրսեւորում է»,- հավելեց հոգեբանը:
Մ. Մադաթյանը ասաց նաեւ, որ խոսքի մեջ գոյություն ունեցած տարաբնույթ արտահայտությունների մեծ մասը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը. օրինակ, կնոջ կողմից արված «տրվել» արտահայտությունը: Անատոմիական առումով կինը ոչ թե «տրվող», այլ «վերցնող» կողմն է: Ահա եւ հարց է ծագում: Այժմյան «շուկայական հարաբերությունների» տեսանկյունից: Ուրեմն ո՞վ է գերիշխող կողմը սեքսում:  Այ սա արդեն մտածելու տեղիք է տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել