Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանական է՝ եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի համատեքստում տեղաշարժ արձանագրվի, եւ ադրբեջանական կողմն ազատ արձակի սահմանափակ թվով գերիների»

Ապրիլ 24,2026 13:00 Share

«Առավոտի» զրուցակիցն է Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

-Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին իր ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով։ Ինչպե՞ս կգնահատեք։

-Կարեւոր ուղերձ էր Ռուբեն Վարդանյանի կողմից, որը վեր էր հանում մեկ այլ խնդիր՝ բացի այն, որ նրանք զրկված են արտաքին աշխարհի հետ շփումներից, Կարմիր խաչի, փաստահավաք այցելություններից, նաեւ զրկված են ընտանիքի անդամների հետ կապեր պահպանելու, այցելություններ ստանալու հնարավորությունից, ինչը փակ հաստատություններում պահվող յուրաքանչյուր անձի՝ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իրավունք է։ Այս ուղերձով Ռուբեն Վարդանյանը վերահաստատում է, որ իր ընտանիքի անդամներն անգամ պատրաստ են այցելել Ադրբեջան այս տեսակցությունն ունենալու համար, եւ պետք է ապահովել իրավունքի իրացումը։ Եվ որպես հնարավորություն, իհարկե, դիտարկվել է ՀՀ ՄԻՊ-ի միջոցով տեսակցությունները՝ նկատի ունենալով, որ ադրբեջանական ՄԻՊ-ի հետ քննարկման արդյունքում նման հնարավորության վերաբերյալ դրական տեղեկատվություն է ներկայացվել։

-Ուղերձում նաեւ խոսվում է ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու այցելության հնարավորության մասին։

-Պետք է հասկանալ՝այցելությունն ի՞նչ ձեւաչափով եւ ի՞նչ նպատակի համար է։ Եթե մենք դա ընկալում ենք խոշտանգումների կանխարգելման անկախ մեխանիզմի համատեքստում, ապա այդ այցելությունը նման խնդիր լուծել չի կարող։ Եթե մենք դիտարկում ենք տարբեր օմբուդսմենական ինստիտուտների համագործակցությունը, երբ տարբեր առիթներով նրանք կարող են հանդիպել, համատեղ ծրագրեր իրականացնել, սա այլ հարց է։ Խոշտանգումների կանխարգելման տեսանկյունից նախ շատ կարեւոր է, որ մեխանիզմները համապատասխանեն անկախության չափանիշներին եւ ունենան հստակ մանդատ։ Ադրբեջանում խոշտանգումների խնդրին կարող է անդրադառնալ իրենց օմբուդսմենը, որն առ այսօր լավ կերպով այդ խնդիրը չի լուծել, ավելին՝ ունի B կատեգորիա, ինչը նշանակում է, որ նրա գործունեությունն ինստիտուցիոնալ ու ֆունկցիոնալ առումով չի համապատասխանում անկախության չափանիշին, եւ նա ենթարկվում է գործադիրի ազդեցության։ Ի տարբերություն այդ ինստիտուտի՝ ՀՀ ՄԻՊ-ը ունի A կատեգորիա եւ փարիզյան անկախության չափանիշներին լիարժեքորեն համապատասխանում է։ Ուստի պետք է քննարկել, թե նման ոչ լիարժեք անկախություն ունեցող ինստիտուտի ներգրավմամբ այցելությունն արդյոք կարո՞ղ է վեր հանել հայ գերիների խոշտանգումներին առնչվող խնդիրները։ Հասկանալի է, որ ՀՀ ՄԻՊ-ը ինքնուրույն դա անել չի կարող, քանի որ ՄԻՊ-ն անդրադառնում է ՀՀ պետական մարմինների կամ ՏԻՄ-երի պաշտոնատար անձանց կողմից իրավունքների խախտումներին եւ օտարերկրյա պետությունների հանրային իշխանությունների վերաբերյալ գնահատականներ ձեւավորելու իրավասություն չունի։ Նա զրկված է Ադրբեջանի իշխանությանը մարդու իրավունքների խնդիրներ հասցեագրելու հնարավորությունից եւ չի կարող ընկալվել՝ որպես խոշտանգման կանխարգելման մեխանիզմ Ադրբեջանում։ Կա երկրորդ հնարավորությունը՝ միջազգային մեխանիզմներն են։ Նշեմ, որ ՀՀ ՄԻՊ-ը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է, եւ եթե ցանկանում են անկախ մեխանիզմներով վեր հանել խնդիրներ, լուծել դրանք, ապա լավագույն ձեւաչափը ոչ թե անհայտ երկկողմանի այցելությունը պետք է լինի, այլ նույն այս կոմիտեի հովանու ներքո այցելություն, որին որպես կոմիտեի անդամ՝ կարող է մասնակցել ՀՀ ՄԻՊ-ը եւ օրինակ՝ Ադրբեջանի հանձնառությունն այն մասին, որ զեկույցը լինելու է հրապարակային։ Երկարատեւ բանակցություններից հետո Խոշտանգումների կանխարգելման այս կոմիտեն 2025-ի սեպտեմբեր-հոկտեմբերին այցելել է Ադրբեջան, նաեւ եղել է այն հաստատությունում, որտեղ պահվում են հայերը, սակայն զեկույցն առ այսօր հրապարակային չէ, ինչը նշանակում է, որ այնտեղ այնպիսի խնդիրներ են ներկայացվել, որ դրա հրապարակումը միայն հիմնավորելու է Ադրբեջանում խոշտանգումների վարչական պրակտիկան եւ վարկանիշային վնաս է պատճառելու այդ երկրին, եւ իշխանությունները հրաժարվում են համաձայնություն տալ հրապարակայնացմանը։

– ՀՀ ՄԻՊ-ի՝ Բաքու այցելությունն իրատեսական համարո՞ւմ եք, եւ այս իրավիճակում, երբ Բաքվում պահվող հայ գերիների վիճակի մասին տեղեկատվությունը զրկված է միջազգային որեւէ առաքելության հասանելիությունից, ՀՀ ՄԻՊ-ի այցն արդյոք կենսական չի՞ լինի։

– Ես նման այցելությունն իրատեսական չեմ համարում, շատ ավելի կարեւորում եմ հյուպատոսական այցելությունը, որպեսզի ՀՀ-ի խնդրանք-պահանջով որեւէ չեզոք երկրի հյուպատոսական աշխատակիցներն այցելեն եւ աջակցություն ցուցաբերեն մեր հայ գերիներին՝ այդ թվում աջակցեն դատավճիռների ստացման, ընտանիքների այցելությունների կազմակերպման հարցերում։ Բայց նաեւ նշեմ, որ ՄԻՊ-ի այցելությունը պետք է տարանջատել ընտանիքների այցելությունից, սա իրավունք է, եւ այդ իրավունքը պետք է ապահովվի։ Մենք ունենք դրական նախադեպ քաղհասարակության ներկայացուցիչների երկկողմանի այցեր, այստեղ պետական մակարդակով եղել են համաձայնեցումներ եւ գործուն կոմունիկացիոն մեխանիզմներ, որն էլ ապահովել է այցելությունները։ Բայց նշեմ, որ այդ այցելությունների կազմակերպման պատասխանատուն դարձյալ մանդատի բացակայության հիմքով՝ չի եղել ՄԻՊ-ը, ուստի իմ գնահատմամբ՝ նույն այն ինստիտուտները, որոնք կազմակերպել են քաղհասարակության ներկայացուցիչների այցելություն Ադրբեջան, պետք է հանձն առնեն ընտանիքի անդամների այցելություն Բաքվում պահվող իրենց հարազատներին, որը երաշխավորված իրավունք է, եւ որը լեգիտիմ կերպով ադրբեջանական կողմը մերժել չի կարող։ Բայց նման այցելությունների համար անհրաժեշտ է վիզաների եւ անվտանգային հարցերի լուծում։ Չմոռանանք, որ պետական սահմանի հատման խնդիրներ են լինելու, որը չի կարող լուծվել առանց սահմանապահների ներգրավվածության։

– Ձեր կարծիքով՝ արդյոք ՀՀ-ի եւ Ադրբեջանի ՄԻՊ-ի միջեւ կա՞ համակարգման խողովակ՝ նաեւ հաշվի առնելով խաղաղաշինական արշավն ու ՀՀ ղեկավարության հայտարարությունները, որ ՀՀ-ին ու Ադրբեջանին երկխոսելու, իրենց խնդիրները պարզելու համար միջնորդներ պետք չեն, այլ դա կարող են անել ուղիղ։

– Հարցը պետք է հասցեագրել ՀՀ ՄԻՊ-ին, որ հասկանանք՝ արդյոք կա՞ երկխոսության խողովակ։ Դրա գոյության վերաբերյալ ինձ տեղեկություններ հասանելի չեն, բայց նաեւ նշեմ, որ միջազգային տարբեր ձեւաչափերով հանդիպումներ են ընթանում, որտեղ ներկայացված է ե՛ւ ՀՀ ՄԻՊ-ը, ե՛ւ Ադրբեջանի, ուստի չենք բացառում ոչ ֆորմալ կամ ֆորմալ քննարկումներն այդ ձեւաչափերում։

– Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին ընդառաջ կամ դրանից հետո դրական տեղաշարժ ակնկալո՞ւմ եք հայ ռազմագերիների հարցով։ Ինչպե՞ս կարելի է այդ իրադարձությունն օգտագործել։

– Տեղաշարժի հավանականություն տեսնում եմ։ Նման օրակարգերում բարձրացվում են նաեւ միջպետական արտաքին հարաբերություններին առնչվող խնդիրներ, եվրոպական կառույցները եւս աջակցում են եւ հանձնառու են խաղաղության ապահովման հարցում, որը չի կարող լինել առանց գերիների՝ ազատ արձակման հարցի։ Սա այն նախապայմանն է՝ առանց որի բավարարման կարծում եմ՝ հասարակությունները չեն վստահելու որեւէ բանակցության՝ միտված խաղաղության հաստատմանը։ Ուստի շատ հավանական է, որ հենց այդ համատեքստում տեղաշարժ արձանագրվի, եւ ադրբեջանական կողմն ազատ արձակի սահմանափակ թվով գերիների։ Դա նաեւ դրական է անդրադառնալու այդ երկրի հեղինակության վրա, նաեւ զսպող հանգամանք կարող է լինել, որ նման բարձր հարթակներում անընդհատ չքննարկվեն չլուծված հումանիտար խնդիրներ, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կամ այլ պարտավորությունների խախտման հարցեր, որոնք բացասական ազդեցություն են թողնում պետության հեղինակության վրա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930