Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ու կես միլիոն հայ լույս դարձան մեզ համար, որպեսզի մենք գնանք հարատևության ճանապարհով։ Ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի պատժվում». Արսեն Գրիգորյան

Ապրիլ 23,2026 23:55 Share

«Ինչպես ամեն տարի, ապրիլի 24-ը ինձ համար երդումը նորոգելու օր է։ Եվ այն, որ ասում են՝ հերիք է սգանք և այլն, սգալու խնդիրը չէ։ Մենք պետք է հասկանանք, որ մեկ ու կես միլիոն հայ լույս դարձան մեզ համար, որպեսզի մենք գնանք հարատևության ճանապարհով, որպեսզի հարատևի մեր ազգը։ Եվ նաև այսօր մեր պետությունը պետք է հարատևի»,- Ջահերով երթում ասաց հայ երգի ճանաչված մեկնաբան Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

«Մեր ներկայությունն այստեղ մեր երդումը հարանորոգելու կարևոր հայտ է։ Ես և իմ ընտանիքը չենք սպասում, որ ապրիլի 24-ը գա, որպեսզի մենք մեր ինքնությանը, մեր ազգային անցյալին, այսօրվան ու գալիքին տեր կանգնենք։ Ամեն օր մենք ապրում ենք դրանով։

Բայց այսօր, ինչպես ասվում է, հավաքական աղոթքի օր է։ Հավաքական աղոթքը, կարծում եմ, ավելի շուտ կհասնի Աստծուն։ Որպեսզի պատմությունը չկրկնվի, մենք պետք է ուժեղ լինենք։

111 տարի առաջվա ցեղասպանությունը չպատժվելու պատճառով հասավ Արցախ, հիմա էլ նույն պատճառով սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Ինչպե՞ս դա թույլ չտալ։ Թույլ չտալու համար մենք պետք է մեր իրավունքներին՝ պետական և ազգային իրավունքներին տեր կանգնենք։ Տեր կանգնենք ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր հայ պետք է պատկերացնի, որ ցեղասպանությունը կրկնվում է, եթե չի պատժվում։ Մենք ոչ պատերազմասեր ենք, ոչ էլ ագրեսիայի հակումներ ունենք։ Բայց թուրքը, թուրք ժողովուրդը պետք է ընդունի, որ նախորդ սերունդը ցեղասպանություն է գործել։

Իշխանության այսօրվա խաղաղության օրակա՞րգը։ Չեմ կարծում, որ արժանապատվությունդ պիտի դեն նետես։ Մենք բոլորս խաղաղասեր ենք։ Բոլորը գիտեն, որ հայ ժողովուրդը երբեք զավթող չի եղել, պատերազմ հրահրող չի եղել, հարձակվող չի եղել։ Միշտ էլ պաշտպանվել ենք։ Խաղաղություն լինելու համար էլ, իմ պատկերացմամբ, պետք է թուրք ժողովուրդն ընդունի, որ իր նախորդները ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ»,- ասաց սիրված արվեստագետը։

Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930