Լրահոս
Օրվա լրահոսը

Էլվինա Մակարյանի՝ Հայոց ցեղասպանության ականատես պապի հուշերը

Ապրիլ 24,2026 12:30 Share

Սկիզբը «Առավոտի» մարտի 14-ի համարում:

Հայոց Ցեղասպանության ականատես Տիգրան Մակարյանի «Հուշեր Դեր Զոր-Գուլագ» (խմբագիրն է պ.գ.թ Ռոբերտ Թաթոյանը) հուշագրությանը մենք անդրադարձել ենք նախորդ հրապարակումներից մեկում (2026թ, ապրիլի 14): Նրան վիճարկվել էր լինել ականատես, անցնել Դեր Զորի ճանապարհներով: Հուշագրի ուղեւորության միջանկյալ հանգրվաններն էին Մարաշը, Բիրեջիկը, Ուրֆան, Ռաքքնան, Սաբղան: Հեղինակը, ով մեր լեգենդար երգչուհու, երգահան Էլվինա Մակարյանի հորական պապն էր, ծնունդով Մարաշի գավառի Ալբիստան գյուղաքաղաքից, որը Ցեղասպանության նախօրյակին ունեցել է մոտ 3700-3800 բնակչություն: 1915 թվին նա 13 տարեկան էր…

 

Ներկայացնում ենք նրա հուշերից մի հատված: Հայկական մամուլում տպագրվում է առաջին անգամ:

-Առհասարակ բոլոր ժողովուրդները, երբ ստեղծել են իրենց պետականությունը, աշխատել են իրենց տիրության սահմաններում զանազան ժողովուրդների տալ հավասար իրավունքներ, որպեսզի նրանք զարգացնեն իրենց երկիրը: Երբ նրանք տիրել են մի երկրի, նրանց միակ նպատակը եղել է կողոպտել ժողովրդին, հողին հավասարեցնել շեները, զրկելով առաջադիմության բոլոր հնարավորություններից ոչ թուրք ժողովուրդներին. իրենք փնտրել են եւ սրի ուժով գրավել են նորանոր թալանի աղբյուրներ: Ըստ իս, թուրքը մի ժողովուրդ է, որը ելնելով Միջին Ասիայի ավազուտների միջից, իր հետ բերել է անապատի որդու բոլոր հատկությունները, այն է` ոչնչացնել այն բոլորը, ինչ չի տեսել իր երկրում, եւ իր առաջնորդների ղեկավարությամբ դարձել է մի ջարդարար մեքենա:

Երբ թուրքերը կամ սելջուկները մի երկիր էրն գրավում, այն թալանի էին ենթարկում, լցնելով իրենց առաջնորդների գանձարանները: Այդ վկայող փաստերը բազմաթիվ են պատմության մեջ: Ըստ Արիստակես Լաստիվերցի պատմագրի, երբ 1049 թվին սելջուկ թուրքերը Տուղրիլ բեկի առաջնորդությամբ արշավեցին Հայաստան, նրանք Կարնո նահանգում հանդիպեցին վաճառաշահ, բայց անպաշտպան Արծն քաղաքին:

Թուրքերն այդ հոյակապ քաղաքը գրավեցին, թալանեցին եւ քարուքանդ արեցին` հարյուրհազարների հասնող բնակչությանը կոտորելով: Թալանն այնքան հարուստ ու շատ էր, որ միայն Դավթուկ եպիսկոպոսից տարել էին առասպելական գանձեր: Արծնը այդ օրվանից ավերակ դարձավ եւ հավետ ջնջվեց քարտեզի վրայից; Ինչքան արծններ է ավերակների վերածել թուրքն առանց մի նորը կառուցելու…

Բռնագաղթ.

1915թ. մարտ ամիսն էր: Թուրքը գործում էր իր հին մեթոդով, եւ մենք ականատես էինք լինում բռնագաղթվածների քարավանների, որոնք օրընդմեջ կամ երեք օրը մի անգամ եկան-գնացին, անցան ու անցան, փոշոտ ամպեր բարձրացնելով, եւ դա իր կրկնության առումով կարծես սովորական երեւույթ դարձավ:

Վերջին քարավանների գալն ու գնալը այլեւս այդպիսի տպավորություն չէին թողնում, ինչպես առաջին քարավաններինը: Սակայն գնում էին:

Հոսանքը չէր վերջանում:

Հարցեր էին առաջաում, թե ո՞ւր էին գնում, ինչո՞ւ եւ ինչպե՞ս էին գնում եւ մինչեւ ո՞ւր էին գնալու: Գնում էին Տեր Զորի անապատները` դեպի մեծ սպանդանոց, եղեռնի այդ հողը, որը ոռոգվելու էր հայի արյունով:

Ո՞վ կարող էր հավատալ, որ հայ ժողովուրդը, նամանավանդ զեյթունցին, այդ աստիճան հլու-հնազանդ ու չար կդառնար եւ հոտի նման քշվեր դեպի սպանդանոց:

Վերեւը մենք հիշեցինք, թե ինչպես թուրք ժողովուրդները վախի ու սարսափի շիկացած մթնոլորտ էին ստեղծում քաղաքում, երբ զեյթունցիների քարավաններն անցում էին Մարաշի միջով: Շատ հավանական է, որ դա էլ գերմանացիների կազմած կամ նրանց մասնակցությամբ մշակված մի ծրագիր էր, որպեսզի մարաշցիներին, այնթափցիներին եւ գաղթի ճանապարհի վրա գտնվող այդ քաղաքների հայ բնաիչներին պարտադրեն, որ նրանք էլ դառնան հլու-հնազանդ ոչխարներ: Այդ կարծես նրանց մասամբ հաջողվեց, սակայն եդեսիացիները (ուրֆացիները) ավելի աննկուն էին եւ չընկրկվեցին, մղելով կենաց-մահու դաժան պայքար, որին առանձին կանդրադառնանք:

Այդպիսի ծանր պայմաններում օրերն անցնում էին դանդաղ եւ տաղկտալի: Ժողովուրդն անորոշության մեջ էր եւ չգիտեր` ինչ է լինելու իր վաղը, չգիտեր, որ ֆիզիկական հոգեվարքն է ապրում: Ենթադրում էին, թե այդ բռնագաղթը վերաբերում է զեյթունցիներին կամ էլ`այլ ոչ թե հնազանդ բնաիչներին, եւ քանի որ Մարաշի հայությունը չէր ապստամբել կամ հակապետական գործունեորւթյուն չէր ծավալել, ապա ազատ պետք է մնար աքսորից:

Մարտ ամսի վերջին օրն էր:

Ես վերադարձել էի դպրոցից եւ հորաքրոջս տան բակում խաղում էի, ոտքերիս բարձր ճեմափայտեր անցկացրած, երբ դուռը բացվեց եւ Ռուբեն հորեղբայրս մտավ բակ: Նրան տեսնելով, ճեմափայտերը մի կողմ գցեցի եւ դռան կողմ վազեցի, դեպի հորեղբայրս: Չէ՞ որ նա գալիս էր Ալբիստանից` ծնողներիս մոտից, եւ ես նորություններ էի ակնկալում լսել մեր տան մասին:

Հորեղբայրս ինձ գրկեց եւ սկսեց ինձ համբուրել: Այտերիս վրա զգացի թացություն եւ կռահեցի, որ նա լաց է լինում: Վեց-յոթ ամիս ինձ չէր տեսել, եւ ենթադրեցի, թե կարոտից է արտասվում: Սակայն, ոչ: Հորեղբայրս սկսեց հեծկլտալ, իմ մեջ արթնացնելով վատ լուրերի կասկած: Այս բոլորը կատարվում էր բակում` դրսի դռան մոտ: Հորաքույրս, ըստ երեւույթին, նկատել էր դռան բացվելը, եւ մեզ մոտ եկավ: Հորեղբայրս, արցունքները սրբելով, բարեւեց լուռ ու մտախոհ, իսկ ես, առիթից օգտվելով, հարցրի, թե ինչու է նա այդպես արտասվում:

Պատասխանը լակոնիկ ու համոզիչ էր: Իր լացը պատճառաբանում էր նրանով, որ ինձ վաղուց չի տեսել:

Մեր գերդաստանում ես`որպես միակ տղա զավակ, ամենափոքրն էի, եւ ասում էին`

Մակարյանների սիրելին`ինձ շփացրել էին: Պետք է խոստովանեմ, որ այս հանգամանքը ինձ վրա թողել էր եւ բացասական, եւ դրական ազդեցություն, ես շատ համարձակ եւ անվախ էի դարձել: Երեկոյան ընտանիքի բոլոր անդամները հավաքվել էին սենյակում: Այնտեղ էին հորաքրոջս ամուսինը եւ որդիները` Արմենակը եւ Տիգրանը: Հորաքույրս երեք տղա ուներ: Ավագ որդին` Լեւոնն էր միայն բացակայում տնից, որին հենց պատերազմի սկզբին, զորակոչի էին ենթարկել: Խոսակցությունը, որը շարունակ ընդհատվում էր, կարծես խիստ պաշտոնական ու տխուր տոն ուներ, եւ այնպիսին չէր, ինչպիսին պետք է լիներ եղբոր եւ քրոջ հանդիպման միջավայրում: Նախադասություններ, որոնք ինձ անկապ էին թվում, որին հաջորդում էր լռություն, հորաքրոջս ամուսինը նույնիսկ հորանջում էր:

Այսպիսի տրամադրության միջավայրում արդեն անցել էր մի քանի ժամ:

Ես նստել էի թախտի վրա` հորաքրոջս կողքին, համարյա հենվեցի նրան, ամեն րոպե սպասելով, որ նա կամ մեկ ուրիշը կհիշեցնի ինձ դասերիս պատրաստման մասին….

Ճանապարհը, որով մենք գնում էինք, մեզ տանում էր դեպի կառավարական տուն`բանտ:

-Ասա, հայրիկ, քեզ ով է բանտարկել:

Երեխայական զարմանալի միամտություն: Կարծես, եթե իմանայի, ինչ-որ միջոցներ ձեռք առնելու ի վիճակի էի:

Իհարկե, հայրս ինձ չասաց, թե իրեն ով է բանտարկել, միայն հիշեցրեց, թե հարցին հարցով չեն պատասխանի: Գուցե մեր խոսակցությունը շարունակվեր, սակայն նույն րոպեին, երկաթյա ցանցի հետեւում հորս կողքին, երեւաց մորեղբայրս` Հովհաննեսը, եւ մեծ հորաքրոջս տղան`Սարգիսը: Մորեղբայրս, երբ ինձ տեավ, առաջին խոսքը եղավ.

-Տիգրանիկ, մեծացել ես, կարգին տղամարդ ես դառձել…

Հետագայում իմացա հորս բանտարկության պատճառը, որը հետեւյալն էր: Իբր թե 1915 թվի մարտին` Ալբիստանում, մեր տան մեջ, հորս ղեկավարությամբ խորհրդակցություն է հրավիրվել… այդ կարծեցյալ խորհրդակցության ժամանակ իբր քննվել է այն հարցը, թե հայությունը ինչ եղանակով կամ ինչ միջոցներով է օժանդակելու ռուսական բանակին, երբ վերջինս Կիլիկիային մոտենա. դրա արագացման համար իբր պետք է ջլատվեր թուրքական բանակի թիկունքը: Այս ամբողջ խոսակցությունը իբր, ոչ ավել, ոչ պակաս, լսել է թուրք ժանդարմների սպան, թաքնված մեր տան մոտ:

Սա այնպիսի զրպարտություն էր, որին նույնիսկ հեղինակները դժվար թե հավատային, որովհետեւ փողոցում կանգնած մեկը երբեք չէր կարող լսել մեր տան մեջ եղած խոսակցությունը, քանի որ մեր սենյակները գտնվում էին փողոցի ճիշտ հակառակ կողմում, այն էլ գետնից 67 մ բարձրության վրա, որովհետեւ ունեինք նաեւ առաջին ու նկուղային հարկեր: Թուրքի զրպարտությունը «ալա թուրքա» էր: Բացի դրանից, հայրս այնքան էլ միամիտ մարդ չէր:

Այն պայմաններում, երբ Զեյթունը ավերված, բնակչությունն աքսորված էր, ինչի պատճառով եւ շոշափելի օգնության ամեն մի հույս չքացել էր, երբ պատերազմական պայմաններում թուրք բնակչության մեջ խիստ հակահայ տրամադրություններ էին բորբոքվում եւ յուրաքանչյուր հայի ամեն մի շարժում հսկողության տակ էր առնված, նա, կյանքը վտանգի տակ դնելով, այդպիսի խորհրդակցություն չէր հրավիրի: Սակայն, ինչպես հայտնի դարձավ, նպատակն էր ոչ թե հիմնավորված փաստեր գտնել եւ դատել հայերին, այլ որեւէ անուն դնելով, բնաջնջել հայությանը, իհարկե, սկզբում վերացնելով առաջավոր եւ քիչ թե շատ կրթվածներին, որոնք ի վիճակի էին որեւէ բան կազմակերպելու:

1914 թվի պատերազմի հայտարարության հենց առաջին օրերին ամբողջ Թուրքիայի տերիտորիայում կազմակերպվեցին, այսպես կոչված, արտակարգ ատյաններ` իդարեի օրֆիյե, որոնց պաշտոնական պարտականությունն էր երկրի ներսում անդորրությունն ապահովել: Սրանց էր հանձնված նաեւ հայերի հարցերով զբաղվելը, եւ այդ մարմնի անդամների առաջ լավ հնարավորություններ էին բացվել լցնելու իրենց գրպանները հայերի ոսկիներով: 1915 թվին, նույն ժամանակահատվածում էր, որ մանր զրպարտություններով հավաքեցին, բանտերը լցրին հայ մտավորականությանը եւ ոչնչացրեցին կախաղանների վրա…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930