ԵՐԵՎԱՆ-ԱՍՅՈՒԹ, Եգիպտոս – Այս տարվա սկզբին Կահիրեում լույս տեսավ եգիպտացի արձակագրուհի Օլա Աբդել Մոնեմի նոր վեպը՝ «Թաղրիբաթ ալ-դուդուկ» («Դուդուկի օտարացումը», հրատարակիչ՝ «Ալ-Ռաուաք», 328 էջ): Սա պատմություն է մի հայ ընտանիքի մասին, որը փրկվելով Ցեղասպանությունից՝ հաստատվում է Եգիպտոսում: Այս նոր երկիրը դառնում է օտարացման դառը ճանապարհորդության մեկնակետ, որի ընթացքում հայրենիքից բաժանումը վերածվում է գոյատեւման եւ նոր հողի վրա վերակազմավորվելու փորձառության:
–Որո՞նք էին ձեր առաջին հանդիպումները հայերի եւ հայոց պատմության հետ, եւ ի՞նչը ձեզ մղեց գրելու այս վեպը:
-Դեռ մանկուց ինձ հմայել են եգիպտացի փայլուն կին արվեստագետներ Ֆեյրուզը, Նելլին եւ Լեբլեբան: Ինձ զարմացնում էր ոչ միայն նրանց տաղանդը, այլեւ այն, թե ի՛նչ վարպետորեն էին նրանք երգում եւ պարում: Մայրս, նկատելով իմ հիացմունքը, միշտ ասում էր, որ այդ արտիստուհիները հայ ծագում ունեն, այսինքն՝ եգիպտուհիներ չեն: Ինձ համար հետաքրքրական էր, թե ինչպես էին նրանք այդքան կատարյալ տիրապետում մեր լեզվին՝ միաժամանակ արտահայտվելով բարձր արվեստով:
Երբ մոտենում էր հայկական կոտորածների հարյուրամյակը, Եգիպտոսում եւ աշխարհում ակտիվացան քննարկումներն այդ տարածաշրջանի, ավերված վայրերի, թուրքերի կատարած գործողությունների եւ այն երկրների մասին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
-«Դուդուկի օտարացումը» վեպում ներկայացված է ցավի, կարոտի եւ հիշողության փոխանցումը չորս սերունդների միջով, ինչպես նաեւ մարդու կարողությունը՝ մահը վերածելու կյանքի՝ նոր արմատներ գցելով: Ինչպե՞ս եք այս գործընթացը գրականորեն փոխանցել:
-Ինձ համար հայերը ոչ թե զոհեր են, այլ վերապրողներ: Սա իմ վեպի առանցքային գաղափարն է: Սկզբից եւեթ ցանկացել եմ ոչ միայն արձանագրել նրանց բաժին հասած կոտորածները, այլեւ ուսումնասիրել ինքնության եւ արմատների հարցը՝ թե ինչպես է մարդը հաղորդակցվում իր միջավայրի հետ՝ ստեղծելով ապրելու արժանի կյանք, մի տարածք, որտեղ հնարավոր է աճ ու ստեղծարարություն:
Իմ հերոսները սկզբում «մաքուր» հայերն են՝ անցյալի ցավն ու կարոտը կրող, որոնք խորապես ազդված են հարկադիր հայրենազրկումից: Ապա գալիս է նոր սերունդը, որը դեռ պահպանում է անցյալի հիշողությունը, բայց նաեւ շնորհակալ է փրկության համար եւ հույսով է նայում ապագային: Երրորդ սերունդը լիովին եգիպտացի է դառնում, բայց շարունակում է պահպանել կապն իր պատմության եւ արմատների հետ՝ գնահատելով նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել: Վերջապես, չորրորդ սերունդը հիբրիդային է. նրանք՝ ովքեր հարկադրված են հեռանալ իրենց ծագումից եւ ի վերջո վերադառնում են՝ որոնելու իրենց արմատները: Արտագաղթի, օտարացման եւ կարոտի շրջանը դրոշմված է իմ հերոսների վրա, եւ նրանք անցնում են այդ ճանապարհը մինչեւ վերջ՝ իրենց հետ կրելով թե՛ հիշողություն, թե՛ հույս:
–Վեպում դուդուկը հանդես է գալիս որպես հայկական ցավի եւ տառապանքի խորհրդանիշ: Իսկ ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է դառնալ հայկական ուրախությա՛ն խորհրդանիշ:
-Կարծում եմ, հայերի՝ իրենց ինքնությունը պահպանելու հաջողությունը, լինի Եգիպտոսում, թե աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաեւ նրանց գերազանցությունը տարբեր ոլորտներում, կարող է դիտվել որպես ուրախության խորհրդանիշ:
Բացի անձնական ու մասնագիտական ձեռքբերումներից, նրանք ավելի քան հարյուր տարի շարունակ կարողացել են աշխարհին ներկայացնել իրենց պատմությունն ու խնդիրը՝ ներշնչելով բազմաթիվ երկրների ճանաչել տեղի ունեցածը եւ դրսեւորել համերաշխություն ու կարեկցանք: Ինձ համար այդ համադրությունը՝ տոկունություն, նվաճումներ եւ սեփական պատմությունը լսելի դարձնելու կարողություն, իսկական հպարտության եւ ուրախության աղբյուր է:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում


















































