Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ՀՀ իշխանության պատասխանը Ալիեւի՝ «Իրեւան» նախագծի «պատմական», «իրավական» պետական քաղաքականությանը

Ապրիլ 24,2026 12:00 Share

Այս պայմաններում նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորի հակամարտության ավարտը, եթե դրա հիմքում չլինեն հստակ, հավասարակշռված եւ փոխադարձ պարտավորություններ։

Որոշակի ինտենսիվությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ազդարարում է, թե՝ արդեն քաղում են Հայաստանի հետ հաստատված խաղաղության պտուղները։ Օրերս նա հերթական արձանագրումն է արել։

Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ, Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի ութսուներկրորդ նստաշրջանում նշել է Ալիեւը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում պատմական առաջընթաց է գրանցվել անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում. «Այսօր մենք ականատես ենք լինում խաղաղության պտուղներին։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առեւտրային հարաբերությունները սկսվել են։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»։

Հայաստանն էլ շարունակում է ակտիվորեն դիզվառելիք ներկրել Ադրբեջանից։ Օրերս Ադրբեջանից Հայաստան դիզելային վառելիքի տասնվեց վագոն առաքվեց։

Ազդարարված խաղաղության «պտուղներին» զուգահեռ, սակայն, Ադրբեջանի կողմից կոնկրետ քայլեր են իրականացվում, հայտարարություններ են արվում, որոնք վկայում են այն մասին, որ Ալիեւի վերջնական նպատակն ամենեւին էլ Հայաստանի հետ խաղաղ ապրելը չէ։

Նախ, պաշտոնական Բաքվի շարունակական պահանջներն ուղղված Երեւանին չեն դադարում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Չեխիա կատարած այցի ընթացքում անցյալ շաբաթ հարցազրույց էր տվել CNN Prima News-ին, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ու ԱՄՆ-ի դերակատարման թեմաներին՝ Վաշինգտոնի հովանու ներքո ստորագրված եռակողմ հռչակագրին։

«Հիմնական հարցը հաղորդակցությունների վերաբացումն էր։ ԱՄՆ-ը աջակցություն ցուցաբերեց այս խիստ ռազմավարական կարեւոր խնդրին՝ վերականգնել երկու երկրների միջեւ հաղորդակցությունը եւ ապահովել Ադրբեջանի մայրցամաքային մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ անարգել հաղորդակցությունը Հայաստանի տարածքով։ Սակայն խնդիրը միայն դա չէ, այն ավելի լայն է»,- ասել է Ամիրբեկովը՝ հավելելով, որ խոսքը նոր կամ այլընտրանքային տրանսպորտային երթուղու ստեղծման մասին է, որն ապագայում կկապի Արեւելյան Ասիան Արեւմտյան Եվրոպայի հետ՝ Կասպից ծովի եւ Հարավային Կովկասի միջոցով։ «Մենք պատրաստ ենք շարունակել այս դրական դինամիկան, եւ կարծում եմ, որ այս առումով 2026-ը վճռորոշ տարի կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար, քանի որ մեր շուրջը տիրող այս ամբողջ անորոշությունը, անկայունությունն ու հակամարտությունը պարզապես ընդգծում են այն բանի կարեւորությունը, որ Ադրբեջանը եւ Հայաստանն օգտվեն այս պատմական հնարավորությունից՝ խաղաղությունը պաշտոնականացնելու եւ օրինականացնելու համար»,- ասել է նա։ Ամիրբեկովը, սակայն, շեշտել է Բաքվի ակնկալիքները Հայաստանի Սահմանադրության փոփոխության առնչությամբ. «Հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական զարգացումները, որոնց մենք ուշադիր հետեւելու ենք, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրան հաջորդող նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն թույլ կտան Երեւանին եւ Բաքվին անցնել խաղաղության պայմանագրի կնքմանը»։

Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնական Երեւանին ուղղված կոնկրետ պահանջ՝ եթե ուզում եք խաղաղության համաձայնագիր, պետք է փոխեք Հայաստանի Սահմանադրությունը։

Քաղաքական պահանջներին զուգահեռ, որի մասին պարբերաբար Բաքվից հնչեցնում են, իրականացվում են նաեւ բավական հստակ քայլեր՝ ընդդեմ Հայաստանի, եւ այդ քայլերը իրականացվում են իշխանության աջակցությամբ։

Անցյալ շաբաթ Բաքվում Ադրբեջանի նկարիչների միության ցուցասրահում, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է բացվել, եւ այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին նշել է, թե «Արեւմտյան Ադրբեջանի» թեման առանձնահատուկ նշանակություն ունի նկարչի (Ալի Իսմայիլ Ալիեւի) ստեղծագործություններում։

Ազիզ Ալեքբերլին, հիշեցնենք, ակտիվ կոչեր է հնչեցնում՝ ուժեղացնել ջանքերն «Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու» համար։ «Արեւմտյան Ադրբեջանից փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է»,- նշել էր Ալեքբերլին՝ տարածքային նկրտումներ ներկայացնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։

Հիշեցնենք նաեւ, որ անցյալ տարի մայիսին Ալիեւը նշել էր, թե «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, «որը պետք է հրաժարվի այս ցանկությունը նման լույսի ներքո ներկայացնելու ցանկացած փորձից», սակայն նաեւ հավելել էր. «Այս հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, մինչեւ վերադարձի իրականացումը։ Բնականաբար, իրենց հարազատ վայրեր վերադարձող արեւմտյան ադրբեջանցիներին նույնպես պետք է տրամադրվեն անվտանգության երաշխիքներ»։

Անցյալ շաբաթ մեկ այլ ուշագրավ միջոցառում էլ է կազմակերպվել Ադրբեջանում։ Ապրիլի 15-ին Մաքսուդ Իբրահիմբեկովի անվան ստեղծագործական կենտրոնում Ալիեւի ավագ դստեր աջակցությամբ կայացել է «բանասիրության դոկտոր եւ պրոֆեսոր Ֆարիդա Սաֆիեւայի՝ «Իրեւան. պատմության եւ կորուսյալ ժառանգության արձագանքը» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով», հայտնում էին ադրբեջանական լրատվականները։ Հրապարակված լուսանկարներից պարզ դարձավ, որ «շնորհանդեսին» մասնակցել են Ալիեւի դուստրը՝ Լեյլա Ալիեւան եւ հարսը՝ Ալյոնա Ալիեւան։

Ի՞նչ են խոսել նշյալ «միջոցառման» ընթացքում…

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի, Բաքիխանովի անվան պատմության եւ ազգագրության ինստիտուտի «Արեւմտյան Ադրբեջանի պատմության բաժնի վարիչ եւ գրքի խմբագիր Ջաբի Բահրամովը ընդգծել է նախագծի կարեւորությունը ինչպես պատմական, այնպես էլ իրավական տեսանկյունից»։ Նա նշել է. «Իրեւանը հին պատմություն ունի, եւ տարածաշրջանի տեղանունների ծագումը սկիզբ է առնում շատ հին ժամանակաշրջանից»։ Ոչ կառավարական կազմակերպությունների պետական աջակցության գործակալության գործադիր տնօրեն Այգուն Ալիեւան հայտարարել է՝ «նման գրքեր պատրաստելու եւ հանրությանը ներկայացնելու կարեւորությունը»։

Իսկ գրքի հեղինակ Ֆարիդա Սաֆիեւան, նշելով, թե՝ «ծնունդով Իրեւանից է», նկատել է, որ՝ «այս աշխատանքը համարում է ոչ միայն գիտական ձեռնարկ, այլեւ բարոյական պատասխանատվություն եւ պարտականություն»։ Նրա խոսքով. «Հայրենի երկրի պատմության, մշակութային ժառանգության եւ հիշողության մասին ճշմարտությունը պահպանելն ու ապագա սերունդներին փոխանցելը Իրեւանի յուրաքանչյուր բնակչի պարտականությունն է»։

Արձանագրենք, որ այս «միջոցառումը» լուսաբանելով՝ հստակ նշվում էր, որ գրքի հրատարակման նպատակն է՝ «գիտական ապացույցներ ներկայացնել այն մասին, որ Իրեւանը ադրբեջանական ժողովրդին պատկանող քաղաքակրթության եւ մշակույթի հին կենտրոն է», իսկ այդ աշխատանքով «մանրամասնորեն ուսումնասիրել են քաղաքի դարավոր պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը եւ այն ականավոր գործիչների կյանքն ու գործունեությունը, ովքեր կարեւոր դեր են խաղացել դրա ձեւավորման գործում»։ Ավելին, նաեւ հարկ էին համարել նշել. «Չնայած 19-րդ եւ 20-րդ դարերի ողբերգական իրադարձությունների հետեւանքով Իրեւանի ադրբեջանական ինքնությունը միտումնավոր ջնջելու փորձերին, դրա իրական տեսքը արտացոլվում է արխիվային փաստաթղթերում, լուսանկարներում եւ գիտական աղբյուրներում։ Այս ուսումնասիրությունը կարեւոր գիտական աշխատանք է, որը ծառայում է այս իրողությունները վերականգնելուն, Իրեւանի մոռացված ադրբեջանական ազգային եւ մշակութային ժառանգության ուսումնասիրությանը եւ այն ապագա սերունդներին փոխանցելուն»։

Բացի այս, Ադրբեջանն Արցախում իրականացնում է մշակութային ոչնչացման հետեւողական քաղաքականություն։

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում գտնվող սուրբ Հակոբ եկեղեցին։ Դատելով հրապարակված լուսանկարներից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաեւ հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը։ Այնուհետեւ հայտնի դարձավ ադրբեջանական վանդալիզմի հերթական զոհի մասին. ոչնչացվել է Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանի մայր տաճարը։

Հայաստանի իշխանությունները, նախ, ինչո՞ւ են լռում հայկական մշակութային ժառանգության այս հետեւողական քաղաքականության մասով։ Ավելին, այս ամբողջ պատկերը համադրելով՝ ակնհայտ հակասություններ չեն տեսնո՞ւմ։ Մի կողմից՝ խաղաղության, համագործակցության եւ վստահության մասին հայտարարություններ են հնչում, մյուս կողմից տեղի է ունենում պատմական նարատիվների վերաշարադրում, տարածքային ենթատեքստ ունեցող գաղափարների առաջմղում եւ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների նկատմամբ պահանջների ներկայացում։

Բաքվի կողմից այս երկակի քաղաքականությունը Հայաստանի իշխանությունները պատահականությո՞ւն են դիտարկում։

Ակնհայտ է, որ գործ ունենք հաշվարկված ադրբեջանական ռազմավարության հետ, որտեղ «խաղաղության» հռետորաբանությունը Բաքուն ծառայեցնում է արտաքին լսարանի համար՝ որպես լեգիտիմացման գործիք, իսկ իրական քաղաքական օրակարգում այն ծառայում է՝ առավելագույն նպատակների հասնելու համար։

Հնարավո՞ր է իրական, երկարաժամկետ խաղաղություն այս պայմաններում…

Այս պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ երկարաժամկետ խաղաղությունը շարունակում է մնալ խիստ խնդրահարույց։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց երկիմաստ ձեւակերպումների, չեն կապում խաղաղության գործընթացը մյուս երկրի ներքին քաղաքական գործընթացների հետ եւ ձեւավորում են վստահության իրական մեխանիզմներ, ոչ թե՝ միայն դեկլարատիվ հայտարարություններ։

Հետեւաբար, ներկա իրավիճակում Ադրբեջանի քաղաքական վարքագիծը փաստում է, որ «խաղաղության օրակարգը» զուգորդվում է նոր պահանջների ձեւավորմամբ ու հեռահար այլ նպատակների իրագործմամբ։ Իսկ սա նշանակում է, որ այս պայմաններում նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորի հակամարտության ավարտը, եթե դրա հիմքում չլինեն հստակ, հավասարակշռված եւ փոխադարձ պարտավորություններ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930