Լրահոս
Օրվա լրահոսը

GMP-Ն ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՏԵՂ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ

Նոյեմբեր 30,2010 00:00

Սակայն այդ ամենին հասնելու համար դեղագործներից մեծ ծախսեր են պահանջվում

Կառավարությունը նոյեմբերի 25-ին արդեն վերջնական որոշում է կայացրել, որ մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը մեր երկրում բոլոր դեղագործները պետք է անցնեն եվրոպական չափանիշներով դեղարտադրությանը՝ «Պատշաճ արտադրական պահանջներին» (GMP): Բանն այն է, որ աշխարհի բոլոր երկրներում դեղերն արտադրվում են հենց այս չափանիշներով, սակայն մեր երկրում 2 անգամ 5 տարի ժամկետով պարտադիր կերպով կիրառելու այս գործընթացը հետաձգվել է, որպեսզի հին՝ Խորհրդային Միության ժամանակ հաստատված չափանիշներով աշխատող դեղագործական ընկերությունները կարողանան իրենց շինությունները, սարքավորումներն ու աշխատողներին համապատասխանեցնել GMP-ի պահանջներին: Հիմա կառավարությունը որոշել է, որ 1 տարի ժամկետ այդ ամենն անելու համար արդեն բավարար է: Այս նոր չափորոշիչներին հետեւող, ստուգող ու լիցենզիա տվող մարմին է դառնալու «Դեղերի գրանցման գործակալությունը», որը պետք է անդամակցի PIS-ին՝ «Պատշաճ արտադրական պահանջների» ապահովման համաշխարհային կազմակերպության անդամ, որպեսզի Հայաստանում արտադրված դեղերը ճանաչվեն նաեւ այլ երկրներում:
Նշենք, որ մինչեւ հիմա խորհրդային չափորոշիչներով ստեղծված դեղերը սպառվում են հիմնականում մեր երկրի ներսում, քանի որ գրեթե ոչ մի երկրում այդպիսի հաբեր այլեւս չեն ընդունվում, դրանք միջազգային շուկայում տեղ չունեն: Մեր երկրում կան GMP-ով աշխատող մի քանի ընկերություններ, սակայն նրանց վերահսկել եւ լիցենզիա են տվել եվրոպական երկրները:
Նկատենք, որ այս նոր չափորոշիչներով դեղ արտադրելն էականորեն տարբերվում է հին մեթոդից. նախ եւ առաջ դեղի արտադրությունը պետք է իրականացվի հերմետիկ փակած շենքային պայմաններում, որպեսզի որեւէ մանրէ չթափանցի դեղերի արտադրության վայր, այլ ոչ թե նախկինի պես, երբ դեղ կարելի էր արտադրել ցանկացած շենքում՝ պարզապես տարածքը պետք է փոքր-ինչ հեռու լիներ բնակելի թաղամասից եւ շրջապատված բուսականությամբ, որպեսզի բույսերը արտանետված վնասակար նյութերը կլանեն: Այս պայմաններով դեղ արտադրելը ենթադրում է նաեւ մեծ քանակությամբ նոր տեխնիկայի ու սարքավորումների ձեռք բերում: Դեղագործական ընկերություններում աշխատողները պետք է օգտագործեն համապատասխան քանակի ձեռնոցներ եւ դիմակներ, եթե դեղերի արտադրության ընթացքում այդքանից քիչ է օգտագործվում, ապա, ըստ GMP-ի գծով մասնագետների, արտադրության պրոցեսի ժամանակ ինչ- որ բան մաքուր չի արվել: Բացի այդ, այս ամենն անելու համար պետք է ոլորտում աշխատող մասնագետներին նոր մեթոդին ծանոթացնել եւ վերապատրաստել: Այս ամենը հսկայական ծախսեր են պահանջում, իսկ մեր երկրում գործող ընկերություններից շատերը ի վիճակի չեն լինի դրանք հոգալ եւ դուրս կմնան մրցակցությունից: Սա հաշվի առնելով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հեղինակները «GXP գերազանցության կենտրոնի» հետ համատեղ արդեն բավականին ժամանակ է, ինչ ստեղծել են, այսպես ասած, դասավանդող մարմին, որը հին պայմաններով աշխատող ընկերություններին աջակցություն է ցույց տալիս, խորհրդատվություն մատուցում, մասնագետներ պատրաստում եւ վերապատրաստում: Մեր այն հարցին՝ բավարար են արդյո՞ք կառավարության նշած ժամկետները GMP-ին անցնելու համար, «GXP գերազանցության կենտրոնի» ղեկավար Արամ Ղազարյանը պատասխանեց. «Ոլորտում մասնագետներին վերապատրաստելու համար բավարար է: Մնացածը կախված է այդ ընկերություններից»: Ըստ նրա, այս պայմանների կիրառումը մինչեւ այժմ չի ընդունվել եւ 10 տարով հետաձգվել է. «Քանի որ անընդհատ մտածել են, որ մասնավոր ընկերությունները չեն կարողանա սահմանված ժամկետներում պահանջվող փոփոխություններն անել: Մենք շատ հետ ենք մնացել ԱՊՀ երկրներից այս առումով»: «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի դեղագործության համախմբի համակարգող Լալա Մարգարյանցն էլ ավելացրեց, որ այս ամենը նորություն չէ մեր դեղարտադրողների համար. «GMP-ի մասին քննարկումներ նախկինում էլ են եղել, եւ շատ ընկերություններ արդեն որոշ աշխատանքներ տարել են այս չափորոշիչներին համապատասխանելու համար: Այս ամենն արվել է, որ Հայաստանի դեղերը դառնան մրցունակ միջազգային շուկայում»:
Մենք խորհրդային մեթոդով դեղ արտադրող ԳԱԱ Ալ. Մնջոյանի անվան ինստիտուտի օրգանական եւ դեղագործության քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանից էլ հետաքրքրվեցինք՝ կբավարարի՞ 1 տարին, որպեսզի նրանք կարողանան արդեն «Պատշաճ արտադրական պահանջներով» արտադրել իրենց դեղերը, որին նա պատասխանեց. «Որոշ բաներ արել ենք, բայց GMP-ի պահանջները բավականին խիստ են, առայժմ չենք հասել վերջնականին: Պետք է ենթարկվենք, կառավարությունը որոշել է արդեն»: Մեր հարցին՝ իսկ եթե այնուամենայնիվ չկարողանան հասցնել, ասենք գումարները չբավարարեն, նա պատասխանեց. «Ուրիշ ճանապարհ կընտրենք: Պետք է պատվիրենք մի այլ ֆիրմայի, որը կունենա այդ պայմանները, մեր դեղերը այդ ֆիրման կարտադրի եւ կմտցնի շուկա, բայց ես կարծում եմ, որ սա կլինի վերջին ձեւը, որը մենք կընտրենք: Մենք ինքնաֆինանսավորվող ընկերություն ենք, առայժմ չեմ պատկերացնում՝ ինչպես ենք ֆինանսական խնդիրները լուծելու, բայց մեր հույսը մեզ վրա է: Եթե մեր ֆինանսական հոսքերը լինեն 2010 թվականի նման, վստահ կարող եմ ասել, որ չի հերիքի, դրա համար էլ այսօր բանակցություններ ենք վարում Ռուսաստանի Դաշնության ու Ուկրաինայի հետ»: Հարցին էլ, թե ինչո՞ւ են բոլորը շահագրգռված GMP պայմաններով դեղ արտադրել, պարոն Թոփուզյանը պատասխանեց. «Այս պայմաններն անվտանգ են դարձնում դեղամիջոցը: Այդ պայմաններով արտադրված դեղին շատ ավելի հանգիստ կարող ենք վստահել: Մեր դեղերն անորակ չէին, դիմանում էին մեր սպառողների պահանջներին, ոչ մի անգամ բողոքարկում չի եղել»:
Իսկ GMP պայմաններով դեղ արտադրող «Արփիմեդ» ընկերության տնօրեն Վաչագան Ղազարյանի կարծիքով, սա ավելի թափանցիկ է դարձնում դեղարտադրության գործընթացը, դրա համար էլ շատ ընկերություններ շահագրգռված չեն նոր պայմաններին անցնել. «Բացի այդ, GMP-ի պայմանները թանկացնում են դեղի ինքնարժեքը, այն ձեռնարկությունները, որոնք այդ չափորոշիչները չունեն, մեծ ծախսեր չեն անում, բայց իրենց արտադրանքը այն նույն գնով են վաճառում, ինչով մենք՝ ստանալով հսկայական շահույթներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել