Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում Սասունի առավելությունը մեծ է լինելու

Հունվար 21,2012 12:59

Ասում է նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչ  Մեսրոպ Մեսրոպյանը

Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել եւ արդեն գրանցվել են երեք թեկնածուներ՝ գործող հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ընդդիմադիր գործիչ ու նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու գործող քաղաքապետի խորհրդական Հովհաննես Պրտավյանը:

«Առավոտը» երեկ զրուցեց Սասուն Միքայելյանի զինակից, նրա նախընտրական շտաբի քարոզչության եւ լրատվության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանի հետ:

– Հաջորդ շաբաթ պաշտոնապես կմեկնարկի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական Հրազդանի մթնոլորտը:

– Մեզ մոտ արդեն նախընտրական մթնոլորտ է՝ թեեւ քարոզարշավը պաշտոնապես հունվարի 25-ին է սկսվում: Թեկնածուներն արդեն գրանցված են, եւ մենք թեւակոխում ենք բուն նախընտրական շրջան: Օրեր անց քարոզարշավը կսկսվի, ու մենք պատրաստվում ենք նորմալ, գրագետ քարոզարշավ տանել մեր հնարավորությունների սահմաններում, եւ լիահույս ենք, որ քաղաքապետի նորմալ ընտրություններ պետք է անցկացնենք:

– Կարծում եք՝ հնարավո՞ր է նորմալ ընտրություններ անցկացնել, երբ թեկնածուներն արդեն հասցրել են միմյանց հասցեին կծու խոսքեր շռայլել, երբ տեղեկություններ են հայտնվում իշխանությունների կողմից այսօր արդեն վարչական լծակների գործադրման մասին, ու Կոտայքի մարզպետը եւ գործող քաղաքապետը հայտարարել են մեծ հաշվով կամ «ինտերվալով» հաղթանակ տանելու մասին:

– Այն, ինչ ձեր մատնանշած անձինք հայտարարել են՝ իրենց խնդիրն է: Իհարկե, ճիշտ կլիներ, որ նրանք ավելի համեստ լինեին եւ ամեն ինչ անեին օրենքով նախատեսվածի շրջանակներում: Բայց ես հավատում եմ, որ, այդուհանդերձ, հնարավոր է նորմալ ընտրություններ անցկացնել: Իմ համոզմունքը հիմնված է նախորդ ընտրությունների դառը փորձի վրա, որը բոլորիս ապացուցեց, որ այսպես հնարավոր չէ պետություն կառուցել ու քաղաքի խնդիրները լուծել, որ դա մեզ տանում է քարքարոտ ճանապարհով: Կարծում եմ, առաջին հերթին երկրի նախագահից սկսած՝ մինչեւ բոլոր մյուս պաշտոնյաները պետք է շահագրգիռ լինեն Հրազդանում նորմալ ընտրություններ անցկացնելու հարցում, որովհետեւ դա առաջիկա համապետական ընտրություններին անմիջապես նախորդող ընտրություն է: Նրանք պետք է կարողանան գոնե կոսմետիկ իմաստով ապացուցել, որ կամք ունեն եւ տրամադրված են նորմալ ընտրությունների ճանապարհով իշխանություն ձեւավորել եւ իրենց իշխանությունը լեգիտիմացնել ու մեր պետության դիրքերն ուժեղացնել:

– Այնուամենայնիվ, խոսվում է վարչական լծակների գործադրման, հրազդանցիների վրա ճնշումների, սպառնալիքների մասին: Նման փաստեր կա՞ն:

– Գիտեք, Հրազդանը համեմատաբար փոքր քաղաք է, եւ այստեղ բոլորն իրար ճանաչում են: Ամեն օր տարբեր տիպի տեղեկություններ ենք լսում, թե որ հիմնարկի ղեկավարն ինչպես է փորձում ազդել իր ենթակաների վրա, կամ որ դպրոցում ու մանկապարտեզում ինչ միջոցառումներ են իրականացվում: Այո, իշխանություններն ընդհանուր առմամբ փորձում են իրենց ձեռքի տակ եղած վարչական լծակները կենտրոնացնել եւ ներազդել ընտրությունների արդյունքի վրա, բայց քանի որ վստահ եմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, գործող քաղաքապետն անցած տարիներին այնքան վատ է աշխատել, որ հրազդանցիների շրջանում նրանից մեծ հիասթափություն կա, կարծում եմ՝ որքան էլ փորձ արվի այդ վարչական լծակները գործի դնել կամ ընտրակաշառքով ու սեւ տեխնոլոգիաներով ինչ-որ բանի հասնել՝ չի ստացվի: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մարդկանց հետ շփումների արդյունքում ներքին համոզմունք ունեմ, որ անպայման հաղթելու ենք, նույնիսկ եթե ընտրակաշառք բաժանվի ու սեւ տեխնոլոգիաներ կիրառվեն:

– Դուք հույս ունեք, որ իշխանությունները կգիտակցե՞ն, թե հանուն երկրի ապագայի այլեւս ընտրություններ կեղծել չի կարելի, կամ որ առաջիկա ԱԺ ընտրություններից առաջ դա չեն անի: Բայց տեղեկություններ կան, թե իշխանությունները կատարյալ ազատություն են տվել Կոտայքի մարզպետին եւ Հրազդանի քաղաքապետին՝ ամեն գնով ապահովել ՀՀԿ-ական թեկնածուի հաղթանակը, ինչը ապահովելը մասնավորապես մարզպետի համար ստուգարքի պես բան է լինելու եւ կանխորոշելու է մարզպետի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարության հարցը:

– Եթե մարզպետը ՀՀԿ ներկայացուցիչն է, այդ թիմի ղեկավարն է մարզում, ապա այդ տրամաբանությունից ելնելով՝ բնական է, որ նա ամեն ինչ պիտի անի, որպեսզի իրենց պաշտպանած թեկնածուն անցնի: Բայց եթե ավելի գլոբալ նայենք երկրում առկա խնդիրներին ու այն մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր պետության եւ ժողովրդի առաջ, թե՛ մարզպետը, թե՛ ավելի բարձր պետական պաշտոնյաները պետք է քաջություն ունենան հրաժարվելու կեղծիքներից, իրենց վերարտադրմանն ուղղված նորարարություններից եւ թողնեն, որ տեղերում նորմալ ընտրություններ լինեն: Այս ընտրապայքարի, վաղն էլ ԱԺ ընտրությունների մեջ մենք մտել ու մտնելու ենք ոչ թե ընդդեմ որեւէ մեկի, այլ հանուն երկրի: Չեմ կարծում, թե իրավիճակն այնպիսին է, որ իշխանության մեջ բացառապես վատ մարդիկ են աշխատում, կամ ընդդիմության մեջ՝ բացառապես լավ մարդիկ: Ճիշտ հասկացեք ինձ, ուզում եմ իրատես լինել: Վերջին հաշվով այսօրվա մեր նախագահն էլ, այլ պաշտոնյաներ էլ պատերազմով անցած մարդիկ են, ու մի օր պետք է իրենք իրենց հաշիվ տան:

– Դուք համոզվա՞ծ եք, որ հրազդանցիներն առաջիկա ընտրություններում ընտրակաշառքով չեն քվեարկելու, կամ որ այդպիսի ընտրողների թիվը մեծ չի լինելու:

– Անցած ընտրությունների փորձը ամբողջ հանրապետության մասշտաբով ցույց տվեց, որ բոլոր տեղերում էլ ընտրակաշառքով քվեարկող ընտրազանգված կա: Բայց այսօր Հրազդանում իրավիճակը լրիվ այլ է, եւ դարձյալ անցած տարիների փորձը ընտրակաշառքով քվեարկածներին էլ շատ բան ապացուցեց: Ես վստահ եմ, որ այսօր հրազդանցիների մոտեցումը ընտրություններին այլ է լինելու՝ պայմանավորված նաեւ գործող քաղաքապետի հիմնական մրցակից Սասուն Միքայելյանի անձով: Սասունն իր ապրած կյանքով է ապացուցել, որ իր ասածն ու գործը երբեք իրարից չեն տարբերվել, ու Հրազդանում նա հարգված եւ ընդունված գործիչ է:

– Սասուն Միքայելյանի մրցակից գործող քաղաքապետը հայտարարել է, թե մեծ ինտերվալով են հաղթելու, ձեր թեկնածուի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Կարծում եմ՝ մեր առավելությունը մեծ է լինելու՝ հազար եւ ավելի քվեի տարբերությամբ:

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031