Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո մասին. «Սուտ է եւ չափազանց իրական»

Հունիս 07,2012 17:33

 

Մաս 1-ին→

Անին սիրում էր, Մուշեղը՝ ոչ: Աղջիկը պայքարում էր իր սիրո համար, տղան՝ արհամարհում աղջկա սերը: Տասը տարի  սիրո եւ ատելության դեմ պայքար, ավարտը՝ դժբախտություն եւ սիրո նոր որոնում:

Անին ու Մուշեղը դասընկերներ էին 1-ին դասարանից, նույն բակում էին ապրում, միշտ միասին գնում դպրոց: «Մենք ընտանիքներով էլ էինք շատ մոտ, Մուշեղի մայրն ինձ միշտ ասում էր՝ քեզ ինձ հարս եմ տանելու, այսպես ամեն օր այդ հարցը քննարկվում էր, մի օր՝ երրորդ դասարանում էինք սովորում, բակի երեխեքով խաղում էինք, եկավ Մուշեղը, ձեռքիս մեջ թուղթ դրեց եւ գնաց»,- պատմում է Անին: Թղթի գույնը, ձեւը եւ այնտեղ գրվածը Անիի հիշողության մեջ է դաջված. «Ես քեզ սիրում եմ». գրված  էր թղթի վրա: Անին պատմում է՝ նույն բովանդակությամբ մի գրություն էլ  իր կողմից ուղարկեց Մուշեղին: «Այդ օրվանից, ես մտածում էի՝ մենք սիրածներ ենք, ընկերություն ենք անում»,- ասում է Անին: Մուշեղին, կարծում է՝ սիրում էր, նա էր դասարանի եւ բակի «լավ տղան», բոլոր աղջիկները նրա հետ ցանկանում էին մտերմանալ, տղաներն էլ առանց նրա՝ ոչ մի որոշում չէին կայացնում: «Ես մեր «սիրային» հարաբերությունների մասին պատմեցի բակի եւ դասարանի բոլոր աղջիկներին եւ վայելեցի բոլորի նախանձ հայացքները,- պատմում է Անին,- մի նամակ էի դեռ միայն ստացել, սպասում էի հաջորդին, ուզում էի՝ ես էլ նրան նամակ գրեի, օրինակ,որ այսօր մեր դասարանի Ալբերտը իմ մազը քաշեց եւ այլն (ծիծաղում է- հեղինակ)»: Բայց ո՜չ սպասված նամակ եւ ո՜չ էլ սիրո մասին խոսակցություն Մուշեղի կողմից Անին չստացավ: Աղջիկն արդեն ամեն օր սպասում էր հերթական խոսակցությանը, բայց տղան լռում էր. «Չհասկացա ինչպե՞ս՝ ես արդեն 3-րդ դասարանից դարձա սիրո գերի, ուրիշ ձեւ չեմ կարող ինձ հետ կատարվածը նկարագրել: Ամբողջ օրը Մուշեղն էր իմ մտքում, մտածում էի՝ որտե՞ղ է նա հիմա, ի՞նչ է անում, բայց նա արդեն ինձ հետ չէր խաղում, մեր բակում համարյա չէր լինում, դպրոց ինձ հետ չէր գնում իսկ այնտեղ էլ ինձ հետ չէր խոսում»,- պատմում է Անին: Ասում է՝ իրեն անչափ վշտացնում էր Մուշեղի պահվածքը, բայց մտածում էր՝ամեն ինչ անելու է, որ Մուշեղը նորից ցանկանա իր հետ սիրո մասին խոսել, այսպես ջանում է եւս մի քանի տարի, իսկ տղան շարունակում է անտարբերության մատնել Անիի ցանկացած ճիգ, դասարանում էլ արդեն բոլորը հասկացել էին՝ Անին Մուշեղին է սիրում, Մուշեղը՝ աղջկան՝ ոչ: «Արդեն 7-րդ դասարանում էին սովորում, նկատել էի՝ ընկերուհիս մտերիմ էր նրա հետ, նա էլ  անտարբեր չէր ընկերուհուս նկատմամբ, ամեն օր նրանց բակ էր գնում, դասամիջոցներին մենակ նրա հետ էր շփվում: Նախանձում էի, բայց պահը որոշեցի ի օգուտ ինձ օգտագործել»,-  պատմում է Անին: Մուշեղի հետ մտերմանալու մի ծրագիր է մշակում, իրականացման համար էլ լավագույն առիթ է ստեղծվում. «Բակում գնդակով խաղում էինք, Մուշեղը եկավ, երեւում էր ընկերուհուս բակից էր գալիս, ես ինձ զսպեցի, որոշեցի նրա կողմ ուշադրություն չդարձնել: Էրեխեքը նրան կանչեցին խաղալու, ինքն էլ, ինչպես էտ տարիքի բոլոր տղա երեխաները, սկսեց պարծենալ՝ ես հո ձեր թայը չեմ: Տղաներից մեկը թե. «Դե դու սիրահարված ես, մեր հետ գործ չունես , ես էլ առիթը բաց չթողեցի, մոտեցա նրան ու շատ կամաց ասացի՝ կօգնեմ քեզ,- պատմում է  Անին,- նրա մտքով ինչ ասես, որ չանցավ, իսկ ես մեղմ ժպտացի ու ասացի, որ գիտեմ՝ ինքը ընկերուհուս՝ Նարինեին է սիրահարվել, առաջարկեցի օգնել նրան, որ աղջկա սիրտը գրավի: Ինձանից նման բան նա հաստատ չէր սպասում, ժպտաց… Հասկացա՝ ծրագիրս իրականացման ճանապարհին է…»:

 Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930