Լրահոս
Օրվա լրահոսը

Արգենտինայի եւ Սյունիքի միջեւ հնարավոր է համագործակցություն գյուղատնտեսության ու կրթության ոլորտներում

Հոկտեմբեր 02,2012 10:50

Առաջին անգամ ճանաչողական այցով Սյունիք է ժամանել Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան, որը երկօրյա այցի առաջին օրը` հոկտեմբերի 1-ին, հասցրել է լինել տեսարժան վայրերում` Զորաց Քարերում, Տաթեւի վանական համալիրում, տպավորված է Սյունյաց աշխարհի գեղեցկությամբ: Իսկ Տաթեւում դեսպանին չհաջողվեց նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, քանի որ պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով՝ ճոպանուղին այդ օրը չէր գործում: Նա մտադիր է այցի ավարտից հետո` մայրաքաղաք վերադառնալիս, անպայման ճոպանուղի նստել:

Կապանում Սյունիքի մարզպետի հետ կայացած հանդիպման ժամանակ խոսվել է Արգենտինայում ապրող հայ համայնքի բնակչության հետ կապերի խորացման, գյուղատնտեսական եւ տարբեր ոլորտներում համագործակցության ձեռքբերման ու այլ առաջարկների մասին:

«Կարծում եմ, այս այցը նաեւ լավ հնարավորություն կտա, որ Արգենտինայի մեկ մարզի եւ Սյունիքի հետ եղբայրական հարաբերություն ստեղծենք: Սյունիքի մարզը հարուստ է պատմամշակութային վայրերով: Վերջերս նաեւ նոր դամբարանադաշտ է հայտնաբերվել, որն, ըստ մասնագետների, 300 հազար տարվա պատմություն ունի: Մարզում գյուղատնտեսական եւ լեռնամետալուրգիական ոլորտները նույնպես զարգացած են: Այն, ինչ կա Արգենտինայում, կա նաեւ Սյունիքում, կարող ենք Ձեր միջնորդությամբ փոխշահավետ հարաբերություններ ստեղծել նաեւ բիզնեսի բնագավառում», -հանդիպման ժամանակ դեսպանին ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերան նշեց, որ Արգենտինայում մոտ 100 հազար հայ է ապրում, հայերն այնտեղ ճանաչված են եւ տարբեր բնագավառներում լավ մասնագետներ են:

Արգենտինայի դեսպանն իր հետ նաեւ արգենտինական գինի էր նվեր բերել, որը պատրաստված էր իր երկրում ապրող հայի ձեռքով: «4 ամիս առաջ, երբ Հայաստանում դեսպան նշանակվեցի, շատ էի ցանկանում գալ եւ ճանաչել Սյունիքը եւ սա իմ առաջին այցն է դեպի մարզեր: Հուսով եմ, հետագայում մարզի հետ կապերն ավելի կամրապնդվեն, շատ հնարավոր է Արգենտինայի գյուղատնտեսության հետ լավ հարաբերություններ ստեղծել, համագործակցել կրթության ոլորտում եւ այլն», – հավելեց դեսպանը:

Իսկ այսօր` այցի երկրորդ օրը, նախատեսվում է հանդիպում Մեղրու ու Ագարակի քաղաքապետերի հետ, այցելություն Ագարակի կոմբինատ եւ մաքսակետ:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031