Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը խոսեց. «Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակառակորդ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2012 23:17

«Անակնկալ չէր ինձ համար ԲՀԿ-ի որոշումը, որովհետեւ ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Շատ նորմալ եմ նայում այդ ամեն ինչին, շատ նորմալ: Ամեն մի քաղաքական ուժ ունի իր հաշվարկները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լռությունից հետո խոսեց՝ մեկնաբանելով ԲՀԿ-ի հայտարարությունը: Մեր հարցին՝ այդ հաշվարկները ՀԱԿ-ի հաշվարկների հետ համընկնո՞ւմ են, նա պատասխանեց. «Մենք դաշնակիցներ չենք եղել, որ կոնկրետ հաշվարկներ անեինք իրենց հետ կապված: Մենք ընդամենը ունեինք նման ցանկություն եւ ակնկալում էինք, որ հնարավոր է, որ հաջողվի: Դա դեռ չի նշանակում, որ մեր հաշվարկները կառուցված էին զուտ այդ հաշվարկների վրա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ԲՀԿ-ի հայտարարության երկրորդ մասը, որ ոչ մեկին չեն սատարում, դա անսպասելի չէ՞ր՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ պետք է ասեին: Պետք է ասեին՝ Սերժ Սարգսյանին չեմ սատարում, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարո՞ւմ եմ: Եվ  ի՞նչ էր լինելու հետո: Ես դա իմ ենթադրությունն եմ ասում: Ես շատ լավ հասկանում եմ, որ չէր կարող նման բան լինել»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն իր վերջին ասուլիսում ռեպլիկ արեց, որ ամենածանրը տարավ Լեւոն Զուրաբյանը: Այս առնչությամբ տիկին Սարգսյանն ասաց, որ Սուրեն Աբրահամյանն իր գործընկերն է եղել, մեծ հարգանքով է վերաբերում նրան, բայց «չեմ կարծում, որ հիմա այն ժամանակն է ու այն իրավիճակն է երկրում, որպեսզի մենք կառչենք մեկս մյուսի խոսքերից: Կարծում եմ, որ մենք ավելի լուրջ խնդիր ունենք լուծելու: Եթե մենք կարողանում ենք նորից ընդհանուր պայքարի մեջ հասնել հաջողության, ես կարծում եմ, որ դա ամենակարեւորն է այս պահին, որն ակնկալում է ժողովուրդը՝ քաղաքական ուժերից: Ակտիվություն, համախմբվածություն..ես կարծում եմ՝ հիմա այ այդ ժամանակն է, որ բոլորը պետք է գնահատական տան իրենց իսկ վարքագծին»:

Մեր հարցին՝ ՀԱԿ-ի կողմից ակտիվություն լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, խոսակցություններ կան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, նա պատասխանեց. «Միանշանակ ակտիվություն է լինելու: Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակառակորդ: Ես կարծում եմ՝ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են՝ որպես ընդդիմադիր, ներկայանում են որպես ընդդիմություն, թող հաշվի առնեն որոշ հանգամանքներ եւ իրական ընդդիմություն լինելու դեպքում թող հասկանան, որ այդ պայքարը պետք է միասնական տանենք»:

Մենք ճշտեցինք, այսինքն՝ դաշտի համար այս պահը ճակատագրական է, Լյուդմիլա Սարգսյանը հաստատեց. «Այո, նորից սեւ ու սպիտակի է բաժանվում ամեն ինչ: Ով ուզում է դաշտում սպիտակների մեջ լինի, ուրեմն պետք է միանա միասնական պայքարին: Ով չի միանում՝ ուրեմն  այլ խնդիրներ է լուծում եւ այլ նպատակներ հետապնդում: Ես կարծում եմ, որ հիմա դեռ պահը չի խիստ գնահատականներ տալու, բայց կարծում եմ՝ քաղաքական ուժերը պետք է իրենց հաշիվ տան, որ  ժողովուրդն այնքան միամիտ չի, որ չհասկանա՝ կոնկրետ ով ինչ նպատակ է հետապնդելու: Եթե իրոք ընդդիմություն են եւ ուզում են իրոք այդպիսին դիտարկվեն ժողովրդի կողմից, ուրեմն պիտի պատրաստ լինեն շատ  բաներ մոռանալու, շատ բաներ անտեսելու, իրենց ամբիցիաները ցած դնելու եւ միավորվելու մեր ընդհանուր գործին»:

Որպեսզի առաջադրումների հետ կապված հստակություն լինի, մենք հարցրեցինք՝ այսինքն՝ այնպես չի՞ լինի, որ Սերժ- Սարգսյանի մրցակիցը լինի էպոսագետը՝ նա պատասխանեց,. «Իհարկե, ոչ: Մեր ժողովուրդն արժանի է  ավելի արժանավոր թեկնածուների: Չեմ ուզում թերագնահատել մեր էպոսագետին, բայց կարծում եմ, որ նա չի կարող լուրջ  պայքար ծավալել եւ մրցակից լինել Սերժ Սարգսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31