Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքը մերն է» նախաձեռնության հայտարարությունը

Դեկտեմբեր 30,2012 18:24

2012 թվի դեկտեմբերի 27-ին Գյումրու Ավագանու նիստի ժամանակ քննարկված մի քանի հարցերի եւ քաղաքացիների իրավունքների անօրինական սահմանափակման մասին

1. Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նիստի սկզբում, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի եւ Գյումրու Ավագանու կանոնակարգի այն դրույթները, որոնցով սահմանվում է, որ Ավագանու նիստը բաց է, քանի դեռ այն փակ չէ Ավագանու որոշմամբ (ՀՀ Տիմ օրենք, հ. 14-6, Ավագանու կանոնակարգ` հ. 70. «Բնակչությունը իրավունք ունի մասնակցելու համայնքի ավագանու նիստերին: Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովելու պայմաններ բնակչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրատվամիջոցների մասնակցության համար…:»), արգելել է նիստին ներկա գտնվելու համար Գյումրու քաղաքապետարան եկած մոտ մեկ տասնյակ քաղաքացիների մուտքը: Նա հայտարարել է, որ թույլ չի տալու այդ մարդկանց ներկա գտնվել նիստին, անգամ այն բանից հետո, երբ Ավագանու անդամ Լ.Բարսեղյանը զգուշացրել եւ բացատրել է, թե դա օրենքով սահմանված իրավունք է եւ չկա Ավագանու նիստերին քաղաքացիների ներկայությունը կարգավորող պատշաճ հրապարակված որեւէ նորմատիվ ակտ: Բազմաթիվ դատարկ աթոռներ են եղել եւ նիստի սկզբում, եւ նիստի 15-րդ րոպեից սկսած, երբ  տոնածառեր դնելու համար պարգեւատրված տասը քաղաքացիները պարգեւներն ստացել եւ հեռացել են:

2. Ս.Բալասանյանը, խախտելով Գյումրու Ավագանու կանոնակարգի 79-րդ հոդվածը, («Քննարկվող հարցի վերաբերյալ զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին:…»), նիստում քվեարկության է դրել Գյումրիում անօթեւանության խնդիրը արմատապես լուծելու համար պետական նոր ծրագիր մշակելու մասին Ավագանու անդամ Լ.Բարսեղյանի նախապատրաստած եռյակ ուղերձներից միայն մեկը: Այնինչ, Լ.Բարսեղյանը դեռ դեկտեմբերի 21-ին Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին էր ուղարկել` ՀՀ նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին եւ կառավարությանը Ավագանու կողմից հղվելիք, գրեթե նույնաբովանդակ երեք տարբեր ուղերձների նախագծեր: Միայն Բարսեղյանի պնդումների արդյունքում դրանք գտնվեցին եւ բերվեցին նիստին ու դրվեցին քվեարկության այն բանից հետո, երբ Ավագանին արդեն քվեարկել էր դրանցից միայն մեկի օգտին:

 

Այնուհետեւ ՀՀ նախագահին եւ Ազգային Ժողովին հղվելիք ուղերձների ընդունման դեմ քվեարկեցին 11 հոգի, ձեռնպահ եղան 6-ը, 3 հոգի` կողմ, մեկը բացակա էր: Քվեարկության անվանական ցանկը կհրապարակվի որոշման պաշտոնական հրապարակումից հետո:

 

Փաստորեն Գյումրու Ավագանին իր հավաքականության մեջ չգտավ, որ Գյումրու անօթեւան 4500 ընտանիքներին (քաղաքապետարանի տվյալներով` մոտ 1500 ընտանիք) այդ պայմաններից վերջնականապես հանելու, Գյումրիում անօթեւանության հարցը հիմնովին լուծելու, Գյումրին տնակներից ու տնակային թաղամասերից լրիվ ազատելու համար արժե դիմել ՀՀ նախագահին եւ Ազգային Ժողովին: Նախագծերից մեկը ներկայացվում է այս հայտարարությունը կից:

3. Գյումրի համայնքի 2013 թվի բյուջեն Ավագանու անդամներին է ներկայացվել ՀՀ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներով, որոնցով նախատեսված է, որ բյուջեի նախագիծը ավագանու անդամներին պիտի տրամադրվի նիստից առնվազն 7 օր առաջ, այնինչ, դա արվել է ընդամենը 2 օր առաջ: Այս հանգամանքը քաղաքացիներին եւ Գյումրու Ավագանու անդամ Լ.Բարսեղյանին հնարավորություն չի տվել հանգամանորեն ծանոթանալ բյուջեի նախագծին, մեզ հնարավորություն չի տվել կազմակերպել հետաքրքրված հանրության հետ քննարկումներ, լսել մասնագետների կարծիքներ, որակյալ առաջարկություններ եւ ներդրում ունենալ բյուջեի կատարելագործման գործում:

 

4. Չնայած վերոհիշյալ հանգամանքին, Գյումրու Ավագանու անդամ Լ.Բարսեղյանը գրավոր առաջարկ էր նախապատրաստել բյուջեի նախագծում փոփոխություններ անելու մասին, որը ներկայացրել է Ավագանու բոլոր անդամներին եւ քաղաքապետին: Առաջարկվել է «քաղաքի մուտքի կամարի» կառուցման համար նախատեսված 50 մլն դրամի ծախսը հանել եւ այն ավելացնել նախակրթարաններին հատկացվելիք գումարին: Անօթեւան ընտանիքների երեխաններին այս աջակցության առաջարկով քաղաքապետին եւ Ավագանու բոլոր անդամներին նոյեմբերի 16-ին դիմել էր «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն[1]: Բացի այդ, նիստում Լ.Բարսեղյանը բացատրել է, որ հազարավոր անօթեւաններ, ավերակ փողոցներ ու թաղամասեր ունեցող քաղաքի համար կամարի շինարարությունը շռայլություն է:

 

Սակայն այս առաջարկը մերժվել է հօգուտ նախկինում պատվիրված ինչ-որ թագավորական արձանախմբի համար կառուցվելիք կամարի:

 

Ամփոփելով եւ գնահատելով տեղի ունեցածը, հայտարարում ենք,

 

  1. Գյումրու տեղական ինքնակառավարման համակարգում, անկախ անձանց փոփոխությունից փաստորեն շարունակվում է կիրառվել ինքնիրավչությունը. քաղաքապետը, չնայած թափանցիկ եւ հրապարակային աշխատելու մասին իր տված բազմաթիվ հրապարակային խոստումներին, չկարողացավ իր խոսքի տերը լինել, սկսեց սահմանափակել մարդկանց օրինական իրավունքները:
  2. Այս նիստում ակնհայտ դարձավ, որ համանքային առաջնահերթությունների գնահատման հարցում Գյումրու տեղական ինքնակառավարումը չունի հայեցակարգային մոտեցում կամ ունի այլ հետաքրքրություններ, որոնք միայն մասամբ են համընկնում քաղաքացիների շահերին:

 

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր` Գյումրու զարգացման եւ բարեփոխման առաքելությանը, կոչ է անում քաղաքապետ Ս.Բալասանյանին եւ Գյումրու Ավագանու անդամներին` վերանայել իրենց դիրքորոշումը վերոհիշյալ եւ հարանման խնդիրների հարցում, մնալ հավատարիմ իրենց տված երդումներին, ՀՀ գործող օրենսդրությանը եւ այն առաքելությանը, որը ստանձնել են կամավոր:

 

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնություն. անվանական` Գյումրի քաղաքի մի շարք հասարակական գործիչներ, լրագրողներ եւ մշակույթի գործիչներ. Լեւոն Բարսեղյան, Անահիտ Մխոյան, Սեյրան Մարտիրոսյան, Կարինե Մկրտչյան, Նիկոլ Մարգարյան, Կարեն Պետրոսյան, Նադեժդա Հակոբյան, Կարեն Տերտերյան, Սուսաննա Էլբակյան, Սերգեյ Գաբրիելյան, Հասմիկ Մխիթարյան, Արա Սուքիասյան, Անի Զախարյան, Արթուր Էդար, Վազգեն Մարտիրոսյան, Սարինե Ասատրյան, Գագիկ Ներսիսյան, Ղարիբ Հարությունյան:

 

Հավելված.

 

ՀՀ նախագահին ուղղվելիք Գյումրու Ավագանու ուղերձի նախագիծ, մշ. Լ.Բարսեղյանը

 

«Նախագիծ

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին

Լրացավ 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցը:

Գյումրու ավագանին նկատում է, որ չնայած անցած տարիներին աղետի գոտում իրականացված ծավալուն բնակարանաշինությունը, երկրաշարժից արդեն 24 տարի անց աղետի գոտին ամբողջությամբ դեռ չի վերականգնել. տարբեր տվյալներով միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ, բնակարաններ կորցրած եւ չհաշվառված, սեփական տներ կորցրած ընտանիքներ), իսկ այլ անօթեւան ընտանիքների թիվը 1.600-ից ավելի է (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած ընտանիքներ եւ այլն): Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում եւ Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն:

Անօթեւանության խնդիրը վերջնականապես կարգավորելու, մարդկանց տնակային անտանելի պայմաններից հանելու եւ քաղաքը տնակներից հիմնավորապես ազատելու  համար, հասկանալով, որ մոտավորապես 3 մլրդ դրամ/տարեկան բյուջե ունեցող Գյումրի համայնքը չունի խնդիրը կարգավորելու սեփական միջոցներ, ուղերձով դիմում ենք Ձեզ, կոչելով.

  1. Պետության ուշադրության կենտրոնում պահել 1988 թվի երկրաշարժից փաստացի անօթեւան դարձած, աճած, կիսված եւ մինչ օրս տնակներում ապրող մոտ 2000 ընտանիքներին, անօթեւան դարձած, բայց չհաշվառված մոտավորապես 400 ընտանիքներին եւ սեփական տներ կորցրած ու չհատուցված մոտավորապես 300 ընտանիքներին, հանձնարարել` հատուկ պետական ծրագիր մշակել նրանց բոլորին պատշաճ կերպով հաշվառվելու եւ առաջիկա 3 տարում բնակարաններով փոխհատուցելու` ըստ անօթեւանության պայմաններում ապրող ընտանիքների անդամների փաստացի թվի:

Հանձնարարել` հատուկ պետական ծրագիր մշակել անօթեւանության պայմաններում ապրող մյուս ընտանիքներին (տնակներում ապրող ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած ընտանիքներ) հատուկ կարգավիճակ շնորհելու եւ առաջիկա երեք տարում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարաններով կամ դրանց հավասարեցված կացարաններով ապահովելու մասին, որոնցում նրանք անժամկետ եւ առանց վարձավճարի բնակվելու իրավունք կստանան, վճարելով կոմունալ ծախսերի համար միայն:

Հարգելի պարոն նախագահ, մեր պարտքն է հիշեցնել, որ այս մասին հասարակական գործիչներն ահազանգել են տարիներ շարունակ, սակայն խնդիրը լուծելու իշխանությունների փորձերը եւ ներդրված ջանքերը եղել են ոչ ամբողջական եւ անբավարար, իսկ խնդիրը մնացել է եւ զարգացել: Այժմ էլ, անօթեւանության այս խնդիրը շուտափույթ չկարգավորելու կամ դանդաղ կարգավորելու դեպքում, ճգնաժամը խորանալու է` անօթեւան ընտանիքների թիվը շարունակաբար մեծանալու է, աճելու է արտագաղթը, սոցիալական ճգնաժամն ու մշակութային օտարումը Գյումրիում դառնալու են անհաղթահարելի:»

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31