Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիսուրան ստեղծելու հնարավորություն է տալիս». Հարութ Շատյան

Մարտ 30,2013 16:21

27-ամյա Հարութ Շատյանը ավարտել է Թատրոնի եւ կինոի պետական ինստիտուտը: Դեռ մանկուց ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն է ունեցել: Երբ ֆիլմը նայելուց ասել է, որ տեսել է, ծնողները կարծել են, թե հորինում է, բայց երբ պատմել է դրա մասին` համոզվել են: Բացի դրանից, Հարութի հայրը 90-ականներին ունեցել է կաբելային հեռարձակման ստուդիա, որով հեռարձակվող բոլոր ֆիլմերին տղան մեծ հետաքրքրությամբ հետեւել է: Սակայն այդ ժամանակ իր մտքով անգամ չէր էլ անցնում, որ ապագայում ընտրելու է հենց ռեժիսորի մասնագիտությունը. «Դպրոցը ավարտելուց, երբ տնօրենը նայեց մեր վերջին զանգը, որտեղ ես բավական ծավալուն դեր ունեի, ասաց` դու պետք է թատերական ընդունվես: Այդ ժամանակ իմ համար դա ուղղակի անիմաստ խոսակցություն էր: Բանակում ծառայելու ընթացքում հրամանատարները «լրագրող» էին ասում: Ծառայությունս վերջացնելուց հետո որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել: Երեք բաժին էի նշել` Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, Վավերագրական ֆիլմի ռեժիսուրա եւ Դրամատիկ թատրոնի ռեժիսուրա: Երեք հայտերով էլ ընդունվել էի, բայց առաջին հայտով անցել էի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժինը: Դա 2006թ.-ին էր»,-պատմում է Հարութը:

Ըստ նրա` ռեժիսուրան այն մասնագիտությունն է, որը թույլ է տալիս ստեղծել այն, ինչը դեռ չկա, ինչը կարող է ավելի գեղեցկացնել կամ նույնիսկ տգեղացնել մեր շրջապատում: Ռեժիսուրան թույլ է տալիս հորինել իրավիճակներ, որոնք իրականում չեն լինի. «Մի խոսքով` ռեժիսուրան ստեղծելու հնարավորություն է տալիս: Աստծուց հետո միակ տարբերակն է ինչ-որ բան ստեղծելու»,- ասում է նա:
Ցանկացած ֆիլմ ռեժիսորի ստեղծածն է: Հարութն ունի իր ստեղծած մի քանի փոքրիկ ֆիլմերը, որտեղ կան հորինված մարդիկ, իրավիճակներ, դեպքեր: Ըստ երիտասարդ ռեժիսորի` դժվարը հերոսին ստեղծելն է, քանի որ նա այն մարմինն է, որին ստանալուց հետո մնացածը դառնում է մի քանի անգամ հեշտ:
Հարութի ֆիլմերից մեկն ունի «Բեռնելով կյանքս» վերնագիրը:
«Այդ ֆիլմը իմ դիպլոմային աշխատանքն էր: Դրա վրա աշխատել ենք ես ու ընկերս` մոտ մեկ տարի: Իր ձեւաչափով նման չէ գեղարվեստական ֆիլմի եւ ոչ էլ վավերագրական ֆիլմի: Այն մի ձեւաչափ է, որը վավերագրական տարբերակով նկարահանվում է գեղարվեստական պատմություն: Ֆիլմը բավականին ռեալիստական է ստացվել»,- ասում է ռեժիսորը:
2011թ. «Բեռնելով կյանքս» ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որտեղ երեք անվանակարգում մրցանակի է արժանացել` «Լավագույն հայկական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ(Կինոմատոգրաֆիստների միության մրցանակ)» եւ Բրիտանական խորհրդի «Նոր անուն» հատուկ մրցանակ:
Ռուսական եւ եվրոպական մի քանի փառատոնների եւս ներկայացվել է ֆիլմը: Բելոռուսիայում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը եւ «Мир» հեռուստաընկերության գլխավոր մրցանակին` որպես լավագույն ֆիլմ:
Հարութի Շատյանի նոր ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է: Այժմ ընթանում են ֆիլմի արտադրման նախապատրաստական աշխատանքները: Իր խոսքով` մեկ կամ երկու ամսից կմեկնարկեն նկարահանումները:
Երիտասարդ ռեժիսուրի  համար ռեժիսուրան առաջին հերթին արվեստ է, հետո նոր` բիզնես: Ասում է` ժամանակ առ ժամանակ պետք է ունենալ բիզնես, որպեսզի կարողանաս ստեղծել արվեստ:
«Երիտասարդ ռեժիսորները Հայաստանում տեղ ունեն: Ինձ լավ եմ զգում այն միջավայրում, որտեղ հնարավորություն ունեմ ստեղծագործելու: Որքան շատ լինեն ստեղծագործողները, այնքան ֆիլմարտադրության որակը բարձր կլինի»,- նշում է նա: Իսկ լավ ռեժիսոր լինելու համար նախեւառաջ չափի զգացում պետք է ունենալ: Ամեն ինչ էլ կարելի է ցույց տալ, բայց պետք է իմանալ մատուցման տարբերակը. «Չափի զգացումն է, որ նույնիսկ անտաղանդ մարդուն կարող է հանճար դարձնել»:

Արամ Արարատյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031