Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը վերադարձնել ժողովրդին»

Ապրիլ 15,2013 10:55

Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այդ գեղեցիկ արտահայտությունը գրված է Հայաստանի, ինչպես նաեւ աշխարհի մի քանի տասնյակ երկրների սահմանադրությունների մեջ: Ի՞նչ է դա նշանակում: Ի թիվս այլ բաների ասվում է. դա նշանակում է, որ իշխանությունն օրինական ձեւով ընտրած է ժողովրդի կողմից, որ ժողովուրդն է ձեւովորել իշխանությունը: Շատ լավ: 1990 թվականին Գերագույն խորհուրդը եւ 1991-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվել էին ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում, եւ դա ոչ ոք լրջորեն չի վիճարկում: Հետեւաբար, մենք կարո՞ղ ենք պնդել, որ իշխանությունը 1990-1995 թվականներին պատկանում էր ժողովրդին: Ինչով է այդ դեպքում բացատրվում, որ այդ ժամանակահատվածում ժողովրդի մեծ մասը հայհոյում եւ անիծում էր իշխանավորներին ճիշտ այնպես, ճիշտ նույն բառերով եւ ճիշտ նույն մեղադրանքներով («թալանել են», «գողացել են», «մեզ սոված են թողել» եւ այլն), ինչ որ հայհոյում եւ անիծում է հիմա:

Ինչո՞ւ 1994 թվականի ամռանը Ազատության հրապարակում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը օրինական ընտրված, լեգիտիմ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա կողմից նշանակված ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանին, եւ նույնքան լեգիտիմ խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին անվանում են «մարդասպան», «սրիկա» եւ «պոռնիկ», իսկ Ազատության հրապարակում հավաքված մոտ 20 հազարանոց զանգվածը (անշուշտ, ժողովրդի ներկայացուցիչները) ուղղակի ոռնում էր հաճույքից, երբ լսում եք այդ հայհոյանքները: Ժողովուրդը չգիտե՞ր, որ իշխանությունը պատկանում է իրեն: Կամ գուցե գիտե՞ր, բայց այդ հանգամանքը նրան բացարձակապես չէր հուզում, առավել եւս՝ չէր երջանկացնում:

Կամ՝ եւս մի տարբերակ՝ այն ժամանակ էլ իշխանությունը չէր պատկանում ժողովրդին: Որովհետեւ այն ժամանակ էլ, ինչպես հիմա, ընդդիմադիր գործիչները հայտարարում էի, որ ժովովրդի խնդիրն է օր առաջ ազատվել այս ավազակ իշխանությունից, թե չէ երկիրը կկործանվի: Ինչպես կարելի է ազատվել մի իշխանությունից, որը հենց քեզ է պատկանում:

Այդ լույսի տակ փորձենք հասկանալ, թե ինչ նկատի ունեն ներկայիս ընդդիմադիրները՝ ասելով, որ իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանը դրա տակ հասկանում էր հետեւյալը. Սերժ Սարգսյանը պետք է գա Ազատության հրապարակ եւ իշխանությունը հանձնի ժողովրդին, այսինքն իրեն, քանի որ ժողովուրդը հենց իրեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին է ընտրել նախագահ: Դժվար չէր կանխատեսել, որ դա տեղի չի ունենա, եւ հիմա մենք պիտի սպասենք, թե ինչ է առաջարկելու «Ժառանգության» առաջնորդը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը ժողովրդին վերադարձնելու այլ ծրագիր ունի: Ըստ այդ ծրագրի, Գագիկ Ծառուկյանը պոկվում է օլիգարխիայից, ՀԱԿ-ի հետ համատեղ իրականացնում է բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որի արդյունքում խոշոր բուրժուազիան ազատվում է ավազակապետության կապանքներից: Թե ինչպես է դա նպաստելու ժողովրդավարությանը՝ դժվարանում եմ ասել, նույնիսկ եթե զուտ տեսականորեն ենթադրենք, որ օլիգարխների մի մասը սկսի պայքարել մյուսի դեմ:

1998-ին երկու ուժային նախարարները եւ վարչապետը «պոկվեցին» իշխանությունից եւ պալատական հեղաշրջում իրականացրեցին: Դրանից իշխանությունը ժողովրդին չվերադարձավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Bobo says:

    Պրն Աբրահամյան, չեք կարծում որ որևէ երկրում իշխանությունը չի պատկանում ժողովրդին? Լինի դա Հայաստանը, թե զարգացած Ֆրանսիան ու ԱՄՆը: ՞Իշխանությունը ժողովրդին՞ կոչը լապշա է ականջների համար: Ազատ, արդար ընտրություններով կարելի է զսպել իշխանության ախորժակը, բայց ոչ երբեք իշխանությունը հանձնել ժողովրդին:
    Իսկ Լեվոնի ասածը ես հասկանում եմ այսպես: Որ քաղաքական մենաշնորհի վերացումը Հայասատանի համար 1 խնդիրն է: Եվ կարևոր չէ թե որ ՞չար՞ ուժերի միջև կստեղծվի այդ իրական քաղաքական մրցակցությունը, ամեն դեպքում այն կնպաստի տնտեսական մրցակցությանը, որից էլ կշահի ժողովուրդը և պետությունը:

  2. Համլետ says:

    Արամ,Դուք վերլուծությունը կառուցել եք համապատասխան ժամանակահատվածների՝ երկրի սոցիալ-տնտեսական,քաղաքական,բարոյահոգեբանական, իրավիճակային ու պարտադրված հանգամանքներից անջատ՝ ընդհանրացված այսօրվա չափանիշների շրջանակում:Իմ կարծիքով դա աբսուրդ մոտեցում է:Մի կացույթաձևից՝ տրամագծորեն հակառակ կացույթաձևին անցնելիս մարդը հոգեբանորեն դիմադրում է ավելի շատ,քան՝ նույնանման ու արդեն քիչ,թե շատ հարմարվածի դեպքում:Շատ էական է, նաև՝ անհայտ,չտրորված ճանապարհով նոր ուղի բացելու ու արդեն պատրաստի ճանապարհով շարժվելու ընթացքում թուլ տրված հնարավոր սխալների հավանականության գործակիցը:

  3. Հրանտ Պապիկյան says:

    Որպես ժողովրդի մի մասնիկ, փորձեմ մտորել ժողովրդի անունից…
    – Ես` հայ ժողովուրդս, ուզում եմ մարդավարի ապրել, զզվել եմ այս չարքաշ կյանքից ու շուրջս տիրող համատարած անարդարությունից: Խելքիս մի քիչ զոռ եմ տվել ու հասկացել եմ, որ այդ ամենի մեղավորը իշխանությունն է: Համբերությանս բաժակը լցվել է և ուզում եմ իշխանափոխություն լինի: ՈՒ այդ ժամանակ, էս էլ որերորդ անգամ, գալիս են մարդիկ, ու ինձ ասում են` “մենք օր ու գիշեր քո մասին ենք մտածում, արի էդ իշխանությունը վերցրու և մեզ տուր, ու դու էլ պրոբլեմ չես ունենա…” Հուզվում եմ այդ սրտացավությունից ու սկսում եմ մտածել: Եթե սրանք բոլորը նույն բանն են ուզում, ինչու՞ միասին չեն ուզում ինձ փրկել, այլ ասում են` “էն մյուսներին չհավատաս, քո փրկիչը ես եմ..” Սկսում եմ ավելի ուշադիր նայել, որ հասկանամ այսքան երջանիկ ապագա ինձ խոստացողներից որին ընտրեմ: ՈՒշադիր նայում, տեսնում եմ մի մասը անկապ դեմքեր են, իսկի իրենք իրենցից գլուխ չեն հանում: Դատարկ- մատարկ ճառեր են ասում, բայց ոչ մի կոնկրետ ծրագիր չունեն: Համ ուզում եմ հավատամ,ախր շատ եմ զզվել էս վիճակից, համ էլ ներքին ձայնս ասում է վայ թե սրանք ավելի վատը լինեն… Մյուսներին եմ նայում, տեսնում եմ` ախր սրանք էլ էն առաջվաններն են, որոնցից հազիվ եմ պրծել… սրանց ժամանակ ախր ավելի վատ է եղել, ես հո հիշում եմ…
    Լավ էս ի՞նչ հայի բախտ ա… բա մի նորմալ մարդ ինձ չի ուզենալու՞ օգնի: Ես էդ անտեր մնացած իշխանությունը տամ իրան, ինքն էլ ինձ աշխատանք տա, թոշակ տա, բուժօգնություն տա, նորմալ օրենք տա, երեխեքիս նորմալ կրթություն տա… Լավ ինչու՞ են ինձ միշտ առաջարկում հետևյալ ընտրությունը` եթե այս ՎԱՏ-ին չես ուզում, ուզիր այն մի վատին… դա է՞լ չես ուզում, ընտրիր ավելի վատին, կամ էն մյուս էլ ավելի վատին….
    Մտածում, մտածում, բան չեմ հասկանում: Բայց մի կասկած է առաջացել մոտս` կարող ա՞ սրանք բոլորը ինձ էշի տեղ են դրել…

    • Համլետ says:

      Էշի կարգավիճակից դուրս գալու համար պետք է բարձր քաղաքացիական գիտակցություն ու անհանդուրժողականություն բոլոր տեսակի կեղծիքների,ընտրակաշառքներ բաժանողների ու այն վերցնողների,գանձագողերի,ավազակների, բանդիտների,ղումարբազների հանդեպ:Ամեն մարդ պետք է ունենա ինքնագիտակցության՝ նման բարձր մակարդակ:

  4. Համլետ says:

    Շարունակեմ միտքս:
    1990-95թթ ժողովրդի բարոյահոկեբանական մակարդակը անհամեմատ ավելի բարձր մակարդակի էր,այն կոտրված,վիրավորված ու նսեմացված չէր սաշիկների,նեմեցռուբոների,լֆիկների,,,քաշքշուկ,,-ներով մարդուն ,,սատկացնելու,, հրաման տվող,Հոկտեմբերի 27-ի,2008թ Մարտի 1 սպանդների,չբացահայտված քաղաքական սպանությունները կոծկող ու կազինոներում պետական բյուջեի գումարներ տանուլ տվող՝ կեղծված ընտրություններով ՀՀ Նախագահի պոստն ուզուրպացրած անձանց կողմից…
    Շարունակելի:

    • Հրանտ Պապիկյան says:

      Առակդ զինչ ցուցանէ՞… Լևոնին “կրկին փորձենք”?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Գուցե ես լավ չեմ հիշում այդ տարիների մթնոլորտը, Համլետ ջան: Բայց իմ հիշաղության մեջ տպավորվել է, որ նույնը խոսվում եւ գրվում էր Վանոյի, Գրզոյի եւ երկրապահների, ինչպես նաեւ, ասենք, Համբարձում Ղանդիլյանի սպանության մասին: Իսկ առաջին նախագահին «ժողովուրդը» փողոցներում անվանում էր «քյոռ» եւ «թուրք»: Միանգամայն անարդար, իմ կարծքով:

      • Հրանտ Պապիկյան says:

        (((((( Միանգամա’յն…))))))))))

      • Համլետ says:

        Ասում են՝ մինչև չգա վերջինը՝ չի հիշվի առաջինը:
        Տեսեք,ընդամենը հիշեցիք մի 3-4 անուն:Լավ,թող լինի՝ 10-ը:Հիմա եթե 1998-ից մինչ օրս հիշատակենք,ապա ,,Առավոտ,,-ի էջերը չէն բավականացնի…Կա մի հանրահայտ փիլիսոփայական բնութագրում՝ ,,Ամեն ինչ պետք է համեմատոէթյան մեջ գնահատել՝ չմոռանալով ձգտել իդեալականին,որը ցավոք սրտի՝ անհասանելի երազանք է:,,
        Հ.Գ.
        Բայց հայեցի ազգանուն կրող թուրքերը թորքիայի հետ ալիշ-վելիշ են անում՝ եղեռնի փաստը կասկածի տակ դնելու գնով,Արցախին եռակողմ բանակցությունից դուրս մղելով ու Հայաստանը հայաթափելով:

      • Համլետ says:

        Այո,Արամ ջան,փաստերը ճիշտ գնահատելով.առողջ՝ ոչ հուզական ,,իմ ու քոնն,, անելով ու սեփական սխալներից ճիշտ հետևություններ անելով կարելի է հասնել ինչ որ լուրջ հանգրվանի:

  5. մասնագետ says:

    Մենք առայժ չոնենք Ազգի շատ հզոր լիդեր ,իսկ լևոնը ակները նստաց վիլիս է

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930