Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի համար 5 միլիոն եվրոյի վարկ կստանանք

Հունիս 19,2013 18:30

Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի համար 5 միլիոն եվրո վարկ կտրամադրվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը: Վաղը կառավարության նիստում հավանություն կտրվի ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 2-ին Երեւանում եւ մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-2-րդ փուլ» ֆինանսական պայմանագրին:

«Ծրագրի նպատակն է նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Տվյալ ներդրումները Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի մատուցած ծառայությունների բարելավմանն ուղղված ու հանրային տրանսպորտի բարեփոխման միջոցառումների մասն են կազմում: Ծրագիրը հիմնականում նպատակամղված է օգնելու ցածր եկամուտ ունեցող սոցիալական խմբերին, որոնք ներկայումս օգտվում են մետրոյի համակարգից»,-նշված է կառավարության ներկայացված փաստաթղթում:

Բացի այդ, ըստ ծրագրի, նախատեսվում է գործող դրենաժային թունելների վերակառուցում եւ ընդլայնում, նախատեսվում է գործող դրենաժային թունելը երկարացնել, հասցնել մինչեւ Հանրապետության հրապարակ, որը կապահովի ամբողջ տարածքի համար ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում եւ զգալիորեն կբարելավի թունելների շահագործման պայմանները: Ծրագրով նախատեսվում է նաեւ մետրոյի թունելների վերակառուցում`ներառյալ գրունտավորում եւ հակակոռոզիական մշակում, ինչպես նաեւ կայարանների եւ ծառայողական շինությունների բարելավում,  մետրոյի վագոնների վերանորոգում, արդիականացում եւ 7 կամ 8 վագոնների ավելացում:

Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած փաստաթղթի, ծրագիրը կավարտվի մինչեւ 2015-ի դեկտեմբերի 31-ը:

Կառավարություն ներկայացրած նախագծի հավելվածում նշված է, որ ծրագրի ներդրումների նախնական ընդհանուր արժեքը` ըստ Բանկի գնահատումների, կազմել է 30 միլիոն եվրո, իսկ ամբողջական ներդրումային արժեքը` ներառյալ չնախատեսված տեխնիկական ծախսեր, գնաճ եւ վերակառուցման ընթացքում առաջացած տոկոսներ` 34 միլիոն 600 հազար եվրո:

Նույն հավելվածում գրված է.«Ծրագրի առաջին փուլը ֆինանսավորվել է Բանկի, ՎԶԵԲ-ի  եւ Հարեւանության Ներդրումային Ծրագրի միջոցով, եւ այդ նպատակով Բանկը 2010թ․ օգոստոսի 10-ին Վարկառուի եւ Բանկի միջեւ կնքված ֆինանսական պայմանագրով /փոփոխվել է 2012թ. Մարտի 12/2012թ. Մայիսի 10/ Վարկառուին տրամադրել է 5,000,000 եվրո (հինգ միլիոն եվրո) գումարի չափով վարկ, (այսուհետ՝ Նախկին Ֆինանսական Պայմանագիր):

Ծրագրի երկրորդ փուլը, ինչպես մասնավորապես նկարագրված է Տեխնիկական Նկարագրության մեջ, (Փուլ II) Բանկի կողմից գնահատվել է 15, 000, 000 եվրո (տասնհինգ միլիոն եվրո), ուստի Վարկառուի հաղորդմամբ նա մտադիր է ֆինանսավորել Փուլ II-ը հետեւյալ կերպ`

 

Աղբյուր Գումար (միլիոն եվրո)
Վարկ ՎԶԵԲ-ից 5
Վարկ Բանկից 5
ՀՆԾ դրամաշնորհներ 5
Ընդամենը Փուլ II-ի համար 15

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930