Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն փորձագետները, որոնք կխախտեն փորձաքննության կարգերը, փորձաքննության բազայից դուրս կգան».Ս. Հարությունյան

Հուլիս 16,2013 17:32

Ամփոփվել են 2011-2013 գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորմամբ իրականացված գիտական թեմաների հաշվետվությունները: Ծրագրի ֆինանսավորմանը հատկացվել է 1.580.283.700 դրամ, որի շրջանակներում իրականացվել է 360-ից ավելի գիտական գործուղում, ձեռք են բերվել մոտ 206 մլն դրամի սարքեր և սարքավորումներ, այդ թվում` նաեւ համակարգչային տեխնիկա, 1458 հրապարակում, այդ թվում` ամսագրերում տպագրվել են 758 հոդվածներ, 642 գիտաժողովի նյութեր և տպագրման ներկայացված եւս 58 հոդվածներ: Այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, հավելելով, որ կոմիտեն միաժամանակ հայտարարել է 4 մրցույթ` 3 միջազգային, եւ 1 ներպետական:

«Ավարտված եւ ամփոփված մրցույթներում բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի մրցույթում ստացվել էր 280 հայտ, որտեղ 97 գիտաշխատողի 1 տարվա կտրվածքով տրամադրվել է ամսական 100.000 դրամ հավելավճար, նախորդ 60.000-ի փոխարեն: Հայ-ռուսական գիտական հետազոտությունների համատեղ միջազգային մրցույթում ֆինանսավորվել է 17 ծրագիր, իսկ հայ-գերմանական համատեղ մրցույթում` 10 ծրագիր»,-ասաց Հարությունյանը, հավելելով, որ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի-2012» մրցույթում ֆինանսավորված 25 ծրագրից 20-ը ֆինանսավորվել է գիտության պետական կոմիտեի կողմից:

Ըստ նրա` փորձագիտություն անցկացնելու մեր համակարգն ամենալավ համակարգն է ամբողջ ԱՊՀ տարածքում եւ մի շարք ԱՊՀ երկրներ ցանկանում են անգամ այդ համակարգը գնել, քանի որ այն բավականին լավ է աշխատում;

Վերջինիս խոսքով` համակարգի լավ աշխատելու չափանիշն այն է, որ տեղացի և արտասահմանցի փորձագետների գնահատականները շատ մոտ են իրար, իսկ հակառակ դեպքում կնշանակեր, որ ինչ-որ բան այն չէ: «Երբ և՛ տեղացին, և՛ արտասահմանցին մոտավորապես հավասար գնահատականներ են նշանակում, սա խոսում է այն մասին, որ փորձաքննությունը բավականին լավ է անցել: Իհարկե, ես չեմ կարող պնդել, որ 100% կատարյալ է. մենք փոքր երկիր ենք, և չի բացառվում, որ տեղացի փորձագետը զանգի և, օրինակ` Պողոսին ասի, որ նրա ծրագիրը իր մոտ է փորձաքննության ուղարկված»,- ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահը` հավելելով, որ նախկին մրցույթի ժամանակ իրենք հայտնաբերել են 50-55 նման փորձագետների, որոնց անունները կոմիտեի փորձագիտական բազայից դուրս են հանել:

«Ես բազմիցս ասել եմ, որ այն փորձագետները, որոնք կխախտեն փորձաքննության կարգերը, փորձաքննության բազայից դուրս կգան և երբեք մեր փորձագետը չեն լինի այլևս: Իսկ պետության մեջ լինել ոլորտի փորձագետ, իհարկե, շատ բարձր պատիվ է ցանկացած գիտնականի համար»,- ասաց Ս. Հարությունյանը:

Բանախոսն անդրադառնալով «ՔԵՆԴԼ» նախագծի աշխատանքներին, ասաց, որ այն բաժանված էր երկու փուլի`AREAL (Advnced Research Electron Accelerator Laboratory`առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի) կառուցման աշխատանքներն էին, որի վերջնական շահագործումը ծրագրված է 2013թ. սեպտեմբերին եւ բուն «Քենդլ» կենտրոնի շինարարության աշխատանքները, որը ենթադրվում է սկսել 2013 թվականի վերջին` ՀՀ կառավարության կողմից համապատասխան հողհատկացումից հետո. «Նախագիծն իրականացվում է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ համատեղ»,-ընդգծեց նա, նշելով, որ հուլիսի 17-19-ը տեղի կունենա «ՔԵՆԴԼ»-ի գիտական խորհրդի նիստը, որի ընթացքում խորհրդի անդամները պետք է որոշեն, թե AREAL-ից հետո, ինչ ծրագրեր պետք է իրականացվեն:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031