Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ կինը մեկ վայրկյան ավել մտածի». Դերասանուհի

Հուլիս 23,2013 00:25

«Իմ ամենաթանկ գործն է, որն արել եմ մինչ այսօր: Ներկայացումս կատարելագործվելու շատ տեղ ունի, բայց կարծում եմ սրանով ինչ-որ մեկին որեւէ բան կարող եմ ասել»,-այսօր «Չեմ բողոքում» խորագրով բարեգործական մոնոներկայացման մասին Aravot.am–ի հետ զրույցում նշեց գլխավոր դերակատար Լիաննա Վարդանյանը:

Ներկայացումն ըստ Դարիո Ֆոյի եւ Ֆրանկո Ռամեյի՝ «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պոեմի հիման վրա էր: Պատմում էր մի կնոջ մասին, ով իր կյանքն ու երազանքները նվիրել է իր ընտանիքին, իր զավակներին, իսկ սեփական երջանկության համար ժամանակ չի գտել: Դերասանուհին կարծում է, որ հայ կնոջ մոտ այս ապրելաձեւը ավելի է շեշտված`տուն, խոհանոց, երեխա, անտարբեր ամուսին.

«Ուզում եմ կինը մեկ վայրկյան ավել մտածի, արդյոք ինչ է ուզում իր կյանքից` հանձնվել ու ապրել քառակուսու մեջ, թե ազատվել այդ վանդակից ու հասնել երազանքներին: Ես իրականությունն եմ ցուցադրում, լուծումը թողնում եմ հանդիսատեսին»:

Դերասանուհին պնդում է, որ հայ կինը ձգտում է շատ մեծ ազատության, բայց այդ ազատության մեջ դառնում է ինքն իր գերին, չհասկանալով, թե որն է ազատությունը:

Հայ կնոջ համար ինքնագնահատականն է կարեւոր: Ներկայացումը տղամարդկանց է ուղղված, կինը իր հանձնված ճակատագիրը լավ գիտի.

«Դժվար է բեմում միայնակ խաղալ, բայց, այնուամենայնիվ, դու գիտես, որ պատասխանատվություն ու անկախություն ունես, ամեն վայրկյանը պետք է լցնես, դատարկ ոչինչ չթողնելով»:

Ներկայացումը բարեգործական էր: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները ցանկացել են ներկայացումից ստացված ողջ հասույթն ուղղել 6 ամյա Մարիամի բուժմանը: Սա թվով 6-րդ խոշոր մշակութային միջոցառումն էր, որ կազմակերպվել է:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիանա Բուլղադարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մարիամը հիվանդ է Կռուզոնի գանգադիմային դիզոստոզ հիվանդությամբ եւ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել.

«Հիվանդությունը շատ հազվագյուտ է, ցավոք, Հայաստանում երեխային բուժել չեն կարողանում: Այդ իսկ պատճառով երեխային շտապ պետք է տեղափոխել Մոսկվայի Նիկոլայ Բուրդենկոյի անվան հիվանդանոց, հետազոտման եւ վիրահատության»:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը օգնել է 7-8 հայ մանուկների, հատկացնելով նրանց 70000 ԱՄՆ դոլար:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031