Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողը ստուգված փաստ է հայտնում, իսկ բլոգերը՝ շշուկ». Բլոգեր և հաղորդավար Նունե Այլանջյան

Սեպտեմբեր 01,2013 18:57

«Երբ մտնում, կարդում եմ նախկին բլոգս, ինձ շատ լավ եմ զգում, դե ոնց որ օրագիր լինի, ու մի տեսակ հրճվում եմ նույնիսկ, ծիծաղում, որ այդ ժամանակ գրել եմ դրանց մասին»,-ասում է Նունե Այլանջյանը: «Առավոտ երիտասարդականը» զրուցել է բլոգեր, հաղորդավար Նունեի հետ: Նա նշում է ՝առաջին բլոգը՝ Nune-ն, որի միջոցով հաստատվել է բլոգային հարթակում, բացել է հինգ տարի առաջ. «Ես այդ ժամանակ ռադիոյում էի աշխատում: Շուտ էի ավարտում նյութերս, բավական ազատ ժամանակ էի ունենում, որոշեցի ինձ զբաղմունք գտնել ու գտա: Շատ ոգևորված՝ ամեն օր լրացնում էի, թե ինչ եմ արել կամ անելու, այսինքն՝ բլոգս ի սկզբանե զուտ օրագիր էր»: Նունեն իր առաջին բլոգից առանձնացնում է մի գրառում, որը վերաբերում է սիրահարությանը. «Սիրահարվել էի ու շատ էի տպավորվել: Գրեցի այդ երիտասարդի մասին, որ մի անգամ ընկերներով բարձրացել ենք տանիք, ու որ ես ինձ յոթերորդ երկնքում էի զգացել: Լիրիկական շեղումներով, սիրահարված դեռահասի պոստ էր ստացվել»,-պատմում է նա: Հավելում է. «Գրեցի, ու հաջորդ օրը բոլորը գիտեին դրա մասին: Դա պատճառ հանդիսացավ, որ էլ անձնական բաներ չգրեմ»: Նա նշում է ՝ չէր պատկերացնում, որ իրեն այդքան շատ մարդիկ կկարդան. «Ծանոթներս տեսնում էին, ասում՝ վայ, դու երեկ էսինչ տեղն ես եղել, ես էլ զարմանում էի, թե որտեղից գիտեն, դե բլոգիս խերն էր էլի»: ՀետզհետեՆունեն սկսում է գրել իրադարձային թեմաներով: Մեր դիտարկմանը, թե այսօր շատ բլոգերներ կան, ովքեր անձնական թեմաներով են գրում, ինքն անձամ ինչպես է վերաբերում այդ փաստին, նա պատասխանում է. «Կոնկրետ մեր օրերում դա կարող է մի փոքր նյարդայնացնել մարդկանց: Օրինակ՝ այն ժամանակ դա նորություն էր, նոր-նոր էր ակտիվանում այդ ոլորտը, շատ էին ասում՝ վայ ինքը բլոգեր ա…կար հետաքրքրություն, հիմա էլ չկա, որովհետև բլոգային գործիքները դարձել են հասանելի բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման ու կոնկրետ ունակությունների. բոլորը կարող են գրել ամեն ինչի մասին… Եթե մարդ կարիք ունի ինքնարատահայտվելու, թող գրի, բայց սպասել, որ քեզ կկարդան, էդքան էլ ճիշտ չի՝ հատկապես անձնական թեմաների դեպքում»: Նունեն պատմում է՝ դրական մեկնաբանությունների պակաս չէր զգում, սակայն լինում էր նաև, որ տարիքով ավելի մեծ բլոգերների հետ բանավեճերի էր բռնկվում. «Իմ բլոգը շատ վառ գույնի էր, ու ընթերցողներիս մեծ մասը դրանից էր բողոքում, թե տառերը աչք են կուրացնում (սև ֆոնի վրա վարդագույն էր)… Ես սիրում եմ այդ ինտերֆեյսը, ասում էի՝ հա գիտեմ, որ աչք ա ցավացնում, բայց ինձ դուր ա գալիս, ու մեծ հաշվով իմ համար եմ գրում: Ինձ ասում էին՝ ոչ մի մարդ բլոգդ չի մտնի, իսկ ես պատասխանում էի՝ թող չմտնեն, էնպես չէր, որ չգիտեմ՝ ի՞նչ ինֆո էի տալիս և որ շատ կտուժեն»-պատմում է բլոգերը: Անձնական բլոգի հետ կապված հիշում է մի հետաքրքիր դեպք. «Անընդհատ մի օգտատեր էր քոմենթ անում կեղծանունով, ու ես շատ ուզում էի իմանալ, թե ով է: Հարցրեցի՝ facebook-ում կա՞ս, պատասխանեց՝ ոչ: Հետո գրանցվեց՝ կրկին նույն կեղծանունով ու առանց նկար: Վերջում, իհարկե, բացահայտեցի նրան, բայց դա արդեն այլ պատմություն ա»: Նունեն, սակայն, չնշեց նրա «ով» լինելու հանգամանքը, միայն ասաց, որ նա անծանոթ էր, սակայն ժամանակի ընթացքում հասցնում են մտերմանալ: Մեր հարցին, թե առ այսօր նրա հետ կապը պահպանում է, պատասխանում է՝ ոչ. « Ամեն ինչ իր ժամկետն ունի, թե՛ բլոգները, թե՛ մարդիկ»:

Նշենք, որ Նունեն իր առաջին բլոգն այժմ չի թարմացնում, պարզապես երբեմն-երբեմն կարդում է: Այնուամենայնիվ նա նշում է՝ դա իր առաջին մուտքն էր IT ոլորտ՝ այսպես ասած սևագիր ձևով:

Նունեն այժմ աշխատում է Դար21 հեռոսատալիքում, վարում է «STATUS SHOW» հաղորդումը: Նրա խոսքով՝ բլոգերի ու լրագրողի գործունեությունը, որոշ նմանություններով հանդերձ, շատ տարբեր է. «Սկսած էթիկայի նորմերից ՝դրանք շատ տարբեր են… Լրագրողը իր հոդվածը ժարգոնով չի գրի, իսկ բլոգում կարող ես գրել էնպես, ինչպես խոսում ես, լրագրողը ստուգված փաստ է հայտնում, իսկ բլոգերը՝ շշուկ: Վերջինս կարող է նաև ասեկոսե տեղադրել: Անկախ ամեն ինչից՝ լրագրողին ավելի շատ են վստահում, քան բլոգերին, չնայած մինչ օրս էլ վեճերը չեն դադարում, թե ով է ում գործին խփում և այլն: Նույնիսկ բլոգերների համար էթիկայի կանոններ են մշակում-ասում է հաղորդավարը և հավելում,- մի խոսքով՝բոլորը կարող են մի արթնանալ ու բլոգ բացել, բայց լրագրող մի օրում չեն դառնում»: Հարցին, թե ինչպե՞ս որոշեց լրագրող դառնալ, պատասխանում է. «Հենց ընդունելության տարում մինչև վերջին պահը չէի կողմնորոշվում՝ ի՞նչ մասնագիտություն ընտրել: Որոշեցի անգլերենի մասնագետ դառնալ, որովհետև շատ եմ սիրում այդ լեզուն, հետո երբ գնացի պարապմունքների, մեծ սթրես ապրեցի. ուզում էի հեռուստալրագրող դառնալ, բայց արդեն ժամանակ չունեի պարապելու»: Նունեն պատմում է՝ մի օր դաասախոսն ասում է. «Լինելու բանը կլինի, չէ՞, եթե դու պիտի լրագրող դառնաս, Բրյուսովում սովորելով էլ կդառնաս»: «Եկա տուն, լացեցի…Գործերս տվեցի և ընդունվեցի Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը ու ոչ թե հեռուստա, այլ ռադիոլրագրություն, որովհետև տեղում լսեցի, որ Արմեն Ամիրյանը կուրս ա հավաքում, ու թղթերս այդ ուղղությամբ լրացրի»: Նունեն Թիֆլիսում սովորելու տարիներին նոր բլոգ է բացում՝ nunerock.com-ը: «Քանի որ ես էլ ռոք շատ եմ սիրում, ու տեսա, որ դաշտը ազատ ա, իսկ շատ մարդիկ իմ առաջին անձական բլոգ են մտնում կոնկրետ տեսնելու իմ գնացած ռոքհամերգների նկարները, բացի այդ՝ հայ ռոք խմբերին լուսաբանողներ չկան, բացեցի այն: Փորձում եմ օգտակար լինել հայկական ռոք խմբերին՝ լուսաբանելով դրանց գործունեությունը» -ասոմ է Նունեն: Ի դեպ, նրա ամենասիրած ռոք խումբը The Rasmus-ն է: Նունեն խոստովանում է՝ ժամանակի սղության պատճառով այժմ հազվադեպ է թարմացնում բլոգը, բայց շուտով անպայման ակտիվություն կզբաղվի դրանով:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30