Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անենք 3,5 տարի

Սեպտեմբեր 28,2013 13:30

Թեեւ ի պաշտոնե մենք պարտավոր ենք լուսաբանել այն, ինչ ընդունված է կոչել «քաղաքական պայքար», այսինքն՝ իշխանական եւ ընդդիմադիր գործիչների ելույթները, ասուլիսները եւ հարցազրույցները, մեծ հաշվով բոլորը հասկանում են, որ մենք կրկին երկարատեւ ապատիայի եւ լճացման շրջանում ենք: Քաղաքական ցնցումների համար առայժմ չեն երեւում ոչ ներքին, ոչ էլ (ինչն, իհարկե, շատ ավելի կարեւոր է) արտաքին ազդակներ: Ներկայիս իշխանությունը միանգամայն ընդունելի է թե Ռուսաստանի եւ թե Արեւմուտքի համար: Ի դեպ, չեմ կարծում, որ ԵՄ-ում ցնցված են Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից՝ տրամաբանական է ենթադրել, որ մինչ այդ ԵՄ-ն եւ Ռուսաստանը մեր խնդրի շուրջ բանակցել են: Ներքին դժգոհություն, ինչպես միշտ, իհարկե, կա, բայց չի երեւում, թե ինչպես է այն հասնելու կրիտիկական զանգվածի: Հասցնող չկա:
Ընդդիմադիր կուսակցությունների կամ խմբերի բարձր ձայնը մենք հաջորդ անգամ կլսենք մոտավորապես 2017 թվականի հունվարին: Այդժամ ընդդիմադիրները կհայտարարեն, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները իշխանությունները կեղծելու են (ինչն, իհարկե, միանգամայն համապատասխանելու է իրականությանը), բայց «այս անգամ ժողովուրդը թույլ չի տա…» (ինչը նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ): 3,5 տարիների ընթացքում ընդդիմությունը զուտ ձեւականորեն ասելու է, որ նախագահը պետք է անհապաղ հրաժարական տա, այս իշխանությունը օր առաջ հեռանա, որովհետեւ աղետ է այս երկրի համար եւ այլն: Բայց այստեղ, համաձայնեք, ոչ մի «կրեատիվ» չկա, որովհետեւ 1992 թվականի ամառվանից մինչ օրս բոլոր ընդդիմությունները դա են ասում: Քննադատությունը իշխանությունների հասցեին ձեւով շատ խիստ է, վիրավորական, խարազանող, շշպռող, բովանդակությամբ ավելի մեղմ է, քան լրատվամիջոցների մեծ մասում տեղ գտած հրապարակումները:
Ի՞նչ է, ուրեմն, պետք անել 3,5 տարվա ընթացքում: Սպասել, որ Պուտինը կամ Օբաման մեր իշխանությունների վրա ջղայնանա՞ն: Կամ գուցե նպաստե՞լ դրան: Բողոքել մեր դաժան ճակատագրի՞ց, հայի բախտի՞ց: Չգիտեմ, քաղաքական գործիչներն իրենց անելիքը կիմանան: Իշխանամոտները, հավանաբար, էլ ավելի կբարելավեն իրենց նյութական վիճակը, իսկ ընդդիմադիրները, տա Աստված, գուցե ինչ-որ know-how կմտածեն: Ես կարող եմ խոսել միայն նրանց մասին, ովքեր իրենց զբաղմունքի, մասնագիտության բերումով կոչված են գիտելիքներ ձեռք բերել եւ փոխանցել:
Այդ մարդկանց առաքելությունն է կրթել, դաստիարակել համաքաղաքացիներին, բացատրել, որ մենք միայնակ չենք ժամանակի եւ տարածության մեջ, այսինքն՝ որ միայն մենք չէ, որ կանք պատմության մեջ եւ մոլորակի վրա, որ ուրիշ ազգեր եւ ուրիշ պետություններ մեզ նման ունեցել են հաջողություններ ու տապալումներ, եւ մենք պիտի օգտագործենք թե իրենց եւ թե մեր սեփական փորձը: Լճացումը հենց նրա համար է, որ կարողանաս այդ ամենը իմաստավորել: Այդ դեպքում գուցե 3,5 տարի հետո մենք կունենանք այլ քաղաքացիներ, որոնք ի վիճակի կլինեն դուրս հանել երկիրը մշտական տեղապտույտից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարդան says:

    1. 3.5 տարի անց – Իրական գիտելիքներ, դրական արժեքներ ուսուցանող ու սերմանող անձանց շնորհիվ կաճի ու կձևավորվի ճիշտ արժեհամակարգ ունեցող նոր սերունդ, որը խորապես կգիտակցի դժվար ու թշնամիներով լի աշխարհում երկիր ու պետություն ունենալու կարևորությունը, կլինի իրոք հայրենասեր ու ջանք ու եռանդ կդնի, որ 30 հզ տարածքի վրա 2 մլն մարդ ապրի ուրախ, արդար ու կուշտ, ու մեկ մեկ էլ աշխարհին ցույց տա, որ մենք ունակ ենք տեխնոլոգիա սարքել, չեմպիոն ունենալ կամ մշակութային արժեքներ ստեղծել:

    2. 3,5 տարի անց – Մալաթիայից անատամ ուխտավորների երթը ամեն կիրակի կշարժվի դեպի Հանրապետության Հրապարակ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Փառաբանության արձանին՝ տեղակայված ի փառս իրենց հերոսի: Նրանք կաղոթեն, որպեսզի ընտրությունների օրը շուտ մոտենա, որ միահամուռ առավոտյան շարժվեն դեպի ընտրատեղամասեր՝ րոպե առաջ իրենց նվիրվածությունը արտահայտելու Մեծն բարերարին: Երևանյան յուրաքանչյուր բակում կհավաքվի ոսկե երիտասարդությունը՝ հիանալու 1 օր առաջ BMW ընկերության կողմից թողարկված և որևէ գերատեսչության ղեկավարի՝ իրենց կուռք ախրանի պետի կողմից արդեն ձեռք բերված մոդելը: ԱԺ-ն 131 կողմ ձայնով կքվեարկի «հանրապետության նախագահ» տերմինը «ղեկավար» տերմինով փոխարինելու օգտին: Էկզոտիկ ուղևորության սիրահար օտարերկրացիները կայցելեն հեռավոր Դիլիջան կամ Կապան՝ այստեղ երբևէ եղած մարդկային բնակության հետքեր դիտելու, ինչպես հիմա տուռով տանում են Չեռնոբիլ: Իսկ հայրենիքից չհեռացած բայց հայրենիք ունենալու հույսը կորցրած ու գիտակից մարդկանց սակավաթիվ խումբը կհավաքվի ընդհատակյա ակումբում՝ քննարկելու որևէ մշակութային ստեղծագործություն կամ հոդված, կամ էլ ուղղակի զերծ մնալու պլանի գլխից մինչև կրկես ընկած գաղջ տարածքից և խուսափելու վերը նշված ուխտավորների տարբեր երթերից:

    Հ Գ
    Չեմ ուզում հոռոտես երևալ, բայց 2-րդ տարբերակը ավելի հավանական եմ համարում, չնայած 1-ինի հույսը չեմ կորցնում )))):

  2. Maxim says:

    Ամենավտանգավորը այն է, որ երկրում շատ բուռն զարգանում է,՝ թաղի խուժանի ֆենոմենը՝ թաղում,
    դպրոցում, ԲՈՒՀ-ում, իսկ նախագահության, իշխանության և կառավարության, ոստիկանության, մասին խոսելն ավելորդ է: Այս երևույթը, համոզված եմ, որ ավելի քիչ կործանարար չէ, քան ասենք
    երկրի ընդերքի բարբարոսաբար թալանը: Քանի որ երկրի մասշտաբով ձևավորվել է հանցագործների
    համակարգ, որը ոչնչով չի զիչում՝ Կոշի գաղութի կալանավորների բարոյական նորմերին, միայն
    արտաքին պահվածքը, որը երբեմն ջրի երես է դուրս գալիս, և իհարկե դեմագոգիայի տաղանդը: Այս
    հրեշավոր արատը ցավով կարծում եմ, որ դեռ 3,5 տարում ժամանակ ունի ավելի զարգանալու, քանի
    որ այն խրախուսվում է, ֆինանսավորվում է, և վերարտադրվում պետության բյուջեի միջոցներով:
    Իհարկե կա երիտասարդություն, որին կարելի է խոնարհվել, սակայն նրանք այնքան քիչ են, որ այսօր
    ոչինչ չեն կարող անել, իսկ նրանց շարգերը համալրվում են շատ ավելի դանդաղ, քան թաղի խուժանի
    շարքերը՝, որքան էլ ցավալի է այդ փաստը, պետք է խոստովանել: Եվ վերջապես հետևությունը հետևյալն է, որ պետք է ոչ թե հուսահատվել, այլ ընդհակառակն՝ շատ լուրջ և արագ համախմբվել:

  3. Վալոդ says:

    Պետք է լինել շատ մեծ լավատես, որպեսզի հավատալ, թե մենք կարող ենք շարունակել այսպես ապրել ևս մի քանի տարի։

  4. Լավատես says:

    Մենք լիարժեքորեն պետք է օգտվենք մեր ունեցած, մեզ՝ աստծու կողմից ընձեռած հնարավորություններից, թե չէ կընկնենք էս խեղճ մարդու օրը.

    https://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%AD%D5%A5%D5%AC%D6%84_%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8

    Մի հատ թեւավոր խոսք հնարեմ. հաղթում է այն ազգը, ում աստվածն ավելի ուժեղ է: Իսկ աստծո ուժը՝ իր ազգի իր աստծո հանդեպ հավատի մեջ է: Ենթագիտակցորեն չցանկանալով ընդունել մեզ պարտադրած ուրիշի աստծուն, մյուս կողմից մեր մտավորականները մեզ չեն քարոզում մեր հայոց աստծո պաշտամունքը, դրա համար էլ դառել էնք անհավատ ազգ՝ այստեղից էլ մեր անվերջ զիջումներով լի պատմությունը: Եթե անհարմար եք զգում օգտագործել ՝ցեղ՝ բառը ցեղակրոնում, եկեք փոխարինենք ՝հայության՝, ՝հայոց՝ բառերով, կստացվի հայության, հայոց կրոն, մնացածն արդեն գրված է: Մնում է, լիովին դեռեւս չգլխատված ազգի մեջ ի հայտ գան մտավորականներ, որոնք կզարգացնեն ու կուսուցանեն մեզ հայոց կրոնը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30