Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ Կոնգրեսը խնդրահարույց է համարում, որ ընտրատեղամասերում նկարահանումներ են արվում եւ շատ են տեղական դիտորդները

Հոկտեմբեր 30,2013 13:04

ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանի այսօրվա օրակարգում է 2013 թվականի մայիսի 5-ին Երեւանի ավագանու անդամների ընտրության վերաբերյալ զեկույցը, այս առնչությամբ բանաձեւի եւ հանձնարարականի ընդունումը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում 6 խմբեր էին՝ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Սթյուարտ Դիքսոնի զեկավարությամբ, դիտարկում էր իրականացրել Երեւանի ավելի քան 100 ընտրական տեղամասերում:

Բանաձեւի նախագծում Կոնգրեսը մասնավորապես գոհունակություն է հայտնել, որ իրենց որոշ հանձնարարականներ, որոնք արվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայացած ընտրությունների դիտարկման ընթացքում, արդեն հաշվի են առնվել մայիսի 5-ի ընտրություններում:

Հանձնարարականի նախագծի 6-րդ կետում Կոնգրեսը գոհունակությամբ նշում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները «Ընդհանուր առմամբ տեխնիկապես լավ նախապատրաստված էին, անցկացվել են կազմակերպված եւ համապատասխանել են Եվրոպայի խորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից մշակված՝ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին համապատասխան»:

Նշվում է նաեւ, որ 2009 թվականին իրենց տված հանձնարարականի համաձայն՝ առաջընթաց է արձանագրվել մասնավորապես կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցականից անկուսակցական մոդելի անցման առումով: Ըստ այս փաստաթղթի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը ավելի շատ հնարավորություններ էր ընձեռում, որ ընտրություններում թեկնածուները մեկը մյուսի նկատմամբ իրականացնեին վերահսկողություն:

Դրական է համարվել նաեւ այն, որ 2012-ին արված հանձնարարականի համաձայն՝ սահմանափակվել է այն անձանց քանակը, որոնք կարող են միաժամանակ ներկա գտնվել ընտրական տեղամասում:

Կոնգրեսի պատվիրակության գնահատականով՝ ընդհանուր առմամբ որոշակի առաջընթաց է գրանցվել զսպումների եւ հակակշիռների մեխանիզմում, եւ ԶԼՄ-ների ազատության եւ հակակոռուպցիոն միջոցառումների առնչությամբ:

Միեւնույն ժամանակ՝ Կոնգրեսը փաստաթղթի 7-րդ կետում նշում է լուծման կարոտ խնդիրներ: Մասնավորապես՝ խոսվում է այն քաղաքացիների մասին, որոնք արդեն չեն ապրում Երեւանում, բայց մնում են ընտրացուցակներում եւ սա դիտվում է հնարավոր չարաշահումների աղբյուր:

Խնդրահարույց է համարվում ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը, նկարահանումների ակտիվ գործընթացը եւ տեղական դիտորդների մեծ քանակը: Շեշտադրված է նաեւ ընտրատեղամասերում բջջային հեռախոսների օգտագործումը՝ հատկապես ձայների հաշվարկի ժամանակ:

ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը տեղեկացվել է ճնշումների մասին, որոնք իրականացվել են պետական ծառայողների կողմից, որպեսզի ընտրողները քվեարկեն որոշակի ձեւով, եւ դարձյալ լսել են պնդումներ ընտրակաշառքի մասին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Կոնգրեսը փաստաթղթի 8-րդ կետում կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ նախ հստակեցնել Ընտրական օրենսգիրքն այն առումով, որ բնակության վայրը դիտվի իբրեւ տեղական մակարդակով քվեարկության իրավունքի համար նախապայման:

Օրենսգրքում առաջարկվում է փոփոխել նաեւ այն դրույթները, որոնք վերաբերում են տեղական դիտորդների, վստահված անձանց եւ ԶԼՄ-ների՝ ընտրատեղամասերում նկարահանման հնարավորությանը. «Որպեսզի դադարեցվեն քվեարկության օրը ակտիվ նկարահանումները, ինչը կարող է առաջացնել ընտրողների անվստահությունը՝ խիստ վերահսկվող ընտրական գործընթացի առնչությամբ»:

Առաջարկվում է նաեւ սահմանափակել ձայների հաշվարկի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման հնարավորությունը՝ ընտրական գործընթացի խոչընդոտման պրակտիկան բացառելու համար:

Եվ փաստաթղթի 10-րդ կետն է. «Կոնգրեսը համոզված է, որ չնայած Հայաստանի Ընտրական օրենսգիրքը կարող է ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, բայց միայն օրենսդրությունն այն չի կարող երաշխավորել: Ելնելով սրանից՝ Կոնգրեսը կոչ է անում ՀՀ իշխանություններին ամբողջությամբ եւ պատշաճ կերպով իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրություններին առնչվող օրենքների այլ դրույթները»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031